ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Արթուր Վանեցյանի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօր ավելի վաղ արած գրառում-հայտարարությունները չափազանց լուրջ են և վտանգավոր։ Իհարկե, Հակոբյանն իր գրառման մեջ զուտ ոճական առումով հնչեցրել է հռետորական հարցեր, սակայն բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դա ընդամենը հնչած լրջագույն մեղադրանքները անուղղակի դարձնելու փորձ է։ Դրանք լուրջ են հաշվի առնելով երկու հանգամանք՝ Հրաչյա Հակոբյանը իշխող կուսակցության անդամ է, իշխող կուսակցության խորհրդարնական խմբակցության ներկայացուցիչ և միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամը, ազգականը։ Այսինքն՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ առումով հնչած հայտարարությունները ըստ էության իշխանության մոտեցումներն են, թեև իհարկե, Հրաչյա Հակոբյանը այն ներկայացրել է անձնական գրառման ձևաչափով։
Ես խորապես համոզված եմ, որ թեկուզ հռեոտրական հարցերի ձևով ներկայացված տեղեկությունները պետք է հատուկ ուսումնասիրության առարկա դառնան պատկան մարմինների, իրավապահ, քննչական կառույցների կողմից, չեմ բացառում անգամ այդ հարցը խորհրդարանում ինչ-որ ձևաչափով քննարկելու անհրաժեշտությունը, որովհետև իշխող խմբակցության պատգամավորը առնվազն ակնարկում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը կարող է հավաքագրված լինել այլ պետության կողմից։ Նա ակնարկում է նաև, որ այդ մասին տեղյակ է եղել ու է՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պետակական դավաճանությունը ծանրագույն հանցագործություն է, և անթույլատրելի է դա անհետևանք թողնելը, եթե անգամ դա կարող է վնասել այլ երկրի հետ մեր հարաբերությունները, ինչպես կրկին ակնարկում է Հրաչյա Հակոբյանը։
Հայաստանի ինքիշխանությունն ու պետական շահը վեր է ամեն ինչից, և եթե որևէ այլ, թեկուզ բարեկամ երկիր ոտնձգություն է կատարել այդ շահերի դեմ, ապա դա պետք է բացահայտել և արժանացնել համարժեք գնահատականի»։