«Պողպատյա մանդատը 2018-ին էր ժողովուրդը տվել, բայց իրենք այն թավիշի վերածեցին, որը կոտրվեց բոլորիս գլխին». կառավարման փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը

Պարո՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենց կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը, ինչը լեգիտիմ է: Ի՞նչ եք կարծում, հետայսու այս իշխանության կառավարման որակը, կադրային քաղաքականությունը կբարելավվի՝ հաշվի առնելով նաև դեռ առաջին կադրային փոփոխությունը:

– Արսեն Թորոսյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելը կադրային ռեֆորմ չեմ համարում, բայց երբ խոստովանում է, որ այդ քննադատությունները ճիշտ են եղել՝ գովելի է: Բայց վստահ չեմ, որ այդ հայտարարությանը կհետևեն կառավարման արդյունավետ դրվագներ կամ ճիշտ կադրային նշանակումներ: Կզարմանամ, եթե այդպիսի բան լինի:

Պետք է այդ քաջությունը, խիզախությունն ունենան և իրենց շրջապատեն համապատասխան որակավորում, փորձառություն և գիտելիք ունեցող մարդկանցով, իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ տրամադրվածությունը չի երևում, միշտ ժամանակավոր և ոչ այդքան արդյունավետ նշանակումներ է կատարում:

Հեղափոխությունից հետո այս ընդհանուր տապալման պատճառը կառավարման շատ պրիմիտիվ լինելն էր, շատ աղետալի սխալներ թույլ տվեցին, եթե հիմա կտրուկ չփոխեն իրենց ոճը՝ նորից խնդրի առաջ ենք կանգնելու: Միայն գյուղական ճանապարհներն ասֆալտ անելով հարց չի լուծվի:

– Ինչու՞ վստահ չեք, որ իշխանությունը կադրային ու կառավարման նոր որակ կապահովի, որովհետև չունի՞ այդ պոտենցիալը, թե՞ բացի իր թիմակիցներից, ուրիշ ոչ մեկի չի վստահում Նիկոլ Փաշինյանը, որքան էլ նրանք պրոֆեսիոնալ լինեն:

– Ձեր մատնանշածները, այո՛, պատճառներ են: Հիմնականում, երևի այն, որ չունի ստաբիլ թիմ կամ թիմում պատեհապաշտ մարդկանց լինելը, որոնց այդ պահին վստահում և նշանակում են պատասխանատու պաշտոնների, բայց համապատասխան մասնագիտական փորձ չունեն:

Չեմ բացառում նաև ձեր նշած երկրորդ հանգամանքը: Բայց բոլորը չէ, որ քաղաքականացված են:

Այսօր էլ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են իրենց փորձով ու արդյունավետ աշխատանքով կոնկրետ ոլորտներում բեկում մտցնել:

– Պարո՛ն Սարգսյան, վարչապետի պաշտոնակատարը նաև ասել է. «Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են ՔՊ-ի ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը: Սա կարևոր նախապայման է»: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք նկատի ունի, որ համակարգում պետք է աշխատեն բացառապես իր գաղափարակից-թիմակիցները:

– Ճիշտն ասած, ծանոթ չեմ, բայց բոլորի նախընտրական ծրագրերն էլ լավն են լինում, ես չգիտեմ, թե ՔՊ-ի ծրագիրն ինչո՛վ է առանձնանում:

Ձեր նշած գործոնը կարող է լինել, որ թիմակիցները պետք է լինեն, բայց, կարծում եմ՝ ավելի շատ նկատի է ունեցել այն, որ կարող են լինել մարդիկ, որոնք կողջունեն այդ ծրագիրը, կհավատան դրա իրատեսական լինելուն և պատրաստ կլինեն իրենց կարողությունները ներդնել դրա կայացման գործում:

Որևէ տարօրինակ բան չեմ տեսնում այդ հայտարարության մեջ:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական թիմի ներկայացուցիչները նշում են, որ ժողովրդի կողմից ստացել են պողպատյա մանդատ, և այն գործելու է բոլոր ոլորտներում, ու պետական կառավարման համակարգում կադրային ջարդ են անելու: Կադրային ջարդը նորմա՞լ եք համարում:

– Պողպատյա մանդատը 2018 թվականին էր ժողովուրդը տվել, բայց իրենք այն թավիշի վերածեցին, վերջում էլ այդ թավիշը կոտրվեց բոլորիս գլխին՝ իր բոլոր արհավիրքներով:

Ժողովուրդն այն ժամանակ ավելի շատ ուներ դրա կարիքը, քան հիմա: Եթե կադրային ջարդը պիտի լինի ոչ բարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ, ապօրինի հարստացածների, հակապետական ռեժիմին ծառայած մարդկանց նկատմամբ՝ գովելի է, նորմալ երևույթ է, բայց եթե պրիմիտիվ ձևով պետք է արվի՝ խնամի, ծանոթ, բարեկամ, բամբասանքների հիման վրա, ապա դա լավ բանի չի հանգեցնի:

– Պարո՛ն Սարգսյան, եթե Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, ինչպես գրում է մամուլը, ընդամենը անձերի տեղափոխություն է կամ, ասենք՝ գործադիրից օրենսդիր ու հակառակը, և մենք չտեսնենք նոր դեմքեր պետական ապարատում, կառավարման ինչպիսի՞ արդյունավետություն սպասենք:

– Որևէ էական հաջողություն ակնկալել չենք կարող, պետք է իսկապես պրոֆեսիոնալ մարդկանց ներդնեն, թեկուզ կուլիսային պաշտոններում:

Առաջնահերթությունը պետք է տրվի մասնագիտական որակավորմանը, կառավարման փորձին, այդ ոլորտում ունեցած հաջող օրինակներին, թե չէ միայն քաղաքական կողմնորոշմամբ և իրենց թիմակից լինելու հիմքով արվող փոխատեղումներն արդյունք չեն տա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am