Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն այսուհետ սեփականատերերի կողմից օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով: Բացվող բանկային հաշիվը սեփականատերերի կողմից կատարվող վճարների, ինչպես նաև տվյալ շենքի պահպանմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների դիմաց կատարվող ծախսերի սպասարկման հաշիվ է, որի վարման կարգը սահմանվել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2078-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148388):

Մասնավորապես, կարգավորվել են այդ հաշվի բացման և փակման ընթացակարգը, մուտքերի և ելքերի ուղղությունները, հաշվի վրա առկա միջոցների վերաբերյալ տեղեկություն ստանալու, այդ միջոցները վերաբաշխելու և առնչվող այլ հարցերի հետ կապված դրույթներ: Որոշմամբ նախատեսվել է նաև շենքի պահպանման և կառավարման հետ կապված անկանխատեսելի ծախսերը, մասնավորապես, վթարները կանխելու և վերացնելու, անհետաձգելի նորոգումների և այլ աշխատանքների իրականացման համար պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորություն:Ընդունված օրենքների և որոշման դրույթները տարածվելու են բազմաբնակարան շենքի կառավարման բոլոր ձևերի վրա:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։