Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ․ փոխվարչապետ

Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ նշանակված Համբարձում Մաթեւոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում դիմել է արմավիրցիներին:

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,

Ես դադարեցրել եմ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում:

Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և այս երեք տարիների ընթացքում փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մեր մարզի առաջընթացն ապահովելու և ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար:Հանգամանքների բերումով ուղղակի չկարողացա հանդես գալ իմ պաշտոնավարման երեք տարիները ներկայացնող հաշվետվությամբ: Սակայն խոստանում եմ, որ անպայման ժամանակ կգտնեմ և Ձեզ կներկայացնեմ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առարկայական տվյալներ, որոնք ես համարում եմ համատեղ ձեռքբերումներ:

Իհարկե, ես և իմ գործընկերները երբեք չենք սահմանափակվել մեր հաջողություններով և ձգտել ենք ավելիին: Եվ ի ուրախություն բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեի նախագծով, պետական այլ միջոցներով, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերով գալիք տարվա համար սահմանել ենք մարզի զարգացմանն ուղղված առավել բարձր նշաձող, որը, վստահորեն կարող եմ ասել, իրականացվելու է մեծ պատասխանատվությամբ և ամբողջ ծավալով:

Ինձ հարազատ մարզի սիրելի բնակիչներ և գործընկերներ,

Հավատացնում եմ բոլորիդ, որ Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Արմավիրի մարզն ամբողջությամբ փոխելու է իր դիմագիծը՝ հետևում թողնելով անլուծելի համարվող բոլոր խնդիրներն ու հարցերը:Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, Կառավարության, Ազգային ժողովի գործընկերներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատվաբեր ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները:

Հարգելի գործընկերներ, թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի և ծառայի Արմավիրի մարզի շենացմանը, բնակչության բարօրությանն ու պետության հզորացմանը:Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար՝ խոստանալով, որ անելու եմ հնարավորը՝ արդարացնելու իր և մեր հայրենակիցների սպասումները:Ամենայն լավն ու բարին բոլորիդ:

Ձեզ շատ հարգող, Ձեր խոնարհ ծառա, արմավիրցի Համբարձում Մաթևոսյան»։