Երևանի քաղաքապետարանն առաջին հերթին մարդիկ են. Ավինյանն այցելել է «Երքաղլույս» ՓԲԸ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   

«Երևանի քաղաքապետարանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում:   Երևանի Երքաղլույս ՓԲԸ-ում նույնպես ամեն օր աշխատում են գործին նվիրված մասնագետներ, ում շնորհիվ երևանյան երեկոներն այդքան լուսավոր են և ջերմ:  

Այդպիսին է նաև վարպետ Մամիկոնը՝ մեր քաղաքի լուսավորման ցանցի կառավարման վահանակի սպասարկման միակ և անփոխարինելի մասնագետը, ով արդեն 20 տարի պահպանում է մեր քաղաքի լույսը: Չնայած հարազատների իրենց մոտ՝ ԱՄՆ տեղափոխվելու հորդորներին՝ Մամիկոնը բավարարվում է ժամանակ առ ժամանակ նրանց այցելելով, և միշտ վերադառնում է հարազատ քաղաքին լույս տալու պատասխանատու գործին:

Շնորհակալ եմ Մամիկոնից և մեր մյուս գործընկերներից իրենց լուսավոր տեսակի համար:   Երքաղլույս ՓԲԸ այցի ժամանակ քննարկեցինք նաև գիշերային մշտական լուսավորության, ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու, ցանցի կառավարման վահանակի արդիականացման, սյուների և մալուխային ցանցի կարգավորման հարցեր, ինչպես նաև Երքաղլույսի շենքային և աշխատակիցների վարձատրման պայմանները»: