Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի 73 քաղաքացիական անձ է պայթել ականի վրա, նրանցից 24-ը՝ մահացել

Արցախի գրավյալ տարածքներում 44-օրյա պատերազմից հետո ականի վրա պայթել է 73 քաղաքացիական անձ, որից 49-ը տարբեր վնասվածքներ է ստացել, 24-ը՝ մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ականզերծման գործակալությանը, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ ականի վրա պայթելու դեպքերի 51 տոկոսը տեղի է ունեցել Արցախի գրավյալ տարածներ անօրինական այցերի արդյունքում, 26 տոկոսը՝ ականազերծված գծանշված տարածքից դուրս գալու։

Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախի գրավյալ տարածքներ անօրինական այցելություններից։ Տվյալներ չեն հաղորդվում ականի վրա պայթելու հետևանքով զոհված ու վիրավորված զինծառայողների մասին։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, ընդհանուր առմամբ, պատերազմից հետո 180 ադրբեջանցի է պայթել ականի վրա։