Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ․ ՌԴ ԱԳՆ անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը. Factor

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն պետք է 2025 թվականին լքի Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան չի հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, և հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հենց այս փաստաթղթում են հստակ ուրվագծվում և՛ զորախմբի՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, և՛ առաջիկա հինգ տարում դրա հնարավոր երկարաձգման չափանիշները։

Ռուս խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում։ Հիմնական գործառույթը հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը տարածաշրջանում է՛լ ավելի պահանջված է»,-հայտարարել է Զախարովան։ Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային երկրների շահերից, այդ թվում՝ Թուրքիայի։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը մնա, պայմանագրի համաձայն, որոշված վայրերում մինչև 2025 թվականը: Իսկ 2025-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ հետևողական է դրան»,- ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը։