«Չի բարձրացել ո՛չ թոշակ, ո՛չ աշխատավարձ, բայց այն ազատ հոգեվիճակը, որ ապրում ենք այսօր, ամեն ինչ արժի». Էջմիածինը նոր հույսով նշում է քաղաքի տոնը

«Չի բարձրացել ո՛չ թոշակ, ո՛չ աշխատավարձ, բայց այն ազատ հոգեվիճակը, որ ապրում ենք այսօր, ամեն ինչ արժի». Էջմիածինը նոր հույսով նշում է քաղաքի տոնը
«Չի բարձրացել ո՛չ թոշակ, ո՛չ աշխատավարձ, բայց այն ազատ հոգեվիճակը, որ ապրում ենք այսօր, ամեն ինչ արժի». Էջմիածինը նոր հույսով նշում է քաղաքի տոնը

«Թեկուզ չի բարձրացել ո՛չ թոշակ, ո՛չ աշխատավարձ, անգամ ինչ-որ տեղ գնաճ կա, բայց մենք ազատ ենք, ոչինչ, որ լոլիկը թանկացել է, երկուսի փոխարեն մեկը կուտենք, բայց այն ազատ հոգեվիճակը, որ ապրում ենք այսօր, ամեն ինչ արժի։ Ոչինչ, թող չբարձրանան աշխատավարձերը, թոշակները, պարզ է, նոր երկիր ենք կառուցում, քանդված ավերակների վրա կառուցում ենք, ոչ թե վերակառուցում»,- «Մեդիալաբին» ասում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Աբրահամյանը, ով մասնակցում էր Էջմիածնի 2703-ամյակի տոնական միջոցառումներին։

Հասմիկ Աբրահամյանը

Ավելի քան 46 հազար բնակիչ ունեցող Էջմիածնի համար հոկտեմբերի 7-ն աննախադեպ օր էր, Մանվել Գրիգորյանի՝ գրեթե քսան տարի տևած տիրապետությունը թոթափած էջմիածնեցու դեմքին ժպիտ, լավատեսություն ու հույս են հայտնվել։

Քաղաքի բնակիչներից Սուրիկ Հովհաննիսյանը նշում է. Էջմիածինը ազատվել է բռնապետներից, ովքեր թալանում էին, ջարդում, սպանում, ահաբեկում, նսեմացնում մարդկանց։

«Ո՞վ կարող էր ա՛յ էսպես ազատ կանգնել, կգային կասեին՝ փախե՛ք, Մանվելը գալիս է…. Սաշիկը ոնց էր 50 տոկոս փայ մտնում, էստեղ էլ նման մի բան էր։ Բայց հիմա էդպես չէ»,- ասում է Հովհաննիսյանը։

Ապրիլյան թավշյա հեղափոխության շունչը էջմիածնեցիներն իրենց մաշկի վրա զգացին, ասում են, որ դա հաղթանակ էր նախևառաջ իրենց քաղաքի համար։

«Հեղափոխության շնորհիվ Էջմիածինն ազատվեց պորտաբույծներից։ Կանգնում էին մայթերին, էլ հաշվիչ չէին առնում՝ ովքե՛ր են անցորդները, հայհոյանքից բացի ուրիշ խոսք չէինք լսում։ Բախտի բերմամբ դարձել էին Քաջ Նազարներ ու տիրացել Էջմիածին քաղաքին։ Ձախ կողմը մեկինն էր, աջը՝ մյուսինը»,- ասում է Էջմիածնի բնակիչ, թոշակառու Ռաֆիկ Հարությունյանը։

Սրտնեղում են, որ փոփոխությունները դանդաղ են տեղի ունենում, բայց մյուս կողմից էլ համոզված են, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք։

«Չէին թողնում երիտասարդները շնչեին, ապրեին, մի գործ դնեին։ Հիմա գիտեմ մարդկանց, որ աշխատում են, գործ դնում, մի քանի տեղ նոր օբյեկտներ են բացվել, ու մարդիկ մենակ են աշխատում, մեկը չկա, որ կպահանջի «փայ մտնել» հետները»,- ասում է էջմիածնեցի Ռուզաննա Հայրապետյանը։

Էջմիածնեցիներից շատերն էլ քաղաքի տոնը օգտագործել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը բաց չթողնելու համար։

«Նիկոլին ո՛չ ծանոթ ենք, ո՛չ տեսել ենք մոտիկից, բայց նա մեզ փրկել է, պարզերես է արել ամբողջ աշխարհում»,- ասում է էջմիածնեցի Երջանիկ Իգիթյանը։

Դիմելով Էջմիածնի հրապարակում հավաքվածներին՝ քաղաք այցելած Փաշինյանը բարձրախոսով հայտարարում է, որ այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածնեցին ազատ է, անկախ է և հզոր է։

Էջմիածնեցիներն ամենաշատը իրենք գիտեն ազատության գինը։

Որպես նախկին լրագրող, քաղբանտարկյալ, պատգամավոր՝ նա ներողություն խնդրեց էջմիածնեցիներից այն բոլոր տարիների համար, որի ընթացքում չեն կարողացել ինչպես պետք է օգնել։

«Բայց, ի վերջո, մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում էինք դեպի ազատություն և դեպի օրինականություն»,- Փաշինյանի խոսքերը խանդավառությամբ ընդունվեցին։

Գրող, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, ով Էջմիածին է տեղափոխվել Իրանից 1970 թվականին, մեծ հայրենադարձության տարիներին, նշում է, որ երկիրը կառուցելու համար ժամանակ և համբերություն են անհրաժեշտ։

«Մարդիկ կան, ովքեր շատ արագ են ուզում տեսնել այդ փոփոխությունները, բայց ամեն ինչի համար ժամանակ է պահանջվում։ Ամեն դեպքում ես վաղուց էի սպասել այս օրվան, ցնծության մեջ եմ»,- ասում է Հախվերդյանը։

Հոկտեմբերի 21-ին Էջմիածինը պատրաստվում է քաղաքապետի արտահերթ ընտրությունների։ Ներկայացված թեկնածուների թիվը հասնում է 14-ի, ինչն աննախադեպ է քաղաքի կյանքում։

«Վախի մթնոլորտը վերացել է։ Ոչ ոք ոչ ոքի չի թելադրում, դու կդնես կամ չես դնի, կամ կդնես պարզապես դնելու համար։ Թեկնածուների առատությունը, անկախ նրանից, թե ովքեր են, խոսում է այն մասին, որ չեն վախենում։ Սա մեծ առաջընթաց է»,- ասում է Հասմիկ Աբրահամյանը։

Անժելա Թադևոսյանը

Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանն էլ նշում է. քաղաքում այլ տրամադրություն է, մարդիկ ուրախ են, լավատես։

«Այս փոքր քաղաքի համար իսկապես շատ են 14 թեկնածուները, բայց կարևորը՝ ազատ են, ու սա խոսում է ազատ կամքի դրսևորման մասին։ Ու տա Աստված, որ Էջմիածինը շահի, ծաղկի ու ավելի ջերմ լինի»,- ասում է թանգարանի տնօրենը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am