«Սթրեսային ապրումները հանգեցնում են շաքարային դիաբետով հիվանդացության աճին». Ելենա Աղաջանովա

Մարդկանց մոտ սթրեսային վիճակները հանգեցնում են շաքարային դիաբետով հիվանդացության աճին:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք տեսնում ենք հիվանդացության աճ, և դա նաև պայմանավորված է սթրեսային կյանքով, սթրեսային վիճակներով: Սկզբում քովիդ, հետո՝ պատերազմ: Մարդիկ, որոնք անմիջապես կապված չեն պատերազմի հետ կամ զոհեր չունեն, միևնույն է, այդ ամենը ազդում է մարդու էմոցիոնալ վիճակի, հոգեբանության վրա, ու, այո՛, շաքարային դիաբետի թվերը բարձրանում են»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան:

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021-ին Հայաստանում արձանագրվել է շաքարային դիաբետի ընդհանուր 109 983, իսկ 2020-ին՝ 105 618 դեպք:

Սթրեսային ապրումները ոչ միայն շաքարային դիաբետով հիվանդացության, այլ նաև էնդոկրին համակարգի այլ հիվանդությունների պատճառ են համարվում: Սակայն էնդոկրին հիվանդությունների մեջ, ըստ Աղաջանովայի, շաքարային դիաբետն առանձնանում է, քանի որ հիվանդների թիվն է շատ. աշխարհում կես միլիարդից ավելի մարդ շաքարային դիաբետ ունի:

Շաքարային դիաբետն էնդոկրին հիվանդություն է, պայմանավորված է արյան մեջ գլյուկոզի յուրացման խանգարմամբ և զարգանում է ինսուլինի հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով, ինչի պատճառով առաջանում է գերշաքարություն՝ հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզի քանակի կայուն բարձրացում)։

Առանձնացնում են շաքարային դիաբետի 2 հիմնական տեսակ՝
1-ին տիպի շաքարային դիաբետ կամ ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ, որի պատճառը ենթաստամոքսային գեղձի` անբավարար քանակի ինսուլինի արտադրումն է։

2-րդ տիպի շաքարային դիաբետը կամ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, և բջիջներն ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։

«Այս երկու տիպերը տարբերվում են նրանով, որ 1-ին տիպը ավելի շատ երեխաների, երիտասարդների մոտ է հանդիպում ու պայմանավորված է նրանց մոտ ինսուլինի անբավարարությամբ: Այսինքն՝ բացարձակ ինսուլին չի արտադրվում:

Իսկ 2-րդ տիպն այն է, երբ ինսուլին արտադրվում է, բայց ինչ-ինչ պատճառով լավ չի աշխատում կամ որակապես լիարժեք չէ, իսկ ինսուլինի քանակը գնալով նվազում է:

Երկու տիպերի դեպքում էլ գլյուկոզի տատանումներ կարող են լինել սթրեսային վիճակների հետևանքով: Ցանկացած օրգանիզմի համար սթրեսը կամ հուզական վիճակը կարող է առաջացնել նման հիվանդություն»,- բացատրում է Ելենա Աղաջանովան:

Բացի այդ, ինսուլինի անբավարարություն կարող է առաջանալ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, ինչպիսին, օրինակ՝ կորոնավիրուսն էր, հատկապես երբ այդ հիվանդությունն ուղեկցվում է տենդով: «Բոլոր այդ վիճակները բերում են ինսուլինի պահանջի ավելացման, իսկ երբ պահանջն ավելանում է, և օրգանիզմն էլ չունի, չի կարող այդքան ինսուլին արտադրել, առաջանում են շաքարի անբավարարության նշաններ»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ իր գործունեության ժամանակ եղել են դեպքեր, երբ մարդիկ եկել և ասել են՝ քովիդից հետո իրենց մոտ առաջացել է շաքարային դիաբետ: Սակայն կլինիկայի վարիչի խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման դեպքերում հիմնականում մարդը մինչև քովիդով վարակվելը ունեցել է շաքարային դիաբետով հիվանդացության նախադրյալ, բայց դրա մասին տեղյակ չի եղել:

«Քանի որ օրգանիզմում արդեն կա ինսուլինի արտադրման խանգարումը, և երբ, օրինակ՝ քովիդի ժամանակ օրգանիզմը սթրես է ապրում, շատանում է ինսուլինի պահանջը, ենթաստամոքսային գեղձի խնդիրն արդեն ակնհայտ է դառնում»,- նշում է Աղաջանովան:

Մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար գնալ ու բուժզննում անցնել: Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներում հիմա 40-45 տարեկանից բարձր անձանց հետազոտում են, արյուն վերցնում՝ պարզելու՝ կա՞ խնդիր, թե՞ ոչ: «Մարդիկ պետք է իմանան այդ մասին ու գնան պոլիկլինիկա, կամ եթե նրանց կանչում են, չպետք է հրաժարվեն ու գնան, որովհետև դա թույլ է տալիս անգամ մինչև կլինիկական նշանների ի հայտ գալը հայտնաբերել ածխաջրածնային նյութափոխանակության խանգարումները»,- նշում է Ելենա Աղաջանովան:

Կատարված հետազոտության արդյունքում եթե հայտնաբերվում է շաքարային դիաբետ, նշանակվում է դեղորայքային բուժում: Հնարավոր է՝ նույնիսկ դեղորայքային միջամտություն չկատարվի, և միայն կենսակերպի փոփոխությամբ պայքարել դիաբետի զարգացման դեմ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am