ՀԱԿ հայտարարությունը Բանակի օրվա առթիվ

ՀԱԿ հայտարարությունը Բանակի օրվա առթիվ
ՀԱԿ հայտարարությունը Բանակի օրվա առթիվ

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամնակարեւոր դրվագներից մեկն է հայկական բանակի՝ անկախ պետականության առանցքային հիմնասյունի ստեղծումը։
Այն ծնունդ առավ արդեն իսկ փաստական պատերազմական պայմաններում՝ որպես ողջ ժողովրդի փայփայանքի առարկա։  Հայաստանի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման իր քննությունը բանակը, ըստ էության, հանձնեց իր կազմավորմանը զուգահեռ։
Աննախադեպ հաջողությունների հիմքում բանակի երեք բաղադրիչների՝ արդեն գործող երկրապահ ջոկատների, խորհրդային բանակից Հայաստան հրավիրված հարյուրավոր հայազգի կադրային սպաների եւ զորակոչի ենթակա քաղաքացիների համատեղումն ու փոխլրացումն էր, ինչը իրականություն դարձավ քաղաքական իշխանության հմուտ ղեկավարության ու ճշգրիտ քայլերի շնորհիվ։

Հայ Ազգային Կոնգրեսը Հայկական բանակի ծննդյան 19-րդ տարեդարձի առիթով շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայական կազմին, գեներալներին ու ողջ հայ ժողովրդին։

Շնորհավորում ենք նաեւ բանակի կայացման ու հաղթանակների գործում ավանդ ունեցող մեր այն ընկերներին, ովքեր այսօր քաղբանտարկյալ են՝ իրենց սկզբունքներին անդավաճան մնալու բերմամբ։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։

Միաժամանակ, Հայ Ազգային Կոնգրեսը ցավով է արձանագրում այն փաստը, որ իր կազմավորման առաջին տասնամյակում լավագույն ավանդույթներ որդեգրած պետական այս կառույցը հետզհետե կորցնում է իր որակները։

Դրա անհանգստացնող դրսեւորումներն են ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւնքով ողբերգական դեպքերը բանակում, որին զոհ են գնում զինծառայողները։

Դրա անհանդուրժելի օրինակն է իշխող ապօրինի վարչախմբի կողմից բանակը ներքաղաքական խնդիրների լուծման համար օգտագործելը (ինչի բարձրակետը 2008թ. Մարտի 1-ն էր), որ Սահմանադրության կոպտագույն խախտում եւ հանցագործություն լինելով՝ բարոյազրկում է բանակը։

Համոզված ենք, որ ինչպես ժամանակին համաժողովրդական ուշադրությունը դարձավ բանակի կայացման կարեւոր պայմաններից մեկը, այնպես էլ այժմ նույնպիսի համաժողովրդական անհանդուրժողականությունը եւ զգոնությունը կօգնի բանակը վերադարձնելու իր նախկին որակներին ու օրինական գործառույթներին։