Միայն այն, որ ՔՊ-ն դիմում է հանրապետականների «բարի» ավանդույթներին, նշանակում է՝ իրենց շանսերն այդքան բարձր չեն գնահատում. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, ավագանու ընտրությունների քարոզարշավին քաղաքական ուժերը մասնակցում էին քաղաքայի՞ն, թե՞ քաղաքական օրակարգով:

– Ե՛վ, և՛, կիսատություն կար ողջ քարոզարշավի մեջ: Եթե նայում ենք կառավարող ուժին, նա, բնականաբար, շեշտը դրել է քաղաքային խնդիրների վրա ու ամեն կերպ խուսափում էր անվտանգային հիմնախնդիրներին, Արցախի հետ կապված հարցերին պատասխանելուց: 

Եթե սա անվանենք միայն քաղաքային օրակարգ, սուտ կլինի, որովհետև նշածս հարցերին պատասխանելուց հրաժարվելը նույնպես քաղաքականություն է: Այն քաղաքական գիծը, որ տանում է կառավարող ուժը Արցախի ու անվտանգային խնդիրների հետ կապված, մերժողականությունն է, որը շարունակվեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Այսինքն՝ ակնհայտ էր և՛ քաղաքային, և՛ քաղաքական օրակարգը, նույնը վերաբերում է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք փորձում են այլընտրանքներ առաջարկել, այսինքն՝ բոլորի օրակարգն էլ հետևյալն է. Երևանի քաղաքապետի ընտրությունները պլացդարմ է լինելու խորհրդարանական հաջորդ ընտրությունների համար:

– Ո՞ր քաղաքական ուժի հաղթելու շանսերն եք բարձր գնահատում:

– Չեմ կարող ասել, բայց շատ էական ու կարևոր է ողջ պետության համար, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չտանի:

– Գործող իշխանության շանսերը բավարար չե՞ք համարում հաղթանակի համար:

– Միայն այն հանգամանքը, որ իրենք դիմում են խուժանի ակտիվացմանը, վարչական ռեսուրսների կիրառմանը, իսկ դրանք հանրապետականների «բարի» ավանդույթներն էին, նշանակում է, որ իրենք էլ իրենց շանսերն այդքան բարձր չեն գնահատում: 

Տարիներ առաջ, երբ ասում էինք, որ վիշապին հաղթողն ինքն է դառնալու վիշապ, եթե համակարգը չփոխի, սա նկատի ունեինք: Համակարգը չփոխեցին, ու այսօր իրենք ընտրակեղծարարներ են, հանցագործներ, ու արդեն այսօր մեր քաղաքացու առաջ խնդիր է դրված՝ ձերբազատվել «Քաղաքացիական պայմանագրից» ու Նիկոլ Փաշինյանից, որովհետև իրենք դարձել են Հանրապետական ու Սերժ Սարգսյան: 

– Քաղաքացին այդքանը գիտակցո՞ւմ է, պարո՛ն Սահակյան:

– Իհարկե, կա լուրջ դժգոհություն: Մենք հիմա շփվում ենք հանրության ամենատարբեր շերտերի հետ՝ սկսած պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացի, բոլորը հասկանում են, որ այս ամենի համար մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած ներքին ու արտաքին ստորացուցիչ քաղաքականությամբ: Հիմա ես եմ ձեզ հարցնում՝ գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ:

– Իսկ այդ գիտակցմանը համապատասխան գործողություններ արվո՞ւմ են:

– Շատ թույլ դրսևորումներ են առայժմ, որովհետև քաղաքացին, ինչպես նաև մնացած ակտիվ քաղաքական գործոնները շատ լավ գիտակցում են, որ այդ սահմանային անկայուն վիճակը՝ անվտանգային խնդիրները, լրջագույն մարտահրավերներ են, ու եթե ներսում դու ինչ-որ վայրիվերումներ սկսես, չկա երաշխիք, որ թշնամին դրանից չի օգտվի:

– Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն այսօրվա հանրահավաքին ինչո՞վ է պայմանավորված:

– Իրենք շատ լավ տիրապետում են սոցհարցումների տվյալներին, գիտեն, որ ցածր ցուցանիշ ունեն, ու ամբողջ ռեսուրսը կենտրոնացնում են հաղթանակի համար: Նույնն է, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում:

– Հետընտրական գործընթացների սպասե՞նք, թե՞ ոչ՝ անկախ արդյունքներից:

– Իհարկե դրանք չեն լինելու հետընտրական, որովհետև պետության առաջ կան անվտանգային լրջագույն խնդիրներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» ձախողել է քաղաքացու ու պետության անվտանգության ապահովման հիմնական գործառույթը: Անկախ ամեն ինչից՝ լինելու են զարգացումներ, ու «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման գործընթացներ են լինելու, խմորումներն արդեն կան:

– Հաջողության կհասնե՞ն այդ քայլերը, թե՞, ինչպես նոյեմբերի 9-ից հետո եղած շարժումները, այդպես էլ նպատակին չեն հասնի:

– Նոյեմբերի 9-ից հետո պայքարում էին հակապետական գործիչներ ու հինգերորդ շարասյունը, ու իրենք հասան իրենց նպատակին, այն էր՝ թողնել Փաշինյանին, ու դրա համար իրենք արեցին ամեն ինչ: 

Հիմա այլ ուժեր են դուրս գալու պայքարի, օրինակ՝ դաշնակցականներից, Քոչարյանից, հանրապետականներից ինչ-որ բա՞ն եք սպասում: Նույն համակարգն են, պասերով վերարտադրվում են, որպեսզի տանք ու պրծնենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am