Թող բոլոր ջանքերը ներդնեն Արցախը վերադարձնելու համար, ոչ թե ինչ-որ տիտղոսներ կամ կոչումներ չեղարկելու. Գործիչները՝ որոշման մասին

«Ես նման նախարարություն չեմ ճանաչում, որ նրանց որոշումներն էլ ճանաչեմ»,- «Մեդիալաբին» ասում է  ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ խոսելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստների, ինչպես նաև ժողովրդական և վաստակավոր նկարիչների կոչումները:

Կառավարության որոշման այս նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: 

«Որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից»,-նշված է նախագծում:

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից: 

Նախարարության որոշմամբ, սակայն, կպահպանվեն «արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները, որոնք, ըստ ԿԳՄՍ նախարարության՝ կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:

«Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ`  նեղ միջանձնային հարթությունում»,-նշվում է նախագծում:

Հրանտ Թոխատյանը, որն 2015 թվականին արժանացել է  Հայաստանի ժողովրդական, իսկ 2006թվականին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման հրաժարվեց մեկնաբանություններից: 

«Այդ թեման ինձ չի հետաքրքրում»,-«Մեդիալաբին» ասաց Թոխատյանը: 

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը ևս չցանկացավ խոսել նոր որոշման մասին:

«Նման որոշման մասին տեղյակ չեմ, ձեզնից լսեցի: Անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ այդ մասին խոսելու»,- «Մեդիալաբին» ասաց Նունե Եսայանը: 

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանն նախարարության որոշումը համարեց «անիմաստ ինչ-որ բան»:

«Թող բոլոր ջանքերը ներդնեն Արցախը վերադարձնելու համար, ոչ թե ինչ-որ տիտղոսներ կամ կոչումներ չեղարկելու: Արտիստը սիրվում է ժողովրդի կողմից, ընդունվում՝ վե՛րջ, նա ժողովրդինն է, դրանով չեն խլելու արտիստին ժողովրդից: Գլխավոր հարցը հիմա դա՞ է, հրատապ լուծում ա՞յդ հարցն էր պահանջում, անիմաստ ինչ-որ բան են անում, որոշում կայացնում, իմիտացիա ստեղծում, թե աշխատում են: Երկրի առջև ծառացած կարևոր խնդիրները թող լուծեն, Արցախը վերադարձնեն»,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am