«Կորոնավիրուսը բոլորին չի վարակում, բավական արագ տարածվում է այն անձանց շրջանում, որոնք վարակի նկատմամբ ընկալունակ են». Բժիշկ-վարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, կորոնավիրուսային հիվանդացությունը նվազել է, բայց այս փուլում շատերին հուզում է այն հարցը, թե ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին։ Առաջիկայում դպրոցները վերաբացվելու են, հասարակական տրանսպորտը դարձյալ գերբեռնված է գործելու, հիվանդացությունը կբարձրանա՞, ինչպե՞ս զգուշանալ։

– Զգուշանալու առումով կանոններն առանձնապես չեն փոխվել՝ նույնն են, որոնք պետք է պահպանել։ Երևի բոլորի մոտ կարծիք է ձևավորվել, որ այդ երկրորդ ալիքը մարդածին երևույթ է, այսինքն՝ մեզնից կախված կարանտինը լավ չենք պահի և այլն։ Իրականությունն այն է, որ անկախ նրանից՝ մենք սահմանափակումներ կկիրառենք, թե չենք կիրառի, պանդեմիաների, վիրուսային մեծ բռնկումների ընթացքը հենց այդպես էլ լինում է։ Անգամ վիրուսի վնասակարությունը, թե ինչքան ծանր հիվանդություն կառաջացնի, ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Ամիսների ընթացքում վիրուսը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ագրեսիվությունն ավելի նվազում է։ Եվ նույնկերպ որոշ ժամանակ հետո բարձրանալու է այդ ագրեսիվությունը։ Հենց դա է ալիքային ընթացքը։ Դա այնքան էլ կապված չէ նրա հետ, որ Հայաստանում որոշեցին դպրոցները բացել։

Միգուցե շատ խիստ սահմանափակումների վերացումը միաժամանակ բերի հիվանդացության ավելի բարձրացման, բայց Հայաստանում շատ խիստ սահմանափակումներ չեն եղել։ Այդ երեխաները, որոնք պետք է դպրոց գնան, հիմա նույնկերպ փողոցում են իրար հետ շփվում։ Այնպես որ, չեմ կարծում, որ դպրոցն ինչ-որ բան է փոխելու։

– Ամեն դեպքում, աշնանը սպասե՞լ հիվանդացության աճ, և արդյոք գրիպի վիրուսը կորոնավիրուսին զուգահե՞ռ կընթանա։

– Շատ մեծ հավանականությամբ աշնանը պետք է որ բարձրացում լինի։ Բնականաբար, գրիպն էլ կլինի, չի կարող վերանալ։ Բայց քանակային առումով ենթադրվում է, որ նախորդ տարիների համեմատ գրիպը շատ ավելի ցածր մասնաբաժին կկազմի։ 

Ինչո՞ւ, որովհետև մարդիկ կանոնները պահպանո՞ւմ են։

– Դա մի կողմից կարող է նպաստել գրիպի նվազեցմանը։ Բայց մյուս կողմից՝ կա չգրված օրենք՝ եթե հիվանդություններից մեկն ակտիվ է, մյուսն ավելի պասիվ է լինում։ Առհասարակ ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ է տարիների ընթացքում վերաակտիվացումը։ Հիմա պատվաստանյութով մենք շատ ենք միջամտում, բայց նախկինում, երբ պատվաստանյութն ակտիվ չէր կիրառվում, նույն ջրծաղիկը, կարմրուկը կամ կարմրախտը մի քանի տարին մեկ ունենում էին բռնկում։ Եվ այն տարի, երբ լինում էր կարմրուկի բռնկում, ջրծաղիկը չկար։ Երբ մենք չունեինք կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, դրա փոխարեն ամեն սեզոնին ունենում էինք ջրծաղիկի բարձրացում։

Իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ սպասե՞լ, հույս կապե՞լ այդ պատվաստանյութի հետ, թե՞ սովորել ապրել կորոնավիրուսի հետ։

– Ես ի սկզբանե կողմ եմ եղել կորոնավիրուսի հետ շատ հանգիստ պայմաններում ապրելու գաղափարին։ Պատվաստանյութը հարց է, թե որքանով կհաջողվի ստեղծել, որքանով որակյալ և արդյունավետ կլինի։ Ամենակարևորը՝ որքանո՞վ դրա պահանջարկը կա այսօր։ Նույն H1N1 գրիպի դեմ 8-9 ամսում ստեղծվեց պատվաստանյութը, որը մինչ օրս կիրառվում է, ամեն տարի պետությունը պետպատվերով տրամադրում է ազգաբնակչությանը, համարվում է շատ որակով պատվաստանյութ։ 

Բայց կորոնավիրուսի հետ կապված ուրիշ հարց կա, որի մասին դեռ ոչ ոք չի խոսում, բայց կարծում եմ՝ շուտով կսկսեն խոսել։ Այս հիվանդությունը բոլորին չի վարակում, փաստն այն է, որ այն  բավական արագ տարածվում է այն անձանց շրջանում, որոնք վարակի նկատմամբ ընկալունակ են։

Այսինքն՝ կոպիտ ասած, վիրուսն իր տիրոջը գտնում է, մարդը կարող է խիստ կարանտին պահել և վարակվել։ Բայց, միաժամանակ, տասնյակ հարյուրավոր բուժաշխատողներ, այլ անձինք, որոնք շփվում են վարակակիրների հետ, չեն վարակվում։ Ռեալ կոնտակտի դեպքում շատ-շատ մարդիկ չեն վարակվում, բուժաշխատողների օրինակը շատ լավ բնութագրում է դա։ 

Ես ուզում եմ, որ քննարկենք սա, որովհետև իրականում կարանտինը հարաբերական թեմա է, մենք կարանտին չունեցանք էլ, եկեք ճիշտը խոսենք։ Եվ բնակչության շրջանում բավական քիչ տոկոս վարակի տարածման պարագայում ունենք բնակչության շրջանում հիվանդացության իջեցում։

Իրականում խորհուրդ են տալիս գրանցված թվերը բազմապատկել մոտ 10-ով։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր բնակչության մաքսիմում 20 տոկոսն է վարակվել այս վիրուսով։ Եվ հիվանդությունը արդեն հետ է գնում։

Մյուս երկրների իրավիճակն էլ է այնպիսին, որ բնակչության կտրվածքով տարածվածությունն այդ թվերից այն կողմ չի անցնում։ Այսինքն՝ այստեղ հարց է առաջանում՝ միգուցե հենց բնակչության 20-30 տոկո՞սն է ընդամենը վարակի նկատմամբ ընկալունակ։ Այսինքն՝ մնացածն այսպես թե այնպես չեն հիվանդանալու։ Եթե նայենք Չինաստանի օրինակը, ավելի պարզ կլինի պատկերը։

Նման իրավիճակ շատ հիվանդությունների հետ կապված արձանագրվում է, ես գյուտ չեմ անում։

– Դպրոցների վերաբացման դեպքում երեխաները պետք է դիմակներով նստեն դասերին, դասամիջոց դուրս չգան, որքանո՞վ է այս որոշումը ճիշտ։ 

– Իմ կարծիքով՝ դա աբսուրդ որոշում է, եթե այդ որոշումը չի հետապնդում այլ շահեր. ոնց հասկացանք, կառավարությունը, նախարարությունը պատրաստվում են պաշտպանիչ միջոցների գնումներ կատարել։

Դպրոցում դիմակ դնելը արդյունավետ չէ, երեխաները մեկը մյուսին կարող են փոխանցել իրենց դիմակը։ Եթե դա չնպաստի վիրուսի տարածմանը, հաստատ չի նվազեցնելու հիվանդացությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am