«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը
– Տիկի՛ն Զորյան, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին քվեարկել են բացառապես կաշառք ստացողները։ Ինչո՞ւ է այս պնդումը անում Փաշինյանը։
– Սա դասական քաղտեխնոլոգիա է, որն իրականացնում է երկու հիմնական գործառույթ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի արժեզրկում և սեփական քաղաքական ձախողման պատասխանատվության պատվիրակում։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող թիմը չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը մերժել է գործող վարչախմբի քաղաքական կուրսը։
Ընդունել այս իրողությունը՝ կնշանակեր ընդունել սեփական լեգիտիմության մաշվածությունը։ Հետևաբար, իշխանությունը փորձում է քաղաքական, գաղափարական ընդդիմախոսությունը տեղափոխել քրեաիրավական հարթություն, պնդելով, թե իր դեմ քվեարկած քաղաքացիներն առաջնորդվել են ոչ թե քաղաքական գիտակցությամբ, այլ նյութական շահով։ Սա նաև նպատակ ունի բարոյական ճնշում գործադրել հանրության վրա և կասեցնել հետընտրական հնարավոր կոնսոլիդացիան։
–Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ իր քաղաքական գծի հետ չհամաձայնողները կարող են հեղափոխություն անել։ Ինչո՞ւ է նա նման ուղերձ հղում քաղաքացիներին։
– Սա էլ քաղաքական մանիպուլյացիա է։ Իշխանությունը հիանալի հասկանում է, որ այս փուլում հասարակությունն ապատիկ վիճակում է, իսկ փողոցային կտրուկ գործողությունների համար չկան անհրաժեշտ կրիտիկական զանգված և ռեսուրսներ։ Մարդկանց «հեղափոխության» դրդելով՝ Փաշինյանը փորձում է ընդդիմադիր բևեռին տանել իր համար ամենանախընտրելի և վերահսկելի դաշտ՝ փողոցային պայքարի տիրույթ, որտեղ պետական ուժային ապարատի կիրառմամբ հնարավոր է հեշտությամբ ճնշել ցանկացած ընդվզում։ Բացի այդ, սա քաղաքական պատասխանատվությունը սեփական անձից հեռացնելու փորձ է․ նա ասում է՝ «քանի դեռ ինձ փողոցով չեք հեռացրել, ես լեգիտիմ եմ և շարունակելու եմ իմ գիծը», անտեսելով այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ինքն արդեն իսկ զրկվել է այդ բացարձակ մանդատից։
– Կարծիքներ են հնչում, թե Փաշինյանը ձգտում է հասնել նոր ընտրությունների, որպեսզի ի վերջո ունենա սահմանադրական մեծամասնություն։ Համակարծի՞ք եք։
– Ռազմավարական առումով իշխող թիմի համար սահմանադրական մեծամասնություն ունենալը կենսական է, սակայն այս փուլում նոր ընտրությունների գնալը նրանց համար պարունակում է մահացու ռիսկեր։ Անցած ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չապահովելը ոչ թե պատահականություն էր, այլ իշխանության ներքին ռեսուրսի առավելագույն սահմանագիծը։ Նոր ընտրությունները ներկայիս տնտեսական ճնշումների և հանրային հիասթափության ֆոնին կարող են ոչ թե ավելացնել ՔՊ-ի տոկոսները, այլ ընդհակառակը՝ բերել էլ ավելի մեծ կորուստների։
Սահմանադրական մեծամասնության բացակայությունն այսօր ձեռնտու է նաև արտաքին մի շարք խաղացողների, քանի որ դա հանդիսանում է իրավական արգելակ՝ միակողմանի և վտանգավոր աշխարհաքաղաքական պայմանագրերի ստորագրման ճանապարհին։ Հետևաբար, նոր ընտրությունների գնալու սպառնալիքն ավելի շատ օգտագործվում է որպես շանտաժի գործիք ընդդիմության և հանրության դեմ, քան իրական քաղաքական սցենար։
– Տիկի՛ն Զորյան, ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է հանգուցալուծվելու հետընտրական այս ճգնաժամը։
– Հետընտրական այս ճգնաժամի հանգուցալուծումը դուրս է ներհայաստանյան տիրույթից և ուղղակիորեն կապված է տարածաշրջանային զարգացումների հետ։ Քանի որ խորհրդարանում ձևավորվել է ուժերի նոր, կաշկանդող դասավորվածություն, իսկ գործող իշխանությունը զրկվել է միանձնյա սահմանադրական որոշումներ կայացնելու հնարավորությունից, մենք մտնում ենք դիրքային պայքարի երկարատև փուլ։ Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգը» մտել է իրավական փակուղի, քանի որ Բաքվի պահանջած սահմանադրական փոփոխությունների համար իշխանությունը չունի բավարար մանդատ։ Սա նշանակում է, որ հանգուցալուծումը լինելու է ոչ թե արագ ներքաղաքական պայթյունի, այլ աստիճանական ինստիտուցիոնալ մաշվածության եղանակով։
Առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք արտաքին կոշտ տնտեսական ու քաղաքական ճնշումների ավելացմանը, ինչը ստիպելու է ներքաղաքական դերակատարներին գնալ նոր վերադասավորումների։ Վերջնական ստատուս քվոն կձևավորվի աշնանը, երբ պարզ կդառնա, թե գլոբալ խաղացողներն ինչպիսի համաձայնության են եկել տարածաշրջանի անվտանգային և տրանսպորտային ուղիների հարցում։ Հայաստանի ներքաղաքական կյանքը պարզապես հարմարվելու է այդ նոր իրողությանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















