Երեխաների 92 %-ը հատուկ հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության պատճառով

Երեխաների 92 %-ը հատուկ հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության պատճառով
Երեխաների 92 %-ը հատուկ հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության պատճառով

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդերասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Այսօր մի քանի ժամ քննարկում էինք երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքները.

Ընդհանուր առմամբ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում, մյուս բոլոր դեպքերում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում աջակցության պարագայում՝սկսած ավելի փոքր և զուտ նյութական աջակցությունից մինչև ավելի երկարաժամկետ ու համալիր աջակցություն։ Այսինքն, երեխաների շուրջ 92 %-ը հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության և դրանից բխող հետևանքների պատճառով։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Պետության աջակցությունը դրա կարիքն ունեցող երեխային չպիտի պայմանավորված լինի նրա՝ հաստատությունում գտնվելու փաստով։ Եթե երեխան ունի շոր ու կոշիկի, գրենական պիտույքների, այլ աջակցության կարիք, ապա պետք չի նրան հանել ընտանիքից։ Աջակցությունը և ծառայությունները երեխան պետք է ստանա իր ընտանիքում գտնվելով, և պետությունը շարունակելու է աջակցությունը տրամադրել երեխաներին՝ առանց նրանց կտրելու իրենց ընտանիքներից։

Չորս գիշերօթիկ հաստատություններում 260 երեխաների խնամքի համար պետությունը 2019 թվականի բյուջեով հատկացրել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ։ Ունենք իրավիճակ, երբ 78 երեխայի խնամքը իրականացնում են 71 աշխատակիցներ։ Սա այն դեպքում, երբ երկրում մանկական աղքատությունը 30 տոկոսից ավել է, այսինքն՝ ամեն երրորդ երեխան աղքատ է։ Կես միլիարդ ՀՀ դրամը կբավականացնի հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ ցերեկային անհրաժեշտ ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների և նրանց ընտանիքներին՝ ծառայությունների ծածկույթ ապահովելով նաև այնպիսի բնակավայրերում, որտեղ նման ծառայություն ուղղակի չկա։

Մի խեղաթյուրեք գործընթացի տրամաբանությունը. սա գիշերօթիկ հաստատությունների փակում չէ, որոնք մի հրապարակման մեջ դառնում են գիշերօթիկ դպրոց, մեկ այլ տեղ՝ մանկատուն։ Հրապարակում կա, որտեղ դրանք արդեն իսկ փակվել են, երեխաներին էլ բաժանել են կամ պատրաստվում են բաժանել ինչ-որ արժեքների համահունչ։ Մառազմն ու ապատեղեկատվությունը պետք է սահման ունենան։ Աշխատակիցներն ու նրանց հարցերը կարևոր են և դրանց կարգավորումը նախատեսվում է, սակայն սա նախևառաջ երեխաների պաշտպանությանն ուղղված քայլ է, որում զիջելը նշանակում է զիջել սեփական երկրիդ հեռանկարը»։