«Կրթական համակարգն այսօր միտված է այլ երկրներին ուղեղներ մատակարարելուն, քան սեփական երկրի տնտեսության զարգացմանը»․ Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

-Պարո՛ն Խաչատրյան, ամփոփելով ընդունելության քննությունների նախնական արդյունքները՝ ի՞նչ գնահատական կտաք, ի՞նչ պատկեր ունենք այս տարի։

-Համավարակի պայմաններին համապատասխանեցված կրթության և ընդունելության քննությունների կազմակերպման համատեքստում չենք կարող ամբողջական ու իրական պատկեր արձանագրել, ինչպես սովորական տարիներին, բայց որոշ արձանագրումներ կարող ենք անել։

Այս տարի կարևոր էին «Հայոց լեզու», «Գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները, որովհետև կառավարությունը թիրախային նպատակ էր սահմանել, որ 2021-ին «Հայոց լեզու և գրականություն» ու «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննության միջին գնահատականը 15 միավոր կլինի։

Կառավարությունը նաև արձանագրել էր, որ 2018-ին «Հայոց լեզվի և գրականության» միջին միավորը եղել էր 12,2, իսկ «Մաթեմատիկայինը»՝ 11,5՝ 20 բալանոց համակարգում։

Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ «Մաթեմատիկայի» միջին միավորն այս տարի եղել է 10,47, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայինը՝ 12,6, այսինքն՝ ոչ միայն չեն հասել թիրախին, դեռ մի բան էլ «Մաթեմատիկայի» միջին միավորն է նվազել։

«Հայոց պատմության» պարագայում ունենք շատ տարօրինակ բարձր միավորներ. դիմորդների մոտ 35%-ը ստացել է 18-20 միավոր։ Չեմ կարող ասել հստակ պատճառը, գուցե թեստն է հեշտ եղել, բայց եթե նման քաղաքականություն են որդեգրել, ապա պետք է պահպանել համաչափությունը, այսինքն՝ հեշտացնել բոլոր առարկաների թեստերը։

Համաչափության պահպանումը շատ կարևոր է, որովհետև այս տարի դիմորդներին հնարավորություն էր տրվել ընտրել կա՛մ հայոց լեզու, կա՛մ օտար լեզու։ Դիմորդների մեծ մասը ընտրել էր օտար լեզու, որովհետև օտար լեզվից ավելի հեշտ է բարձր միավորներ ստանալ, քան հայոց լեզվից։

-Այսինքն՝ օտար լեզվի թեստերն ավելի հե՞շտ են, քան հայոց լեզվի՞նը, և դրանո՞վ է պայմանավորված, որ օտար լեզվի քննության արդյունքներն ավելի բարձր են, քան մայրենի լեզվինը։

– Իհարկե, օտար լեզվի արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ մեր դիմորդները լավ օտար լեզու գիտեն, ուղղակի օտար լեզվի թեստը հեշտ է։ Հայոց լեզուն բարդ է, դրա համար էլ միավորները ցածր են, ինչը տրամաբանական է, քանի որ դա մեր մայրենի լեզուն է, ու պարտավոր ենք ավելի լավ իմանալ, քան օտար լեզուն։

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ չնայած ձեր ասած պարտավորությանը՝ այնուամենայնիվ, հայոց լեզվի միջին միավորը բավարարն է, մայրենիին չտիրապետելու խնդիրը ո՞րն է, պարո՛ն Խաչատրյան։

-Պատճառն այն է, որ հայոց լեզուն լավ իմանալու համար մարդիկ պետք է շատ կարդան, միայն պարապելով չէ։ Բայց եթե մենք այսօր հիմնականում կարդում ենք ֆեյսբուքյան գրառումներ, որոնց մի մասը լատինատառ է, մյուսն էլ՝ տառասխալներով, չենք կարող հայոց լեզվից լավ արդյունք ունենալ։ Հայալեզու նյութեր կարդալու միտումը նվազել է ընդհանրապես, դրա համար էլ ունենք այս արդյունքը։

– Բացի այդ, Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցի տվյալների համաձայն, հայ երեխաների գրեթե 35%-ը վարժ կարդալ չգիտի։ Սպասելի՞ էր ձեզ համար այս ցուցանիշը։

-Այս փաստն ինձ համար զարմանալի չէր։ Բոլորս էլ նկատում ենք, որ սովորելու ցուցանիշները տարեցտարի նվազում են, իսկ սրա պատճառն այն է, որ սովորելու միջավայր չկա երկրում, և ես ամենևին այն կարծիքին չեմ, որ մեղավոր են ուսուցիչները, աշակերտները, գրքերը:

Չէ՛, ուղղակի երկրում սովորելը չի արժևորվում, իսկ երեխաները տեսնում են, որ սովորելն արժևորված չէ, այլ բաներ են արժևորված, երեխաներն էլ ավելի շատ զբաղվում են դրանցով։ Ուսուցիչներից էլ շատ բան չենք կարող պահանջել, որովհետև այդ մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում, խնդիրները շատ գլոբալ են։

– Պարո՛ն Խաչատրյան, պետական մակարդակով ի՞նչ պետք է արվի, որ ձեր նշած սովորելու միջավայրը երկրում լինի։

-Նախ՝ պետք է օրինակներ ցույց տալ, այսինքն՝ երեխաները պետք է տեսնեն, որ երկրի ղեկավարները կարդում են, սովորում են, քննարկումների են մասնակցում։ Տարբեր ծրագրերում վերապատրաստումներ եմ արել և չեմ հիշում մեկ դեպք, որ վարչության պետերից որևէ մեկը մասնակցի նմանատիպ միջոցառումների։

Մեզանում ընդունված է, որ բարձրաստիճան պաշտոնյաները այդքան էլ սովորելու հետ գործ չունեն, սովորելը, այսպես ասած, ցածր պաշտոնյաների գործն է, շարքային աշխատողների, բայց դա սխալ է:

Պետք է ստեղծել միջավայր, որ երեխաները տեսնեն, օրինակ՝ երկրի որևէ պաշտոնյա ինչ-որ միջոցառման ժամանակ գիրք է վերլուծում։ Այս տեսակի բաներ են հարկավոր, որ երեխաները հասկանան, որ սովորելը կարևոր է, իսկ իրենք տեսնում են հարստություն, շքեղ մեքենաներ և ուզում են գնալ այդ ուղղությամբ։

-Կարծում եք՝ պետությունը, համապատասխան գերատեսչությունը չեն գիտակցո՞ւմ այս ամենը, թե՞ գիտակցելով հանդերձ, չեն ստեղծում սովորելու միջավայրը։

-Կարծում եմ՝ գիտակցում են, բայց տեսակետ կա, որ լուրջ մարդիկ պետք է զբաղվեն քաղաքական կամ տնտեսական հարցերով, իսկ կրթությունը մանկական, կենացների մակարդակի մի բան է։

Հենց տեղը գա՝ մի ճառ կասենք, որ կրթությունը կարևոր է, բայց ո՞ւր են այն օրինակները, որոնք պետք է ցույց տան, որ դա իրոք կարևոր է։ Երբևէ լսե՞լ եք՝ որևէ պաշտոնյա ասի, որ փող աշխատելը կարևոր է, շքեղ կյանքը կարևոր է, չեն ասում, չէ՞, բայց դա կա, այսինքն՝ ինչից խոսում են՝ չկա, ինչից չեն խոսում՝ կա, և երեխաները դա շատ լավ հասկանում են։

-Պարո՛ն Խաչատրյան, պետական մակարդակով երբվանի՞ց սկսած կրթությունը դարձավ ճառ ասելու ևս մեկ թեմա, ե՞րբ սկսեցին Հայաստանում կրթությունը չարժևորել։

-Այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը փլուզվեց՝ 90-ականներին, երբ ուսուցչի աշխատավարձը դարձավ 3 հազար դրամ։ Այսինքն՝ երբ կրթությանը այլևս փող չհասավ, արդեն իրավիճակը փոխվեց։

– Եվ 90-ականներից մինչ օրս իրավիճակը հակառակ ուղղությամբ շրջելու քայլեր չե՞ն արվել։

-Չէ՛, որովհետև ղեկավարները զբաղվում են ուրիշ հարցերով՝ անվտանգություն, ոստիկանություն, բիզնես։ Նախընտրական ծրագրերում կրթությունը վերջին մասերում է, լուրերի թողարկումները նայեք, կրթության մասին խոսում են լուրերի վերջում։

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ եթե այս տեմպերը շարունակվեն, ի՞նչ որակի հասարակություն ենք ունենալու և ո՞ւր ենք հասնելու։

-Մեր խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր ունի այնպիսի կրթական համակարգ, որը միտված է ուղեղների արտահանմանը։ Հայաստանի լավագույն դպրոցներում տեղ չկա, իսկ այդ դպրոցներում բավական բարձր է ուսման վարձը:

Ինչո՞ւ է այդպես, որովհետև այդ դպրոցները շատ լավ պատրաստում են աշակերտներին միջազգային կյանքի համար, և այնտեղ սովորող երեխաները հեշտությամբ կարողանում են ընդունվել դրսի համալսարաններ։ Մեր կրթական համակարգն այսօր միտված է այլ երկրներին ուղեղներ մատակարարելուն, քան սեփական երկրի տնտեսության զարգացմանը։

Սա բերելու է նրան, որ խելացիները դուրս են գալու Հայաստանից, և Հայաստանի զարգացման հնարավորություններն էլ ավելի կսահմանափակվեն։

-Ամփոփելով՝ կխնդրեմ բնորոշեք կրթական համակարգի այսօրվա վիճակը։ Իրավիճակի բարելավման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Պատերազմից հետո մի քիչ հույս ունեի, որովհետև մտածում էի, թե սա մեզ դաս կլինի ու կսթափվենք։ Բայց երբ նայում եմ, տպավորություն է, թե բան չի եղել, ինչը շատ մտահոգիչ է։

Կրթական համակարգում իներցիոն վիճակ է, այն տրված է շուկայական տրամաբանությանը, ինչը կարող է բավական վտանգավոր լինել։ Դրա հետևանքը կլինի այն, որ շուկայում ինչը կարևոր է՝ կմնա, ինչը՝ չէ, դուրս կմղվի, իսկ դա կխանգարի մեզ պետականություն կառուցելու գործում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am