Տասներեք տարի անց. Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Տասներեք տարի անց. Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Տասներեք տարի անց. Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Save
Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները, զոհվածների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ դրեցին ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը։

«Այսօր հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու մեր պետական ու քաղաքական գործիչներին»,-ըստ ՀՀ ԱԺ մամլո հաղորդագրության ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Սա ոճրագործություն էր ազգի, պետու՛թյան նկատմամբ: ԱԺ-ի անունից դատապարտում եմ այս ոճրագործությունը եւ ցավ ապրում մեր գործիչների կորստի համար»:

«1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանի «գլխատման» կազմակերպիչները դեռևս պատժված չեն և իմ, խորին համոզմամբ, Հայաստանից դուրս են գտնվում»,-Tert.am-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

Հիշեցնենք, որ սեւ տառերով պատմության մեջ գրված այս օրը, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինված մարդիկ ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ` կրակ բացելով եւ հայհոյանքներ տեղալով ներկանների հասցեին:

Թեեւ արդեն 13 տարի է անցել եւ հանցագործները անազատության մեջ իրենց պատիժն են կրում, այնուամենայնիվ ոճրագործությունը` բազմաթիվ հարցականներով մնում է չբացահայտված:

© Medialab.am