Գայլը սարի ետևն է. բնապահպաններն ահազանգում են` գայլերի որսի խրախուսման հետևանքները կարող են անդառնալի լինել

Գայլը սարի ետևն է. բնապահպաններն ահազանգում են` գայլերի որսի խրախուսման հետևանքները կարող են անդառնալի լինել
Գայլը սարի ետևն է. բնապահպաններն ահազանգում են` գայլերի որսի խրախուսման հետևանքները կարող են անդառնալի լինել

Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում Հայաստանի տարբեր գյուղերից ստացված բազմաթիվ ահազանգերը գայլերի գրոհների և ավերածությունների մասին` օրեր առաջ կառավարությունը որոշում է ընդունել դրամային պարգևատրում սահմանել յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց:
Սակայն այս որոշումը, ըստ բնապահպանների, կարող է «անդառնալի» հետևանքներ ունենալ: Շատերը համոզված են, որ դրամական մեծ պարգևը` ամեն գայլի համար հարյուր հազար դրամ, կարող է հանգեցնել նրանց ոչնչացմանը:
«Դա ակցիա է և մեզ համար անընդունելի է»,- «Մեդիալաբին» ասում է «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: – Չեմ կարծում, որ որոշումն ընդունելուց առաջ լուրջ ուսումնասիրություններ են արվել, հաշվի են առնվել անկախ փորձագետների կարծիքները»:

Փետրվարի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության մշակած գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը: Նպատակը գայլերի թվաքանակի կարգավորումն է, որոնք, ըստ կառավարության, երկրում շատացել են:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջացառումների իրականացման կարգը։ Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել 10 միլիոն դրամ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը»։

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի կարծիքով` իրականում Հայաստանում գայլերի կտրուկ աճ չկա, կենդանիները պարզապես սոված են:

«Մենք կարծում ենք, որ գայլերի քանակը Հայաստանում չի մեծացել: Պարզապես ոչնչացվել են նրանց բնադրավայրերը, գայլերի համար դժվարացել է  կեր հայթայթելը: Նրանց գյուղ է բերում միայն կերը: Սխալ է ասել, որ գայլերի պոպուլյացիան շատացել է»,- «Մեդիալաբին» ասում է Սիլվա Ադամյանը:

Նրա կարծիքով` կարելի էր հարցի այլ լուծում գտնել, օրինակ` զինել գյուղացիներին որսորդական հրացաններով, բայց նրանց չշահագրգռել վճարով:

«Բնության մեջ յուրաքանչյուր մարդկային միջամտություն պետք է շատ զգույշ արվի: Հենց այնպես որոշել, որ գայլերին կարելի է ոչնչացնել ու դրա համար գումար վճարել և որսագողերին ուրախացնել` ճիշտ չէ»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Այդուհանդերձ կառավարարության ներկայացուցիչները վկայում են, որ գայլերի հարձակումներն անհերքելի փաստ են և չի կարելի աչք փակել այն վնասի վրա, որ կրում են գյուղացիները սոված գայլերի հարձակումների հետևանքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամլո ծառայությունից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ չնայած, որ 2011 թվականին դեռևս ոչ մի արձագանք չեն ստացել, այդուհանդերձ գայլերի հարձակումների մասին տեղեկություններ պարբերաբար ստացվում են:

«Այս հարցով վիճակագրություն չունենք, սակայն վերջին անգամ մեր ծառայության ստացած ահազանգը եղել է անցյալ տարվա նոյեմբերի 15-ին և 17-ին: Մի դեպքը Լոռու, մյուսը` Արագածոտնի մարզից: Ընդ որում, Լոռու մարզից տեղեկացրել են, որ վերջին երեք ամսվա ընթացքում գայլերը հարձակվել և հոշոտել են նաև խոշոր եղջերավոր կենդանիներին»,- «Մեդիալաբին» տեղեկացրին ծառայությունում:

Մինչդեռ բնապահպանական կառույցներին զարմացնում ու վրդովում է այն հանգամանքը, որ կառավարությունը որոշում է ընդունել` առանց անկախ մասնագետների և գիտնականների հետ նախապես խորհրդակցելու:

«Մեզ համար զարմանալի է` ինչո՞ւ ենք մենք կանգնել փաստի առաջ, երբ տեղեկացել ենք կառավարության որոշման մասին: Ինչո՞ւ որոշումն ընդունելուց առաջ գիտնականների, մասնագետների հետ չեն քննարկել»,- «Մեդիալաբին» ասում է Սիլվա Ադամյանը:

Այդուհանդերձ բնապահպաններին այսօր ավելի շատ անհանգստացնում են ոչ թե որոշման պատճառները, այլ հետևանքները:

«Մենք ունենք պատմական դաժան փորձ, երբ խորհրդային տարիներին մեկ ու կես միլիոն գայլ ոչնչացվեց Սովետական Միության կողմից: Եվ այսօր մենք կանգնել ենք նման մի խնդրի առաջ»,- «Մեդիալաբին» ասում է Սիլվա Ադամյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am