Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար հարաբերություններ եմ ունեցել, քան Փաշինյանի. Լևոն Տեր-Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային կոնգրեսի ցուցակով խորհրդարան մտնելուց հետո հենց առաջին օրը իր կապերը խզել է Կոնգրեսի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին բնութագրելու մասին հարց-խնդրանքին:

Նրա խոսքով, Փաշինյանի հետ ավելի քիչ ճանապարհ է անցել՝ 2-3 տարի:

«Խզվեցին կապերը, երբնա պատգամավոր դարձավ: Իրեն պետք էր պատգամավոր լինել, որ, որ դառնա հանրային դեմք: Բայց այդ մարդը շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ որ դրել է, արել է: Հետո տեսանք չէ՞ այդ ռյուկզակը հագավ ու եկավ, դառավ Հայաստանի թագավոր», -ասել է ՀՀ առաջին նախագահը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին, Տեր-Պետրոսյանն ասել է, որ ի տարբերություն Փաշինյանի, նրանց հետ ինքը բավականին երկար է շփվել ու համագործակցել:

«Այստեղ ի՞նչ կա: Կարող ենք համագործակցել, շատ լավ աշխատել, բայց ինչ-որ պահի կարող են կապերը խզվել: Եվ խզվեցին այդ սկզբունքային հարցի պատճառով: Եվ Վազգեն Սարգսյանի, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի հետ մեր հարաբերությունները 1998 թվականի իրադարձություններով բացարձակապես խզվեցին մեր կապերը: Վերջ», -հավելել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի և Փաշինյանի հռետորաբանությանը, ՀՀ առաջին նախագահը դա անընդունելի համարեց: