Առանձնատներից մեկում իրավապահները հայտնաբերել են ապօրինի զենքեր. ձերբակալվածների մեջ կա օտարերկրյա քաղաքացի

Իրավապահ կառույցները, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 18-ին խուզարկելով Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը՝ հայտնաբերել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, հենց բնակարանում ձերբակալվել և քննչական մարմնին են ներկայացվել Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։

Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Ավելի վաղ Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ, Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկում, ապօրինի պահում են զենք-զինամթերք։