«Եթե Հայաստանը մի փոքր պայմաններ ստեղծի, առնվազն 5-10 հազար լիբանանահայեր կգան». Սագօ Արեան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է լիբանանահայ մեկնաբան Սագօ Արեանը

Պարոն Արեան, Լիբանանում լարված իրավիճակին զուգահեռ նոր անհանգստության ալիք է բարձրացել վերջին պայթյունի հետևանքով։ Ի՞նչ իրավիճակ է ներկայումս երկրում։

– Նախ պետք է ասեմ, որ սա սարսափելի աղետ էր, որովհետև որքան ես հետևել եմ, Լիբանանի պատմության ընթացքում Բեյրութում նման պայթյուն չէր որոտացել։ Եվ հետևանքները բոլոր առումներով՝ հոգեբանականից սկսած մինչև ֆինանսական ու մարդկային կորուստներ, գերակշռելի են, և իրավիճակը կարելի է համարել աղետ։

Զուգահեռ նկատեցինք, որ աշխարհն իր խնդիրները մի կողմ դրած՝ հետևեց այդ իրավիճակին։ Նաև աղետին զուգահեռ տեղի ունեցավ աննախադեպ համախմբում տարբեր պետությունների կողմից, հատկապես նրանց, ովքեր քաղաքական կարևոր ներկայություն ունեն Մերձավոր Արևելքում, հատկապես Լիբանանում։

Այդ համախմբումը կարծես թե օգնեց, որ Լիբանանը դուրս գա քաղաքական ու տնտեսական բլոկադայից, որին ենթարկվում էր նախքան անցած հոկտեմբերի 17-ի հեղափոխությունը, որի հիմնական նպատակն այսօր էլ մնում է նույնը՝ տապալել Լիբանանի քաղաքական իշխանություններին։

Սրան զուգահեռ պետք է շեշտել, որ տնտեսական բլոկադան արհեստածին է, և ճնշումներն ունեն քաղաքական պատվեր, որի նպատակն է ընկճել «Հզբոլահը», տանել «Հզբոլահը» զինաթափման, որը նույնիսկ կարող է հանգեցնել ներքաղաքացիական բախումների կամ տարողունակ ռազմական զարգացումների, որովհետև «Հզբոլահը» ոչ մի առիթով չի ասել ու չի ասելու, որ ինքը պատրաստ է զինաթափվելու։

– Ի՞նչ վիճակում է հայկական համայնքը, ի՞նչ խնդիրներ ունեն մարդիկ այնտեղ, Հայաստան տեղափոխվելու տարբերակը դիտարկո՞ւմ են։

– Վերքը դեռ շատ թարմ է, և մարդիկ չեն գիտակցում, թե ինչ աղետի առջև են իրենք կանգնած։ Ճիշտ է, քաղաքացիների մեծ մասը հույսեր ունի, որ այդ տագնապը կլինի վերջինը, և Լիբանանը նորից ոտքի կկանգնի, սակայն զուգահեռ կա նաև մեծ հիասթափություն, որովհետև Լիբանանի այս գողգոթաներն ավարտ չունեն։

Հայկական համայնքը Լիբանանում ձևավորվել է 1920-30-ականներին, և այսօր այդ համայնքի ներկայացուցիչների բարեկամները, մերձավորները լքել են Բեյրութը 1975 թվականի քաղաքացիական պատերազմի օրերին։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր մերձավորներ ունեն Ամերիկայում, Կանադայում, ամենուրեք, անպայման պիտի փորձեն հեռանալ Լիբանանից։ Երիտասարդների մի խավ կա, որոնք իրենց փրկությունը նաև տեսնում են Հայաստանում՝ համոզված լինելով, որ Արևմուտքում ներկայումս շատ բարդ է իրավիճակը, շատ բարդ է այնտեղ սովորել, կյանքը դասավորել։

Այս ամենին զուգահեռ չենք կարող ասել, որ համայնքը պետք է ամբողջությամբ փլուզվի։ Կա մի կորիզ, որը միշտ մնալու է այնտեղ, ինչքան էլ դժվարություններ լինեն ու տհաճ իրավիճակներ ստեղծվեն։

Եվ ես կարծում եմ, որ այստեղ պետք է աշխատի եգիպտահայ համայնքի մոդելը՝ գաղութը կպահպանի իր կառույցները, սակայն թիվը կնվազի։ Եվ դա, անշուշտ, կունենա ազդեցություն գաղութի՝ քաղաքական միավոր լինելու հանգամանքի վրա։ Այսինքն՝ երբ թիվը նվազում է, քիչ թվով մանդատներ ես ստանում խորհրդարանում, քիչ թվով նախարարներ ունենալու իրավունք ես ունենում։ Լիբանանահայ գաղութը կդառնա ավելի նվազ ազդեցություն ունեցող համայնք։

Այնինչ լիբանանահայ առաքելական համայնքը ներկայումս համարվում է երկրի յոթերորդ կարևոր համայնքը։ Դրա համար ունի առանձնահատուկ իրավասություններ՝ սկսած խորհրդարանում ստացած մանդատներից, վերջացրած կառավարությունում նախարարների թվով։

Լիբանանից քանի՞ հայ է եկել Հայաստան այս ընթացքում։

– Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ մոտ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան։

– Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունելու լիբանանահայերին, ի՞նչ եք կարծում՝ զանգվածային հոսք կլինի՞։

– Եթե Հայաստանը մի փոքր պայմաններ ստեղծի, ես վստահեցնում եմ, որ առնվազն 5-10 հազար լիբանանահայեր կգան Հայաստան։ Սակայն մինչև հիմա հստակ տեղեկություններ չկան։

Լիբանանահայերի մոտ խանդավառություն կա, հատկապես միջին խավի մոտ, անպայման ուզում են գալ Հայաստան։ Ես չեմ կարող ասել, թե նրանցից քանիսը կգան, բայց իրենք սպասում են ինչ-որ օգնության, գործնական քայլի, որը մինչև այսօր չկա։ Միայն կոչը բավարար չէ։

– Ի՞նչ աջակցության կարիք ունեն Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող լիբանանահայերը։

– Առնվազն տոմսի փող պետք է հատկացնել, երկրորդ՝ բնակության վայրի խնդիրը պետք է լուծել՝ առնվազն մեկ տարվա համար, հետո աշխատանքով ապահովել։ 

– Նրանք խնայած գումարներ չունե՞ն, որպեսզի իրենց միջոցներով Հայաստանում անշարժ գույք գնեն։

– Ո՞նց պետք է միջոցներ ունենան, եթե իրենց բոլոր փողերը՝ 10 հազարից մինչև 100 հազար դոլար, մնացել են պետական կալանքի տակ։ Մարդիկ գնում են բանկ, իրենց ասում են՝ չենք կարող քեզ փող տալ։ Ինչո՞ւ, որովհետև պետությունն այդ գումարներն օգտագործել է ու փակել իր պարտքի տոկոսները։

Լիբանանահայերը միշտ լավ են ապրել, բավարարված վիճակում են եղել, բայց այսօր մինչև Իրան-ԱՄՆ խնդիրների լուծման նոր հեռանկար չլինի, ես բացառում եմ, որ մերոնք կարողանան փող բերել այնտեղից։ Օրինակ՝ իմ քույրը շատ է ուզում առնվազն 30 հազար դոլարանոց բնակարան գնել Երևանում, բայց հիմա միջոցներ չունի։

Ես կարծում եմ, որ այսօրվանից մինչև մեկ կամ մեկուկես տարի այս գործընթացները կաշխուժանան, մարդիկ, որոնք ունեն բարեկամներ, նրանց օգնությանը կդիմեն, որպեսզի ինչ-որ ձևակերպումներով՝ որպես փախստական գնան Լիբանանից։ Բայց դա նաև կախված է նրանից, թե Լիբանանի իշխանությունները թույլ կտա՞ն, որ քրիստոնյա համայնքները նվազեն։ Դա էլ է կարևոր։ Բայց ես կարծում եմ, մի որոշակի խավ, որը որոշել է դուրս գալ, անպայման կհեռանա Լիբանանից։ 

– Լիբանանի հայ համայնքի թիվը ներկայում որքա՞ն է։

– Իմ կարծիքով՝ համայնքի թիվը 60-80 հազար է։ Սրան պետք է ավելացնել մոտ 10-15 հազար սիրիահայերին, ովքեր տեափոխվել էին Լիբանան։ Այսինքն՝ Լիբանանում ապրող մոտավորապես հարյուր հազարանոց հայ համայնք կա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am