Պահպանվող տարածքում թակարդ տեսախցիկը հազվագյուտ կադրեր է ֆիքսել․ Տեսանյութ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է Հայաստանի հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր անգղ; Gypaetus barbatus/ երիտասարդ առանձնյակ: Այս թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր:

Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի  թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսաքցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։

Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:

https://www.facebook.com/ArAvesFPWC/videos/334315694270237/?v=334315694270237