#ElectricYerevan. Բռնության ենթարկված լրագրողների պատմությունները (լրացվում է)

#ElectricYerevan. Բռնության ենթարկված լրագրողների պատմությունները (լրացվում է)
#ElectricYerevan. Բռնության ենթարկված լրագրողների պատմությունները (լրացվում է)

Media.am-Հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին, կոտրել են նրանց աշխատանքային գործիքները, առգրավել սարքերի եւ հեռախոսների հիշողության քարտերը:

Կան լրագրողներ, որոնց սարքավորումների գտնվելու վայրը մինչեւ այժմ հայտնի չէ:

Մեր հաշվարկներով՝ ոստիկանները բերման են ենթարկել 11 լրագրողի՝ Անի Հովհաննիսյան («Հետք»), Հրանտ Գալստյան («Հետք»), Մկրտիչ Կարապետյան («Հայկական ժամանակ»), Փայլակ Ֆահրադյան («Գալա» հ/ը), Կարապետ Սահակյան («Panarmenian Photo»), Արսեն Սարգսյան (News.am), Տիգրան Հակոբյան (Epress.am), Սեդա Մավյան (անկախ լրագրող), Գարիկ Հարությունյան (Ազատություն), Դավիթ Դավթյան («Արմենիա» հ/ը), Խաչատուր Եսայան («Արմենիա» հ/ը):

Մեր տվյալներով՝ այս պահին բերման ենթարկված բոլոր լրագրողներն ազատության մեջ են: Բերման ենթարկված լրագրողների մի մասը ենթարկվել է բռնության:

Նախնական տվյալներով՝ ոստիկանական գործողության ընթացքում բռնության է ենթարկվել 8 լրագրող՝ Կարեն Չիլինգարյան (1in.am), Հովսեփ Հովսեփյան (1in.am), Գոռ Հովհաննիսյան (1in.am), Նիկոլայ Թորոսյան (Panarmenian.net), Գեւորգ Ղազարյան (անկախ լրագրող), Արթուր Պապյան (Ազատություն), Սիսակ Գաբրիելյան (Ազատություն), Գարիկ Ազիբեկյան (Ազատություն):

Բերման եւ բռնության ենթարկված լրագրողների ցանկն աճում է, մենք օրվա ընթացքում կթարմացնենք այն:

Ներկայացնում լրագրողներից մի քանիսի պատմությունները:

Դավիթ Դավթյան
«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

5:30-6:00-ի սահմաններում, երբ ջրցան մեքենան գործի դրեցին, մարդկանց քշեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտան ամբողջությամբ ազատեցին, ոստիկաններն ընկան մարդկանց հետեւից: Մի մասին բերման ենթարկեցին: Մյուս մասը, որին չէր հաջողվել բռնել, հավաքվել էր Ազատության հրապարակում:

Ես ու մեր օպերատոր Խաչատուր Եսայանը հետեւեցինք նրանց: Մի քանի րոպե հետո ոստիկանները հավաքվեցին ամբողջ կազմով եւ սկսեցին հարձակվել ցուցարարների վրա: Ես ու օպերատորը, ինչպես նաեւ մյուս լարտվամիջոցների գործընկերներս. կողքից կանգնած ֆիքսել ենք կադրերը, թե ինչ է տեղի ունենում, կատարել ենք մեր աշխատանքը:

Երբ հիմնական ցուցարարների մասին բռնեցին, հերթը հասավ մեզ: Նույնիսկ չնկատեցի էլ, թե ինչպես հարձակվեցին վրաս, որովհետեւ մի պահ ուղղակի հայացքս թեքեցի, ու միանգամից 4 հոգով հարձակվեցին, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանական, այլեւ քաղաքացիական հագուստով իրավապահներ:

Չէի պատկերացնում, որ ոստիկանները կարող էին նման կերպ վարվել, որովհետեւ իսկապես անհամատեղելի էր այն, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, ու այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հաշվի չառան, որ լրագրող եմ: Երբ բեյջս ցույց տվեցի, ոստիկանները պոկեցին այն ու ինձ բերման ենթարկեցին:

Ինձ ու օպերատորին սկզբում տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղից արդեն տարբեր ուղղություններով, ինձ՝ Մալաթիայի, իրեն՝ Էջմիածնի բաժանմունք: Դաստակիս հատվածում կապտուկ ունեմ եւ այտուց, օպերատորն էլ հարվածներ ստացել, ձեքին վերք կա:

Տեխնիկան մինչեւ այս պահը չգիտենք որտեղ է եւ ինչ վիճակում է:

http://www.youtube.com/watch?v=EvYKwLCqnGk#t=49

Կարապետ Սահակյան, «Պանարմենիան ֆոտո»-ի ֆոտոլրագրող

Երբ արդեն ավարտում էի նկարելը Թումանյանի արձանի մոտ, մեկը ձախ կողմից ձեռքը գցեց, որ ֆոտոխցիկը քաշի: Ես փախցրեցի, մեկ էլ մյուս կողմից քաշեցին: Քաղաքացիական հագուստով իրավապահներ էին: Ֆոտոապարատս գրկեցի պինդ, նստեցի գետնին: Մի քանի հոգի քաշում էին, խփում էին, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան: Ապարատս ձեռքիցս խլեցին, խփեցին գետնին ու գետնին խփելով տարան: Հետո վիդեոյի մեջ տեսա, որ իրենցից մեկը դրեց թեւի տակ ու գնաց:

Դրանից հետո դիմակավորներն ինձ տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղից՝ Էջմիածին, տվյալներս վերցրին ու բաց թողեցին:

Տեղեկություն չունեմ՝ ապարատս որտեղ է եւ ինչ վիճակում է:

Անի Հովհաննիսյան, «Հետք» լրագրող

5:30-ի սահմաններում քաղաքացիական հագուստով անձինք սկսեցին ջարդել մարդկանց աջ ու ձախ կողմերից: Իսկ դիմացից ջրցան մեքենան սկսեց ջուր շփել: Մարդկանց քշեցին դեպի Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում սկսեցին ծեծել, հայհոյել ու բերման ենթարկել:

Շատ դաժան էին վարվում: Լրագրողների նկատմամբ վերաբերմունքը ոչնչով չէր տարբերվում ցուցարարների հանդեպ վերաբերմունքից: Հրաման էր իջեցված՝ կապ չունի ով, ինչ, բոլորին հավաքել: Կար լրագրող, ով ցույց էր տվել լրագրողի բեյջը, վերցրել ճղել էին ու բռնությամբ բերման էին ենթարկել:

Ես երկու ընկերներիս հետ Ազատության հրապարակի մոտ էի, նկարում էի ամբողջ ծեծ-ջարդը, հայհոյանքները: Հեռվից քաղաքացիական հագուստով մի անձ վազելով եկավ մեր հետեւից, բռնեց ու ընկերներիցս մեկին սկեց քաշքել, որպեսի հարվածի:

Ես միջամտեցի, ասացի՝ լրագրող եմ, բեյջս ցույց տվեցի, ասաց՝ ուրեմն երեքիդ էլ բերման կենթարկեմ: Ու բերման ենթարկեցին: Ինձ մատով չեն կպել, միայն հրել են, երբ միջամտել եմ, որ ընկերոջս չծեծեն:

Գեւորգ Ղազարյան, անկախ ֆոտոլրագրող

Օպերայի եւ Մաշտոցի անկյունում տեսա, որ ոստիկանները մի ակտիվիստ աղջկա շրջանակի մեջ էին վերցրել ու վիրավորական բառեր էին ասում, հայհոյում էին: Մոտեցա, խնդրեցի, որ չհայհոյեն, գրեկցի աղջկան, որովհետեւ շատ վատ էր զգում, լաց էր լինում:

Ոստիկաններից մեկը բավական բռի ձեւով մոտեցավ, ասաց՝ «էս երկուսին բերման ենթարկեք»: Մեզ մի 10 հոգի որտեղից պատահի բռնեցին ու տարան: Ընթացքում խփում էին, քաշքշելով ամեն ինչ վերցնում էին, այդ թվում՝ ֆոտոապարատս: Չգիտեմ էլ ով է վերցրել ու որտեղ է:

Փայլակ Ֆահրադյան, «Գալա» հեռուստաընկերության լրագրող
ֆեյսբուքյան էջից

Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերատավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ:

Հարգելի գործընկերներ, բռնության եւ բերման ենթարկվելու ձեր պատմությունները կարող եք ուղարկել [email protected] հասցեին:

Աննա Բարսեղյան

Աղբյուրը`media.am