Շուշիի անտառներում, Ջրականում և Կովսականում շրջափակման մեջ հայ զինծառայողներ կան, և պետք է բարձրացնել նրանց վերադարձնելու հարցը․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ Հայաստանն այս օրերին բնավ հեղաշրջման իրավիճակում չէ, բայց կա քաղաքական ճգնաժամ։

«Վարչապետի վերջին որոշումների պատճառով Հայաստանը հայտնվել է, ինչպես ինքն ասաց՝ հայրենական պատերազմում անձնատվության և գոյութենական վտանգի առջև։ Նման պարագաներում խոսել հեղաշրջման մասին՝ միտում եմ տեսնում դրա մեջ», – «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Նարինե Դիլբարյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ այս պահին Հայաստանն ունի երկու խնդիր՝ «անձնատվության պայմանագիրը» դարձնել իրատեսական ու ազգային շահին համապատասխան և երկրի ներսում խուսափել բռնություններից, շարժվել ժողովրդավարական սկզբունքներով։

Ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի և ՌԴ ու ԱՀ նախագահների ստորագրած փաստաթուղթը դարձնել ազգային շահին համապատասխան հարցին՝ Նարինե Դիլբարյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ դրանում որոշ դրույթներ պետք է բխեն նաև Հայաստանի շահերից, օրինակ՝ պետք է վերանայվեն քաղաքացիներին իրենց բնակավայրերից հանելու ժամկետները, վերադարձնել հայ գերիներին այն դեպքում, երբ հայտնի է, որ շատ գրաված տարածքներում հայ զինծառայողներ կան, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։

«Կան տեղեկություններ, որ Շուշիի անտառներում, Ջրականում և Կովսականում շրջափակման մեջ հայ զինծառայողներ կան, բայց Ադրբեջանը կարծես հապաղում է ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ շփման դուրս չի գալիս նրանց փոխանցելու հարցով։

Այդ է պատճառը, որ մենք կարծում ենք՝ քննարկումներ պետք է լինեն, և այդ համաձայնագրում հնարավոր սրբագրումներ ու խմբագրումներ պետք է արվեն։

Ես մեծ հույս ունեի, որ Ազգային ժողովում, հատկապես մեծամասնությունը արտահերթ նիստ կհրավիրի՝ օրակարգում ունենալով համաձայնագիր-հայտարարության քննարկման հարցը։

Սակայն ես տեսնում եմ, որ դրա փոխարեն մեզ անընդհատ փորձում են սպառնալ քաղաքացիական պատերազմով։ Բայց ես հուսով եմ, որ ողջամտությունը կհաղթի», – նշեց Նարինե Դիլբարյանը։

«Ժառանգության» առաջնորդի տարակուսանքն է առաջացնում այն, որ ուժային մեթոդներով հիմա փորձ է արվում խեղդել դժգոհությունը՝ մարդկանց հրապարակից բերման են ենթարկում, վարչական ակտեր կազմում և այլն։

«Իշխանությանը ենթակա ուժային կառույցները, փաստորեն, փորձում են ճնշումներ գործադրել։ Ես կարծում եմ, հարցերը պետք է լուծել սահմանադրական, օրենսդրական ճանապարհներով, այսինքն՝ Ազգային ժողովով»,- նշեց Դիլբարյանը։

Ինչ վերաբերում է համաձայնագրի բովանդակությանը, ապա «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը նշեց, որ դրան իրենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանի ընդդդիմադիր կուսակցությունները, ծանոթ են եղել դեռ մինչև այն ստորագրելը։ 

«Այդ փաստաթղթի ստորագրումից շատ ավելի վաղ ասվել է դրա բովադակությունը և նշվել, որ մենք պետք է մտածենք պահել այն, ինչ ունենք, և ոչ թե մտածենք, թե ինչը տանք։ Պարզապես Մեղրիի հարցը երբ հնչեց, վարչապետը չպատասխանեց։ Իսկ այն, որ Ադրբեջանն ուզում է Շուշին, վերջին հանդիպման ժամանակ արդեն նշվում էր», -նշեց Դիլբարյանը։

Հարցին, թե վարչապետի հրաժարականի պահանջը տեղի՞ն է այս փուլում, քաղաքական գործիչը պատասխանեց․ «Եթե իրավիճակը ուղղվելու է՝ այո՛։ Եթե սկսվում են նոր բանակցություններ, որոնք կսրբագրեն կատարվածը, ապա՝ այո՛։ Ես, ընդհանրապես, միայն օրենսդրական ճանապարհների կողմնակից եմ։ Վարչապետի փոփոխությունը ևս պետք է կատարվի բացառապես օրենսդրական ճանապարհներով»։ 

Հասմիկ Համբարձումյան

Medialab.am