ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին․ սկսվում է ձայների հաշվարկը

Ժամը 20։00-ին ավարտվեց Հանրապետության 6 մարզի 9 համայնքներում  անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։ 12 ժամ տևած ընտրական գործընթացից հետո տեղամասերի դռները փակվեցին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար ձևավորված 152 ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։  Ընտրությունների նախնական արդյունքները պարզ կլինեն ժամեր անց, իսկ վերջնականը` 1 շաբաթ անց:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ի համամասնական կարգով ընտրություններ էին անցկացվում Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղական իշխանություն ձևավորելու համար պայքարում էր 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինք:  Նշենք, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։