«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Ադրբեջանի նախագահը նախօրեին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը, չնայած հայկական կողմի հավաստիացումներին, որ դա ամենևին էլ միջանցք չէ, շարունակում պնդել ու առաջ տանել միջանցքային տրամաբանությունը:
– Նախ՝ ես այն համոզմանն եմ, որ գործընթացը դեռևս շարունակվում է, այսինքն՝ ըստ էության, այո՛, կան ինչ-որ հայտարարություններ, տեքստեր, ինքնիշխանության մասին շեշտադրումներ, բայց շատ բան որոշվելու է գործընթացի մեջ: Բազմիցս եմ նշել,որ այդ ամբողջը կարող է դառնալ և՛ հնարավորություն, և՛, ընդհակառակը՝ գլխացավանք: Շատ կարևոր է, թե ինչ ես բանակցում, ինչ տերմիններով ես բանակցում, ու գետնի վրա ինչ իրողություններ են առաջանում:
Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ապա ասեմ, որ Ալիևը օվալաձև սրահից դուրս էր եկել ու արդեն տերմինաբանությունը փոխել էր, այսինքն՝ այն, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում իր միջազգային գործընկերների հետ այնքան խելացի ու ճիշտ աշխատել, որ այդ ամեն ինչը՝ սկսած «Զանգեզուրի միջանցք» տերմինաբանությունից, վերջացրած «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտով, Ալիևի համար գլխացավանք դառնա, դա բացառապես Հայաստանի իշխանության խնդիրն է: Իրենք այնքան են փորձում խաղալ այդ խաղաղության բեմականացումը, որ այդ ընթացքում առաջացած բոլոր խնդիրները չեն ուզում կոմունիկացնել միջազգային հանրության հետ, որովհետև դա հակասում է իրենց հեքիաթներին:
Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ նույն օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո, երբ, օրինակ՝ Ալիևը օգոստոսի 21-ին ելույթ ունեցավ Քարվաճառում ու ասաց՝ «հայ հասարակությունը հիվանդ է», ինչը հակասում էր իր իսկ նախաստորագրած պայմանագրի տեքստին, բայց Հայաստանի իշխանությունը այդ մասին որևէ ձայն չհանեց: Ու այդ ամենը շարունակվեց, Ալիևի հայտարարություններն ամեն անգամ ավելի թշնամական ու հայատյաց բնույթ են կրել, բայց դրանց արձագանք չի եղել, այդ ամենը չի մեղմվել ու որևէ փոփոխության չի ենթարկվել: Հայկական կողմն էլ այդ ամենը ոչ թե փորձում է կանխել, կոմունիկացնել, այլ փորձում է դա ներկայացնել իբրև ներքին լսարանի օրակարգ, ինչն աբսուրդ է, չեն կարող մեր երկրի հետ կապված զարգացումները լինեն Ադրբեջանի ներքին լսարանի օրակարգը:
– Ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդականը այցելեց Հայաստան, այդ այցն ինչպե՞ս եք մեկնաբանում, ադրբեջանական կողմում ի՞նչ քննարկումներ կան այդ մասին:
– Ասեմ, որ նրանք ակտիվորեն անդրադարձել էին ընտրություններին, ու այս վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ քննարկվող հարցն այն է, որ Փաշինյանը չի հավաքել սահմանադրական մեծամասնություն, ու հանրաքվեի անցկացումը բարդանալու է: Ադրբեջանական կողմը հոյակապ ուսումնասիրել է մեր բոլոր ընթացակարգերը, նրանք շատ մեծ հույսեր ունեին ու ընտրություններից առաջ էլ տարածում էին, թե Փաշինյանը բացարձակ մեծամասնություն է հավաքելու, այդուհանդերձ դա տեղի չունեցավ, նույնիսկ ԲՀԿ-ի մանդատների փաստացի գողությունից հետո ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ հանրաքվե անցկացնելու համար առաջին հերթին պետք է այդ օրենքը խորհրդարանում հաստատվի: Սա Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեմաներից մեկն է, թե ինչպես է Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարողանալու շարունակել իրենց պահանջները բավարարել:
Այս ամբողջ քննարկումներն են, որ այսօր կան ադրբեջանական մեդիատիրույթում, օրինակ՝ կան քննարկումներ, որ գուցե Արևմուտքից փորձեն իրենց վրա ճնշում գործադրել, որ իրենք մոռանան Սահմանադրության փոփոխության մասին, բայց, ըստ քննարկումների, ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան: Փորձագիտական մակարդակում այդ քննարկումն ակտիվ ընթանում է, որ «ինչ էլ լինի, մենք պահանջելու ենք Սահմանադրությունը փոխել»:
Այստեղ ոչ այնքան իրավական խնդիր է, որքան բարոյահոգեբանական ու քաղաքական դաշտում Հայաստանն ու հայ հանրությանը նսեմացնելու խնդիրը: Այսինքն՝ մի պետություն, մեզ հետ իրագործած ագրեսիվ ու ցեղասպանական գործողություններից հետո ասում է, որ ինքն է որոշելու, թե մենք ինչպիսի Սահմանադրություն պետք է ունենանք: Ուզում են փորձել այնպես անել, որ մի ամբողջ հանրության համոզեն գնալ ընտրատեղամաս ու Ալիևի օգտին, Ալիևի Սահմանադրության ու հանրաքվեի օգտին քվե տալ՝ հավանաբար պատերազմի կամ այլ սպառնալիքների ներքո: Այսպիսի ռումբ դնել հայկական պետության հիմքում միայն Ադրբեջանը կարող էր ու կարող էր Փաշինյանի օգնությամբ:
Ես ուղղակի վստահ եմ, նրանց քննարկումներն էլ դրա շուրջ են ընթանում, որովհետև Ադրբեջանը բոլոր հնարավոր գործողությունները կապել է դրա հետ, որ Ադրբեջանը որևէ իրական թղթի ստորագրման չի գնալու ու սահմանների սահմանազատման չի գնալու: Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականություն, ու այս վերջին վեց տարվա տրամաբանությունը հենց դա է ցույց տալիս, որ Ադրբեջանի պահանջները չեն ավարտվում, ու այս պրոցեսը վերջանում է Ադրբեջանի օգտին:
– Տիկի՛ն Հայրապետյան, նկատի ունեք, որ Ադրբեջանի համար գերխնդի՞ր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը:
– Նկատի ունեմ, որ Հայաստանին ու հայկական պետության ինքնիշխանության նկատմամբ այսպիսի քայլի գնալը իրենց համար փառահեղ հաղթանակ է համարվում, այսինքն՝ փաստացի ցույց են տալիս, որ մենք ինքնիշխանություն չունենք, ու մեր երկրի Սահմանադրությունը պետք է որոշի Ադրբեջանի ղեկավարությունը:
– Իսկ Հաջիևի հայաստանյան այցի նպատակը ի՞նչն էր:
– Կոնկրետ դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ փորձում են ցույց տալ ինչ-որ գործընթաց: Հատկանշական է, որ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ մայիսի 19-ին, Ալիևի օգնական Հաջիևը Հայաստանի Հանրապետության տարածքը ևս մեկ անգամ կոչել էր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ և ասել, որ 300000 ադրբեջանցի երազում է իր «հայրենիք» գալու մասին։ Բնականաբար, այդտեղ չկա երկխոսություն, կա ադրբեջանցիների ցանկությունների ցուցակ՝ ուղղված հայկական կողմին, պարբերաբար հավաքվում են, որ պահանջների հաջորդականությունը տրամադրեն:
– Ստացվում է, որ չնայած իշխանության պնդումներին, թե այդ 300000 ադրբեջանցու Հայաստան գալու մասին հայտարարությունները ընդդիմադիրների կողմից շրջանառվող կեղծ թեզ է, Ադրբեջանը շատ լու՞րջ ու հետևողակա՞ն է տրամադրված այդ հարցում:
– Հունիսի 3-4-ը Բաքվի պետական համալսարանում տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս, որի ընթացքում հայտարարվել է, որ այդ խնդիրը իրենց ազգային նոր նպատակն է: Ուղիղ ազգային նոր նպատակ են հռչակել դա, ավելին ասեմ՝ հունիսի 18-19-ը Նախիջևանում ևս այդ թեմայով հանդիպելու են: Երեք տարուց ավելի է, որ իրենք դա պարբերաբար անում են, ու օգոստոսի 8-ից հետո էլ դա չի դադարել և նույն տեմպերով արվում է:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության հավաստիացումներին, ապա չկա որևէ բան, որ այս իշխանությունն ասի ու մինչև վերջ իր ասածին տեր կանգնի, հավատալ այս իշխանությանը, կարծում եմ, նշանակում է լինել վտանգավորության աստիճան միամիտ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















