Համաձայն չեմ, որ ռուսները թողնեն գնան, որովհետև այնպես չէ, որ նրանց գնալով մեր վիճակը կբարելավվի. Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը 

– Պարո՛ն Հարությունյան, տեղյա՞կ եք, թե ինչ հարցեր են քննարկել նախագահ Հարությունյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը երեկ կայացած հանդիպման ժամանակ։ 

– Տեղի ունեցած քննարկման մասին որևէ բան ասել չեմ կարող, որովհետև խմբակցությունները դեռ չեն հանդիպել նախագահի հետ, առանձնապես որևէ նորություն չկա, ու, կարծում եմ, տրամաբանական է, նոր հրամանատարը դեռ հանդիպումներ պիտի ունենա երկու կողմի հետ, ծանոթանա իրավիճակին: Տեսանք, որ այսօր հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հետ։ Միայն դրանից հետո, կարծում եմ, նոր երկխոսությունը կձևավորվի։

– Մինչ այս բանակցություններ եղե՞լ են ադրբեջանական կողմի հետ, անցակետը տեղադրելուց հետո՝ նկատի ունեմ։

– Բանակցություններ հիմա էլ են ընթանում, բայց, կարծում եմ, խնդիրը շատ ավելի բարձր մակարդակով պետք է լուծվի, որովհետև փաստացի եռակողմ հայտարարությունը խախտված է, այսինքն՝ հարցը պետք է լուծվի այդ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև: Իհարկե խաղաղապահ առաքելությունը ևս մեծ դերակատարություն ունի, բայց վերջնական լուծումը, կարծում եմ՝ այդ ձևաչափում պետք է գտնվի։

– Հայաստանի Հանրապետության իշխանությունն ասում է, որ Լաչինի միջանցքը «պատկանում» է Ռուսաստանին, ու այնտեղ կատարվողի միակ պատասխանատուն ու մեղավորը ռուսական կողմն է։

– Իհարկե այո, պայմանագրով նախատեսված է, որ վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանը, ու, ընդհանուր առմամբ, եռակողմ հայտարարության երաշխավոր կողմը հենց Ռուսաստանն է, ու եթե խախտվում է մի բան, տրամաբանական է, որ Ռուսաստանն անելիք ունի, բայց եթե Ռուսաստանի անելիքների շոշափելի արդյունքը չի երևում, համապատասխանաբար, արդեն Հայաստանն անելիք ունի, որպեսզի այդ դրույթները պահվեն։

– Ադրբեջանական այս վերջին գործողությունից հետո Արցախում ի՞նչ տրամադրություններ են, պարո՛ն Հարությունյան։

– Իհարկե խուճապ չկա, որովհետև այս վերջին երկու տարում, կարելի է ասել, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, ինչքան էլ դժվար է, բայց մենք հասկանում ենք, թե ինչ մարտահրավեր է նետված, ու ընդունել ենք այդ մարտահրավերը։ 

Ադրբեջանն առաջին իսկ օրվանից չէր թաքցնում, որ իր վերջնանպատակը էթնիկ զտումն ու առանց հայերի տարածք ունենալն էր: Այս ամենը հասկանում ենք ու դիմակայում , բայց, իհարկե, իրավիճակը ծանր է՝ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական առումներով։ 

Պետք է սկսենք բավականին ակտիվ աշխատել, այս փուլում Հայաստանն օր առաջ պետք է նախաձեռնի բարձր մակարդակով հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահող երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, թեկուզև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, եթե առաջին դեմքերի մակարդակով հնարավոր չէ, որպեսզի հանգուցալուծում գտնեն, որովհետև, փաստացի, եթե մինչև այսօր Ադրբեջանը փորձում էր թաքնվել քաղաքացիական հասարակության հետևում, այսօր արդեն ամեն ինչ արվում է անթաքույց։

– Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ուժով հեռացնի այդ անցակետը, թե չէ՝ «վեշերը թող կապեն, դո՛ւրս գան»։ Համամի՞տ եք, պարո՛ն Հարությունյան։

– Համաձայն չեմ, որ ռուսները թողնեն գնան, որովհետև այնպես չէ, որ նրանց գնալով մեր վիճակը կբարելավվի, մյուս կողմից՝ հստակ է, որ այսօր Ադրբեջանը տեղեկատվական այնպիսի արշավ է սկսել, որ հետնահանջ չի անելու, ու 2020-ից սկսած մինչ օրս ինչ քայլ արել են՝ հետ չեն գնացել։ Այսինքն՝ Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրվի, սովորական բանակցային գործընթացով դժվար թե կարողանան հասնել մեզ համար ընդունելի տարբերակի։ 

– Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ եթե բանակցություններն արդյունք չտան, «մենք մեր ուժերով կպաշտպանենք մեր հողը»։ Եթե բանը հասնի դրան իշխանությունը կհամագործակցի՞, կսատարի՞ Վարդանյանի այս գաղափարը։

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև այդ հարցի շուրջ որևէ մեկի հետ դեռևս քննարկումներ չենք ունեցել։

– Հայաստանի իշխանության հետ Արցախի իշխանությունների շփումներն ի՞նչ մակարդակի վրա են։ Ասացիք, որ պետք է նախաձեռնեն հանդիպումներ, այ խոսե՞լ եք իրենց հետ, այդ ուղղությամբ աշխատանքներ տանո՞ւմ են ՀՀ ձեր գործընկերները։

– Ես տեղյակ չեմ, նման ինֆորմացիա չունեմ, միջխորհրդարանական որևէ քննարկում էլ չի կազմակերպվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am