Մայքլ Ջեքսոնի երգերը՝ քանոնով և դհոլով. Քրիստինե Հովսեփյանը և Գոհար Քեշիշօղլյանը համատեղել և համադրել են անպատկերացնելին

20-ամյա դհոլահար Քրիստինե Հովսեփյանը և 22-ամյա քանոնահար Գոհար Քեշիշօղլյանը, կորոնավիրուսի օրերին ազատ ժամանակ ունենալով, որոշել են կյանքի կոչել համատեղ երաժշտական կատարում ունենալու գաղափարը։ Երիտասարդ երաժիշտները համադրել են քանոնը և դհոլը ու հանդես եկել երաժշտական տեսանյութով։

«Շատ քիչ ենք հանդիպել, փորձեցինք մի բան անել ու զբաղվել։ Միասին նվագելու փորձ էլ չէինք արել, Գոհարն իրենց տնից է ձայնագրվել, ուղարկել ինձ, ես մեր տնից եմ ձայնագրվել, երաժշտական միքսը արեցի, ծրագրին որոշ չափով տիրապետում եմ։ Տեսանյութը նկարահանել ենք հեռախոսով, օգնել է քույրիկս, այնուհետև ես մոնտաժել եմ։ Մեր ուժերով ենք ամեն ինչ արել»,- պատմում է Քրիստինե Հովսեփյանը։ 

Թեպետ երիտասարդ երաժիշտները վստահ էին, որ ազգային նվագարանների համադրությունը հաջողություն կունենա, քանի որ նախկինում փորձեր կատարել էին, սակայն նման ծավալի արձագանքն անակնկալ էր նաև իրենց համար։ Սոցիալական մեդիայում տեսանյութի դիտումների թիվը հատել է 65000-ի սահմանը, տարածվել է ավելի քան 1100 օգտատերերի կողմից, դրական արձագանքները անընդմեջ չեն դադարում։

«Իրոք չէինք սպասում, որ այս աստիճանի արձագանք կլինի, րոպե առ րոպե կիսումներն ու դիտումները ավելանում են»,- ուրախությամբ ասում է Հովսեփյանը։

Քրիստինե Հովսեփյանը և Գոհար Քեշիշօղլյանը տարիներ առաջ ծանոթացել են «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբում, այնուհետև տարբեր ծրագրերի շրջանակում ելույթ ունենալուց հետո մտածել են, որ կարող են համադրել ազգային նվագարանները և նպաստել դրանց ճանաչելիությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս։

«Ես Քրիստինեին շատ-շատ եմ հավանել որպես թմբկահարի և դհոլահարի, որպես երաժշտի, նրա կատարողական ոճը։ Ինքն էլ՝ իմ կատարումները։ Փորձեցինք միասին հանդես գալ, ներկայացնել մեր նվագարանները՝ առանց ժանրային սահմանափակման, որպեսզի մեր սիրելի նվագարանները թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս սիրվեն, մենք էլ նպաստենք այդ գործին»,- պատմում է Գոհար Քեշիշօղլյանը։

Դհոլահար Քրիստինե Հովսեփյանը ասում է, որ սկզբում շատ էր լսում ծանոթների, բարեկամների մեկնաբանություններ, թե այն գործիքը, որ նվագում է՝ հարմար չէ, սազական չէ աղջկան, սակայն դա չի խանգարել, որ մասնագիտանա այդ ասպարեզում։ Ասում է, որ երազել է ունենալ նաև դհոլահար աղջիկների խումբ, ինչն արդեն իրականություն է, և շուտով նաև տեսահոլովակ կլինի։

Գոհար Քեշիշօղլյանի հետ համատեղ աշխատանքին անդրադառնալով՝ նշում է, որ ընտրել են այնպիսի ոճ, որ հեշտությամբ փորձի ընկալել թե՛ օտարերկրացին, թե՛ տեղացին, թե՛ երիտասարդները, թե՛ ոչ երիտասարդները։

«Սկսեցինք արտասահմանյան երգերից, ցանկացանք ցույց տալ, թե հայտնի երգերում ինչքան գեղեցիկ կարող են հնչել ազգային նվագարանները։ Մայքլ Ջեքսոնի գործը մեր առաջինն էր։ Երկրորդն ընթացքի մեջ է»,- ասում է քանոնահար Քրիստինե Հովսեփյանը։ 

Դիտեք և գնահատեք: Գոհար և Քրիստինե – They don't care about us ( Michael Jackson cover )Հայկական քանոն, Հայկական դհոլ. այս երկու երաժշտական գործիքներն ունեն անսահմանափակ հնարավորություններ, որոնք այսուհետ ներկայացվելու են տարբեր ձևաչափերում, առանց ժանրային սահմանափակման: Նախաձեռնության նպատակն է այս երկու իրարից տարբեր գործիքները բարձրացնել միջազգային բարձրագույն հարթակներ: Բարի դիտում…

Posted by Qristine Hovsepyan on Sunday, July 12, 2020

Ասում են, որ ամենասկզբից որոշել էին, որ իրենց գործունեությունը լինելու է շարունակական, և առաջիկայում ծրագրում են նոր տեսանյութով հանդես գալ։

«Գրեթե ավարտին ենք հասցնում մեր գործունեության նոր արդյունքը, դա երկու շաբաթվա ընթացքում հանդիսատեսի դատին կներկայացնենք, հուսանք՝ դուր կգա, ավելի ընդգրկուն է լինելու»,- նշում է Գոհար Քեշիշօղլյանը։

Ասում են, որ չնայած կորոնավիրուսը վատ կողմեր ունեցավ, աշխատանքը կանգնեց, սակայն հնարավորություն տվեց մինչ այդ ունեցած գաղափարները իրագործելու։

«Մեկուսացումը շատ տխուր հետևանքներ թողեց արվեստի ասպարեզի վրա։ Մինչև կորոնավիրուսը մենք երեք քանոնահարներով այդպիսի ձևաչափ էինք ընտրել, աշխատում էինք ռեստորանում, շատ սիրում էինք մեր աշխատանքը, բոլոր երաժշտական ժանրերով փորձում էինք հանդես գալ, ու հետաքրքիր արձագանք էր ստացվում օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից։ Ցավոք սրտի, դադարեցվեց։ Ես ինչքան ընկերներ ունեմ, որ աշխատել են, բոլորն անգործ նստած են: Լավ կողմն այն է, որ ավելի շատ ժամանակ ունեցանք մեր մասնագիտությանը տրամադրելու համար»,- ասում է Գոհար Քեշիշօղլյանը։

Երիտասարդ երաժիշտ աղջիկները ստեղծագործող գործընկերներին խորհուրդ են տալիս չընկճվել համավարակի ընթացքում, համբերատար լինել, այս ընթացքում փորձել ավելի խորացնել գիտելիքները, որպեսզի կորոնավիրուսի ավարտից հետո նոր թափով հնարավոր լինի վերսկսել աշխատանքները։

«Բացարձակ պետք չի կոտրվել, ամեն ինչ ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը, ուղղակի կարելի է էս ամեն ինչի լավ կողմը ավելի շատ աչքի տակ պահել, քան վատը, սա ահագին մեծ ժամանակահատված էր, որ մեր սովորական առօրյայից մեզ կտրեց, բայց մեզ հնարավորություն է տալիս թեկուզև նոր մասնագիտություն ձեռք բերելու, թեկուզև նոր հոբբիներ բացահայտելու»,- նշում է Գոհար Քեշիշօղլյանը։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am