Հայաստանում 42 դպրոց քովիդի տարածման պատճառով անցել է հեռավար կրթության

Չնայած Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը կրկին սրվել է, և քովիդով վարակվածության նոր դեպքերի օրական թվերը սկսել են գերազանցել հազարը, առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում դպրոցներում և բուհերում դասերը հեռավար անցկացնելու որոշում ընդունել։

ԱՆ-ից՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռ նման որոշում չի ստացել պատասխանատու գերատեսչությունից։

«Երբ կլինի առողջապահության նախարարի ցուցումը այդ մասով, կհրապարակենք»,- «Մեդիալաբին» ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։ 

Այնուամենայնիվ, հանրապետությունում կան դպրոցներ, որոնք արդեն անցել են ամբողջական կամ մասնակի հեռավար դասապրոցեսի, քանի որ քովիդով վարակվածների թիվն այդ դպրոցներում շատ է։

«Այժմ 7 դպրոց է, որ ամբողջովին անցել է հեռավար կրթության, մոտավորապես 35 դպրոց էլ մասնակի է անցել հեռավար կրթության, այսինքն՝ դասարաններում է համավարակի բռնկում, ողջ դպրոցը չէ»,- «Մեդիալաբին» ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

Ազատյանը չի բացառում, որ այս թվերը կավելանան, որովհետև մարզերի դպրոցներից էլ են համապատասխան տեղեկատվություն խնդրել, բայց առայժմ պատասխան չեն ստացել։

«Ամբողջովին հեռավար դասապրոցեսի անցած դպրոցները մայրաքաղաքի  համար 190 ավագ, համար  54 ավագ, համար 159 ավագ, համար 29 ավագ, «Հայ կրթություն» մասնավոր, համար 147 հիմնական  դպրոցներն են։ Սա գուցե բացատրվում է նրանով, որ այստեղ մարդկանց կուտակումներն ու շփումն ավելի շատ են»,- ասում է Սուսաննա Ազատյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am