«ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» կերազեին Ռուսաստանին բերել մեզ վրա, որպեսզի Ռուսաստանի ձեռքերով բավարարեն իրենց ներքաղաքական ախորժակը». քաղաքագետ

Լոսանկարը՝ Media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ կանի ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները և այլն։ Ինպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ի՞նչ ուղերձներ է այն պարունակում Մոսկվայի համար։

– Ըստ էության՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել Ռուսաստանում կարևոր իրադարձության լուսաբանում, լուսաբանվել է և՛ պաշտոնական դիրքորոշումը, և՛ նաև այն մարդկանց դիրքորոշումը, որոնք դեմ են եղել այդ հարցադրմանը։ 

Իսկ Ռուսաստանում այդ քվեարկության մասնակիցների մեկ քառորդն է, որոնց կարծիքն արտահայտել է Ալեքսեյ Նավալնին։ Եվ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կատարել է իր պարտականությունները իր հարկատուների նկատմամբ՝ տեղեկացնելով, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Եվ դա արել է ազատ և անաչառ լրագրության միջազգային չափանիշներին համապատասխան։

– Ինչո՞ւ այսքան հրատապ եղավ այսպիսի հայտարարությունը, ինչո՞ւ հենց հիմա ռուսական ռազմաբազայի մասին խոսեց Ծառուկյանը։ 

– Պարոն Ծառուկյանը խոր թյուրիմացության մեջ է, ի՞նչ կապ ունի այս ամենը ռուսական բազայի հետ։ Ո՞վ է բազայի անուն տվել ընդհանրապես դրական և բացասական իմաստով։ Խոսքն ընդամենը Նավալնիի կարծիքը արտացոլելու մասին է։ 

Դա մեր Հանրային հեռուստաընկերության պարտականությունն է ունկնդիրների և հեռուստադիտողների հանդեպ, ինչն էլ նա կատարել է։ Այս ամենը սկսվեց նրանից հետո, երբ Վլադիմիր Սոլովյովը՝ մի այլ ռուս հեռուստամեկնաբան, դժգոհություն արտահայտեց, թե ինչպես կարելի է և այլն։ 

Կներեք, իսկ որտե՞ղ է գրված, որ պարոն Սոլովյովը պետք է որոշի Հայաստանում՝ ինչ են ցույց տալիս կամ ինչ չեն ցույց տալիս, մանավանդ որ իրենց հեռուստաընկերությունը Նավալնիի դիրքորոշման մասին հաղորդել է։ 

Դա էլ ըստ երևույթին Հայաստանի նախկին մերժված, կոռումպացված, պետությունը զավթած մնացուկների կողմից, չգիտես ինչու, ընկալվեց, որպես ինչ-որ ազդանշան, ըստ որի՝ նրանք պետք է դուրս գան և սկսեն տարփողել հայ-ռուսական հարաբերությունները վտանգված լինելու մասին, քննադատել Հանրային հեռուստաընկերությանը, անվանել հակապետական և հարձակվել Հայաստանի իշխանության վրա։

Նույն բանն անում է Ռուսաստանի հայերի միություն կոչվող կազմակերպությունը, որը մի խայտառակ, ստորաքարշ ու անարժանապատիվ հայտարարություն է տարածում: Որոշ կուսակցություններ էլ, չգիտես ինչու, հարկ համարեցին «դիրքորոշում» հայտնել սրա հետ կապված, կարծես չգիտեմ ինչ է տեղի ունեցել, և չգիտես ինչու իրենց թվացել է, թե իրենց կարծիքը հետաքրքիր է Հայաստանի հանրությանը: 

– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն: Ձեր կարծիքով՝ այս երեք ուժերն այս պահին ունե՞ն Ռուսաստանի աջակցությունը: 

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը»  կերազեին Ռուսաստանին, կոպիտ ասած, բերել մեզ վրա, որպեսզի Ռուսաստանի ձեռքերով բավարարեն իրենց ներքաղաքական ախորժակը: Բայց մենք տեսնում ենք՝ իրականությունն այդպիսին չէ: Նրանք որևէ դեր չունեն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում, նրանք լավագույն դեպքում եթերային աղմուկ են ապահովում, ոչ ավելին:

– ԲՀԿ-ն և մյուս ուժերը բողոքի հանրահավաքներ կազմակերպելուց են խոսում, ՀՀ Կառավարության հեռացումից են խոսում: Նրանք որևէ կերպ չեն կարող հաջողել, եթե նույնիսկ արտաքին միջամտությո՞ւն լինի:

– Ես չեմ հասկանում, թե ի՛նչ արտաքին միջամտություն կարող է լինել և ո՛նց է դա լինելու, որովհետև Հայաստանի հանրությունը դա պարզապես չի հանդուրժի: Ես մեկ-մեկ զարմանում եմ այդ մարդկանց քաղաքական կուրության ու քաղաքական խլության վրա: 

– Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք ամեն ինչ հա՞րթ է:

– Այդ հարաբերությունները աշխատանքային վիճակում են: Հայաստանն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ, Ռուսաստանն ունի իր բազմաթիվ ներքին խնդիրներ, և ես չունեմ այն տպավորությունը, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ռուսաստանի համար կենաց-մահու հարց է: 

– Նկատի ունեք հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճա՞կը:

– Ընդհանրապես, ասենք, Նավալնիին ցույց տվեցին թե չտվեցին, Պուտինն իր գործերը պետք է մի կողմ դնի ու զբաղվի դրանո՞վ: Մեծ հաշվով և ըստ էության, սա փոթորիկ է մի բաժակ ջրում, աղմուկ ոչնչից: 

Կարելի է ասել նաև, որ սա ինքնալյուստրացիայի մի զանգվածային ակտ էր, որի համար պետք է շնորհակալություն հայտնել մեր Հանրային հեռուստաընկերությանը, որ այդ ինքնալյուստրացիան կազմակերպեց:

Մանե Հարությունյան

MediaLab.am