Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է Կոլյա Միքաելյանին պաշտոնի ստանձնման առիթով։

Նախարար Սանոսյանի խոսքով` Միքաելյանը լավ տիրապետում է մարզին, մարզի խնդիրներին, և հույս է հայտնել, որ դա թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել Վայոց ձորը։ Արարատ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Կոլյա Միքաելյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու են առավելագույնը մարզի խնդիրները լուծելու համար. «Շարունակելու եմ կյանքի կոչել կառավարության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,- ընդգծել է նորանշանակ մարզպետը։