Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Գևորգ Կարապետյանը

Ծառի փոքրիկ ճյուղերի վրա, գնդասեղների օգնությամբ, մեծ զգուշությամբ Գևորգը աննկարագրելի գեղեցկությամբ թիթեռներին է տեղավորում։ Ուշադրութունն ամբողջությամբ ստեղծվող կոմպոզիցիայի վրա է կենտրոնացած։ Նրան շեղել չես կարող։ 

«Փոքրիկ սխալն անգամ կարող է փչացնել իդեալական այդ արարածների իդեալականությունը։ Կլանված աշխատում եմ»,- ասում է կոմպոզիցիայի հեղինակը՝ 28-ամյա Գևորգ Կարապետյանը։

Թիթեռների հետ աշխատելու մի քանի ժամը հենց այն ժամանակն է, որոնք թույլ են տալիս լիովին կտրվել վատ հիշողություններից ու առօրյայից, իսկ 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգի հիշողությունները ծանր են։ 

2020-ի հոկտեմբերի 25-ն էր։ Երկինքը պարզ էր, բայց աշնան սառնությունն արդեն զգացվում էր։ Տղաները կրակային նոր դիրք էին տեղափոխվել՝ հերթական խնդիրը կատարելու։ Առավոտյան 8-ն անց կես էր, մարտկոցի հրամանատար Գևորգը դուրս եկավ թաքստոցից, որ կրակային խնդիր կատարի։ Մի քանի քայլ հասցրեց վազել, ու ուժեղ ձայն լսվեց։ Գևորգը ողնաշարաողնուղեղային վիրավորում ստացավ։ 

«Էդ պահին ոչինչ չեմ գիտակցել, բայց մարմինս կրծքավանդակից ներքև անզգայացավ, ինձ թվաց՝ կտրվել է։ Նայեցի՝ չէ՛, տեղում էր։ Մայկաս բարձրացրեցի, ոչ մի արյուն չկար։ Հետո պետք է իմանայի, որ ընդամենը մեկ բեկոր էր ինձ բաժին հասել, որը ողնաշարս էր վնասել։ Միշտ ասում եմ՝ իրեն հարգող բեկոր էր, գիտեր՝ ուր է կպնում»,- հիշում է Գևորգը։

Գևորգն սայլակով է տեղաշարժվում, բայց ասում է՝ դա իրեն չի խանգարում լիարժեք կյանքով ապրել ու արարել։ Ծրագրավորում է սովորում, մի քանի ամսից աշխատանք կունենա: 

«Ծրագրավորումը բարդ մասնագիտություն է, բայց ինձ մոտ լավ է ստացվում, իսկ Beauty by soldiers ՍՊԸ-ում հոբբիի վերածած աշխատանքս՝ թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելը, նույնպես շատ եմ սիրում»,- նշում է նա։ 

Սիրած աշխատանքն իրեն ոչ միայն զինծառայողի աշխատանքը կորցնելուց հետո ֆինանսական, այլ նաև հոգեկան հանգստության համար էր պետք։ 

«Ծանր իրադարձություններն ու դրանց հետևանքները, դառը ու ցավոտ հիշողությունները ապրելու ցանկություն չէին թողել»,- պատմում է նա։

Գևորգը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում ու ուսումն ավարտելուց անմիջապես հետո՝ 2017-ին, ծառայության անցել Արցախի հարավային զորամասերից մեկում։ Ապրիլյան պատերազմի մասնակից Գևորգն ասում է՝ 44-օրյայի հետ համեմատելու չէր, քանի որ 2020 թվականինը օդի ու հրետանու պատերազմ էր, որ ամեն օր, սպասվածին հակառակ, ավելի էր ինտենսիվանում ու սաստկանում։

«Մոտ 1 ամիս հասցրեցի մասնակցել պատերազմին։ Վիրավորումս հոկտեմբերի 25-ին եմ ստացել, որից հետո տեղափոխվել եմ Երևան, բայց պատերազմն ինձ համար դեռ ավարտված չէր, որովհետև ընկերներս, նորակոչիկ եղբայրս դեռ ռազմի դաշտում էին»,- ասում է Գևորգը։

Հոկտեմբերի 25-ի առավոտյան նոր կրակային դիրք տեղափոխված զինվորների վրա արձակված ավիահրթիռը խլեց երկու կամավորի կյանքն ու վիրավորում հասցրեց 4 զինծառայողի։ 

«Սովորաբար երբ նոր կրակային դիրք ենք տեղափոխվում, դեռ տեղը չեն իմանում ու սկզբնական շրջանում չեն կրակում, դրա համար մի քիչ հանգիստ էինք։ Բայց թաքստոցից դուրս գալուց րոպեներ անց ուժեղ ձայն լսվեց, երևի գերձայնային ավիահրթիռ էր, ըստ հասցրած վնասի ու բացված փոսի, մարտական F16 ինքնաթիռ էր։ Այդ պահին ուզում էի գոռալ՝ թաքստոց, բայց միայն առաջին երկու տառը հասցրեցի դուրս հանել բերանիցս, մի վայրկյանում հայտնվեցի գետնին»,- հիշում է Գևորգը։

Պայթյունից անմիջապես հետո զինվորներից մեկը Գևորգին քարշ տալով դեպի թաքստոց է տարել: Վայրկյաններ անց երկրորդ արկն է ընկել հենց այն հատվածի վրա, որտեղ Գևորգն էր պառկած։ 

«Եթե ինձ հենց էդ վայրկյանին չտեղափոխեին, հիմա ողջ չէի լինի»,- ասում է Գևորգը:

«Ես բաց վերքեր, արյունահոսություն չունեի։ Վիրավորներից մեկը 100-ից ավելի բեկորային վնասվածքներ ուներ, մյուսը ոտքն ու ձեռքն էր կոտրել, երրորդ զինվորի ոտքն այնպես էր կոտրվել, որ մարմնին զուգահեռ դիրք էր ընդունել»,- ցավով հիշում է նա։

Շտապօգնության մեքենային երկար չեն սպասել։ Ժամանած բժիշկից հարցրել է իր վիճակի մասին, ասել են՝ ամեն ինչ լավ է, ու մինչև առաջիկա բուժկետ տեղափոխելը Գևորգն էլ չի խոսել։ 

Նրան տեղափոխել են Խաչմաչ գյուղում բացված բուժկենտրոն։ Հիշում է՝ կյանքում երբևէ այդպես չէր մրսել; Հասել է կենտրոն, ներս մտել ու սկսել է դողալ։ Խնդրել է իրեն ծածկեն ինչով կարող են, բայց անգամ մի քանի հաստ ծածկոցն էլ չի տաքացրել վիրավոր զինվորին։ Տեղում արված հետազոտությունից հետո որոշում է կայացվել՝ պետք է անհապաղ տեղափոխել Երևան։

«Սովորաբար ողնաշարային կոտրվածք ստացած զինվորներին ուղղաթիռով էին տեղափոխում, բայց էդ պահին ինչ-որ խափանվել էր, ու ինձ ստիպված եղան շտապօգնության մեքենայով տեղափոխել»,- ասում է Գևորգը ու հիշում իր ցավերին հակառակ ընթացող մեքենայի դանդաղ ընթացքը։ Արագ գնալ չէր կարելի, կարող էր Գևորգի վնասված ողնաշարին ավելի մեծ վնաս հասցնել։ Առանց այդ էլ երկար ճանապարհը մի ամբողջ կյանք երկար էր թվացել: 

Գևորգը, որ ամեն առավոտ պարտադիր մորն ու կնոջն էր երկու բառով հանգստացնում, որ իր հետ ամեն ինչ կարգին է, այդ օրը չէր հասցրել։ Անտանելի լռությանը չվստահելով՝ Գևորգի կինը ընկերներից ճշտում է տեղի ունեցածը: Մինչև Գևորգին հիվանդանոց կհասցնեին, հարազատներն ավելի շուտ էին հասել։

«Ինձ մեքենայից իջացրեցին, տեսա՝ մաման լացում էր, բայց ինձ թվաց՝ հալյուցինացիաների մեջ եմ։ Աչքերս էի տրորում ու նորից էի նայում, որովհետև ոչ մեկը չգիտեր իմ վիրավորման մասին»: 

Հոկտեմբերի 26-ի լուսադեմին միայն Գևորգին վիրահատում են: 

Վիրահատությունից հետո Գևորգը պառկած դիրքում է եղել, չի կարողացել ոչինչ ինքնուրույն անել։ Իր այդ վիճակն ավելի անտանելի էր, ասում է, ու ապրելու ցանկություն էլ չկար, բայց նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ընդամենը մեկ օր առաջ, Գևորգի եղբայրը՝ Արամը, մահացու վիրավորում է ստանում։ Եղբոր մարմինը ընտանիքին են հանձնում նոյեմբերի 16-ին, ու թեև բժիշկները չէին թողնում, բայց Գևորգի պահանջով նրան դուրս են գրում։ 

«Եղբորս մահից հետո հասկացա, որ շատերն ավելի թանկ վճարեցին, որ իմ հարազատներին ապրելու համար իմ ուժն է պետք, ես եմ պետք ու սկսեցի ապրել»,- ասում է Գևորգը։

Վերականգնողական բուժում անցնելու ժամանակ էլ Զինվորի տանը Գևորգը «ծանոթանում» է թիթեռների հետ: ԱՄՆ-ից ժամանած հայուհին, որոշելով օգնել վիրավորում ստացած զինվորներին, մի փոքրիկ ֆիլմ է ցուցադրել իր պատրաստած թիթեռներով կոմպոզիցիաների մասին, ապա ոգևորել ու առաջարկել իր օգնությունը այդ գործում կայանալու համար։ 

«Շատ խորամանկ քայլ էր սկզբից այդ ֆիլմը ցույց տալը, քանի որ եթե մինչև այդ ինձ ասեին՝ թիթեռներով կոմպոզիցիա պատրաստի, ես կծիծաղեի, կասեի՝ ի՞նչ կոմպոզիցիա, բայց ֆիլմից հետո որոշեցի փորձել, իսկ ինչո՞ւ ոչ։ Ու սկսեցի պատրաստել։ Սկզբում մի սեղանի շուրջ 4 հոգով նստած աշխատում էինք, երբեմն ծնկներիս դրած ու հետո հասկացա, որ ինձ մոտ ստացվում է, ու որպես նորություն պահանջարկն էլ կար»,- ասում է Գևորգը։

Օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ ու արտերկրում բուծված գույնզգույն թիթեռների օգնությամբ մեկը մյուսից գեղեցիկ ու չկրկնվող կոմպոզիցիաները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին։ Ճիշտ այնպես, ինչպես շատ տղաներ հաղթեցին մահվան դեմ պայքարում։

Թե որն է եղել իր վաճառած առաջին թիթեռներով կոմպոզիցիան՝ չի հիշում, բայց լավ հիշում է, որ առաջին գործը կնոջն է նվիրել Մարտի 8-ի առիթով։ Բայց հիմա նայելիս ծիծաղում է, քանի որ թարս էր կպցրել թիթեռները։ 

Առաջին ցուցահանդեսը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը կազմակերպել էր 2021-ի ապրիլի 1-ին։ Ստացված հասույթի մի մասն էլ հատկացվում է վիրավոր զինվորների կրթական ու առողջապահական ծախսերը հոգալուն:

Թիթեռներով կոմպոզիցիաների արժեքները տարբեր են, սկսվում են 25 հազար դրամից ու կարող են հասնել մինչև միլիոնի։ 

«Միլիոնանոցը դեռ չի վաճառվել, բայց, օրինակ՝ 1000 դոլարանոց կտավներ շատ ենք վաճառել»,- ասում է նա։

Գևորգի կյանքի ակտիվությունը վիրավորումից հետո չի նվազել։ Պրպտումների մեջ կանգ է առել ծրագրավորման վրա: Ասում է՝ առաջիկայում հույս ունի լավ աշխատանք գտնել ծրագրավորման ոլորտում, բայց թիթեռների գործը, որ արդեն հոբբիի է վերածվել, ասում է, չի թողնելու։ 

«Սա նաև այն աշխատանքն էր, որ դժվար պահերին հնարավորություն է տալիս կտրվել հոգսերից ու ցավերից, ինչպես ցանկացած սիրած աշխատանք»,- ասում է Գևորգը։

Գևորգը հիմա նաև մեքենա է վարում, լողի հաճախում ու մարզվում: Ասում է՝ դեռ այն ժամանակ էլ չէր հարմարվել իր նոր կյանքի հետ, ասում է՝ հաստատակամ է, ամեն ինչ անելու է և մի օր անպայման նորից քայլելու է։ 

«Ես իմ պայքարը դեռ շարունակում եմ։ Համացանցը փորփրում եմ, տեսնում եմ՝ ո՛ր երկրում ինչ նորություն ու առաջընթաց կան այս ուղղությամբ։ Հիմա բժշկությունը զարգանում է, իսկ գլխուղեղն ու ողնուղեղը մարդու ամենաքիչ ուսումնասիրված օրգաններն են, որ աշխարհը հիմա է սկսել ուսումնասիրել ու հաջողում է։ Հույս ունեմ, որ առաջիկայում կգտնվեն ելքն ու լուծումը, ու ես նորից կքայլեմ»,- ասում է պայքարող զինվորը։ 

Սաթենիկ Հայրապետյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am