Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան դատապարտում է երթևեկության խոչընդոտումը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով, ինչը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լեռնային Ղարաբաղ ելումուտն ու մատակարարումները՝ միաժամանակ հարգելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները», – նշվում է հայտարարությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ հարկավոր է պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, համաձայն որոնց «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը ևս անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը: