Իրանի գործողությունները կախված են նրանից, թե Հայաստանն ի՛նչ որոշում կընդունի ու ի՛նչ տեսակ աջակցություն կցանկանա. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Ինչպե՞ս եք գնահատում նաև նախագահ Ռայիսիի՝ «Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը» հայտարարությունը։ 

– Այցի նպատակը Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցությունն էր, որոնք պարբերաբար անցկացվում են Երևանում ու Թեհրանում։ Նիստի ընթացքում հիմնականում քննարկվում են հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները, ընթացիկ ծրագրերը, նաև հաճախ ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։ 

Այս նիստի մասով՝ դեռ չկա հստակ տեղեկատվություն նոր պայմանավորվածությունների մասին, իհարկե, մենք գիտենք, որ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում տեղ են գտել որոշակի պայմանավորվածություններ, բայց այդ մասին դեռևս այլ մանրամասներ հայտնի չեն։ 

Ընդհանուր առմամբ, բնականաբար, քննարկվել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր, օրինակ՝ ևս մեկ անգամ հիշատակվել է առևտրաշրջանառությունը մինչև 3 միլիարդ դոլարի հասցնելու երկու կողմերի նպատակը, բայց պետք է նկատենք, որ այսօր առևտրաշրջանառությունը 1 միլիարդի էլ դեռ չի հասել, բայց այն տեմպերով, որ այսօր աճում են այդ ծավալները, ապագայում հեշտ հասանելի է դառնալու առևտրաշրջանառության նշված ծավալը։ 

Քննարկվել են ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցեր, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը միտված իրանական ընկերությունների մասնակցությունը: Գիտենք, որ Իրանը մասնակցում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությանը, ու կարծես թե արդեն սկսվել է շինարարությունն այդ հատվածում։ 

Խոսելով Ռայիսիի հայտարարության մասին՝ այո՛, նա Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը մի քանի հետաքրքիր ուղերձներ ու շեշտադրումներ է արել, որոնք, ընդհանուր առմամբ, նորություն չեն պարունակում ու հիմնականում վերահաստատում են իրանական կողմի դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների և հիմնախնդիրների վերաբերյալ։ 

Ինչ վերաբերում է երաշխավոր լինելու Ռայիսիի հայտարարությանը, մենք այստեղ պետք է նկատենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Իրանը փորձում է բավականին ակտիվ լինել Հարավային Կովկասում, որովհետև 20 թվականի Արցախյան պատերազմի վերջնարդյունքը սպառնալիքներ է պարունակում նաև Իրանի համար, ու հենց Իրանում շատ էին փորձագետները, որոնք նշում էին, որ այս պարտությունը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև Իրանի, որովհետև նոր մարտահրավերներ են առաջացել Իրանի համար։ 

Այս համատեքստում խիստ կարևորվեց ու առաջնահերթություն ստացավ Հարավային Կովկասում Իրանի ակտիվությունը, ու պատահական չէ, որ դեռ պատերազմի ընթացքում Իրանը փորձեց միջնորդություն իրականացնել՝ հրադադար հաստատելու համար: Պատերազմից հետո Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջայց կատարեց, որպեսզի կյանքի կոչի «3+3» ձևաչափը: Իրանն առհասարակ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում բավականին ակտիվ է եղել ու մինչ օրս էլ տարբեր առիթներով բարձրաձայնում է, որ պատրաստ է միջնորդական առաքելություն իրականացնել։ 

Ըստ էության, Ռայիսին ևս, խոսելով այդ անվտանգության երաշխավոր լինելու Իրանի պատրաստակամության մասին, նկատի է ունեցել Իրանի ակտիվ դերակատարման պատրաստակամությունը, դա կարող է լինել թե՛ հենց միջնորդության իրականացման տեսքով, թե՛ բազմակողմ ձևաչափերի ակտիվացմամբ։ 

Այս ուղերձը կարող է նաև այլ ենթատեքստ պարունակել ու վերաբերել Իրանի այլ բնույթի ներգրավվածությանը, բայց այս մասին պնդումներ այս պահին չենք կարող անել, քանի որ հիմնականում նման քննարկումները լինում են փակ ձևաչափով։ 

Ընդհանուր առմամբ, կարող ենք հասկանալ, որ Իրանը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանն այսօր զբաղված է ուկրաինական պատերազմով, ու սա նաև Իրանում դիտարկում են Հարավային Կովկասում ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալու հնարավորություն։ 

Առհասարակ, Հարավային Կովկասն Իրանում համարում են իրենց պատմական տարածք, ու Իրանի համար շատ ցանկալի է նորից ներկայություն ունենալ այս տարածաշրջանում։ Ընդհանուր արձանագրումը, որ կարող ենք անել, այն է, որ Իրանը ցանկանում է ակտիվ ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում։ 

– Կարմիր գիծ ասելով՝ Իրանն ի՞նչ նկատի ունի, դրանք մեզ հայտնի կետերն են, թե՞ Իրանի կարմիր գծերում փոփոխություններ կան։

– Ո՛չ, Իրանի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը, դրանք վերաբերում են այսպես կոչված արտատարածքային միջանցքին, այսինքն՝ իրանական կողմի համար անընդունելի է, որ Հայաստանի տարածքով անցնի ճանապարհ, որը չի լինելու Հայաստանի վերահսկողության ներքո: 

Իրանական կողմի համար անընդունելի է նաև օտար ուժերի ներկայությունը, ինչի մասին Ռայիսին նշել էր նաև Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Սրանք են այդ հիմնական կարմիր գծերը, որոնց մասին բազմիցս հայտարարել են, ու ես, ինչպես միշտ շեշտում եմ, որ այս կարմիր գծերը գործում են ոչ միայն Հարավային Կովկասի դեպքում, այլ նաև նույնն են տարածաշրջանային մյուս երկրների դեպքում։ 

– Տիկի՛ն Վարդանյան, սահմանային վերջին էսկալացիան հաշվի առնելով, նկատի ունենալով նաև այն, որ ադրբեջանական ու թուրքական կողմը հայտարարում է, թե Հայաստանը պետք է կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման պարտավորությունը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով ստանալ այդ «միջանցքը», ապա Իրանը ռազմական համապատասխան միջամտության կգնա՞։ 

– Իրականում բարդ է ասել, թե ինչպիսին կլինեն Իրանի գործողությունները նման սցենարի պարագայում, բայց այն ուղերձները, որոնք տարատեսակ առիթների ժամանակ հնչեցնում են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, դրանց ենթատեքստն այն է, որ Հայաստանն ինքը առաջին հերթին սեփական ուժերով պետք է պաշտպանի սեփական սահմաններն ու անվտանգությունը, իսկ Իրանն այդ դեպքում կարող է հանդես գալ օժանդակողի դերում։ Այսինքն՝ Իրանի գործողությունները կախված են նրանից, թե Հայաստանն ի՛նչ որոշում կընդունի ու ի՛նչ տեսակ աջակցություն կցանկանա։ 

Բնականաբար, Իրանը հակված է իր ազդեցությունն ու ներկայությունը տարածելուն, ընդհուպ ռազմական ներկայությունը ընդլայնելուն, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի Հայաստանի համապատասխան որոշումը, որն արդեն Հայաստանի համար լրիվ նոր իրականություն կնշանակի, եթե նման բան տեղի ունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am