Ադրբեջանն այս կերպ փորձում է ճնշել, որ զիջումների հասնի այն կետերում, որոնցում Հայաստանը զիջումների չի գնացել ԱՄՆ-ում. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, վաղ առավոտից ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը Սոթքի ուղղությամբ։ Բանակցություններից հետո, բանակցություններին ընդառաջ ինչո՞ւ է Ադրբեջանն այս քայլին գնում։

– Փորձում է հավելյալ ճնշում գեներացնել, որը հնարավորություն կտա իրեն բանակցությունների սեղանի շուրջ ավելի կոշտ դիրքերից հանդես գալ ու ստիպել Հայաստանին զիջումների գնալ այն կետերում, որոնցում Հայաստանը զիջումների չի գնացել ԱՄՆ-ում։

– Այսինքն՝ հիմնական նպատակը զիջումներ պարտադրե՞լն է։

– Այո՛, ու այդ զիջումները կարող են լինել ոչ միայն Ադրբեջանի համար, այլև, օրինակ՝  երեկ Զախարովայի հայտարարած ՀԱՊԿ ինչ-որ անհասկանալի առաքելության տեղակայման մասով: Զիջումները կարող են լինել նաև այլ ոլորտներում, որոնցից կարող են լինել հանքերի շահագործման հետ կապված անհամաձայնությունների մասով, այսինքն՝ բանակցությունների սեղանին քննարկման շատ լայն շրջանակներ կան, ու այս սադրանքներն ուղղված են դրա տարբեր կետերի հետ կապված Հայաստանի վրա ճնշումն ավելացնելուն։

– Հիմա իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, բայց ինչ եք կարծում՝ սադրանքները շարունակվելո՞ւ են։

– Իհարկե, կարող է այսօր չշարունակվեն կամ այս բանակցություններին ընդառաջ չշարունակվեն, բայց դրանք անընդհատ են լինելու, քանի որ տեսանելի ապագայում պայմանագիր չի կնքվելու, բոլոր խոսակցությունները հեռու են իրականությունից, թե հանգուցալուծմանը մոտ ենք։ Հայաստանը պետք է պատրաստ լինի շարունակական սադրանքների։

– Ճնշումներին Հայաստանը կարո՞ղ է դիմագրավել, թե՞ զիջումների կգնա։

– Բավական բարդ է կանխատեսումներ անելը, բայց հուսանք՝ չի գնա, որովհետև այս իրավիճակում զիջումների գնալ՝ նշանակում է հատել Հայաստանի կարմիր գծերը, որոնք առանց այդ էլ բավականին աղավաղված են։

– Պարո՛ն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին. մի մասը կարծում է, որ Մոսկվա գնալու որոշումը սխալ էր։ Սխա՞լ էր Մոսկվա մեկնելը, ու ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, որով դատապարտվում էր մայիսի 9-ին Մոսկվա մեկնած երկրների առաջնորդների քայլը։

– Ամբողջական տեղեկատվություն չունենք, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, հաշվի առնելով այն, որ Հայաստանը փորձում է հավասարակշռել արտաքին քաղաքականությունը, այլ ոչ թե փոխարինել մի ուժային կենտրոնը մյուսով: Հավանաբար Մոսկվա այս այցը ինչ-ինչ խնդիրներ բարձրաձայնելու և այդ խնդիրների վերաբերյալ համաձայնությունների հասնելու առիթ է եղել։ Ընդհանուր առմամբ, հավանաբար, Մոսկվայում լինելը բխում էր Հայաստանի շահերից, ու այս իրավիճակում պետք էր դա, երբ Հայաստանը փորձում է կողմերի միջև բալանսը պահպանել։ 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, ապա բնական է, որ Ռուսաստանի հետ պատերազմող երկիրը նման հայտարարությամբ պետք է հանդես գար, ու դա սպասելի էր: Հուսանք, որ ուկրաինացի մեր գործընկերները կհասկանան Հայաստանի իրադրությունը, հաշվի կառնեն դա, ու խնդիրներ չեն առաջանա կողմերի հարաբերություններում, ինչպես խնդիրներ չեն առաջանում հայ-ամերիկյան հարաբերություններում՝ տարիներ շարունակ հայ-իրանական հարաբերությունների պատճառով։

– Հաջողվո՞ւմ է այդ հավասարակշռությունը պահպանել կողմերի միջև։

– Դե, նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ամբողջապես ռուսական տիրույթում էր, այսօր կարծես թե փորձում ենք հավասարակշռել ու մեր շահերը պաշտպանելու համար հնարավորություն ենք փնտրում տարբեր հարթակներում, իսկ այդ հարթակների մեջ մտնում է նաև Ռուսաստանը, ու այստեղ էլ երևի ինչ-ինչ շահեր են եղել, որոնք իրացնելու համար էլ անհրաժեշտ է եղել Մոսկվա մեկնել։

– Պարո՛ն Ղևոնդյան, մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպելու են Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները, մայիսի 19-ին էլ՝ Մոսկվայում Միրզոյանն ու Բայրամովը։ Ի՞նչ ակնկալել այս հանդիպումներից։

– Բրյուսելի հանդիպումը, հավանաբար, շարունակությունը կլինի ԱՄՆ-ում արտգործնախարարների հանդիպման: Իհարկե մենք շատ հեռու ենք վերջնական հանգուցալուծումից, բայց հուսանք, որ ինչ-որ հարցերում հնարավոր կլինի կողմնորոշումների մոտեցում։ 

Գործընթացն ինքնին շատ կարևոր է, սա ինչ-որ չափով հնարավորություն է տալիս կառավարել սրացումների ռիսկերը, փոխհարաբերություններում իռացիոնալ գործողությունների ռիսկերը, իսկ այդ կառավարելն իր հերթին քաղաքական դիվիդենտ է, որը հիմնական ուժային կենտրոնները փորձում են իրենց ձեռքին պահել, ու շատ նորմալ է, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր ուժային կենտրոններում։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ այդ ուժային կենտրոնները ևս ունեն շահեր ու փորձում են դրանք իրացնել հենց գործընթացի, այլ ոչ թե հանգուցալուծման միջոցով։ Նորից նշեմ, որ հանգուցալուծումներից շատ հեռու ենք, բայց գործընթացն այսօր Հայաստանին անհրաժեշտ է ու կարևոր է, որ Հայաստանը դրա մաս կազմի։

– Համաձա՞յն եք հնչող մոտեցումներին, որ Արևմուտքին հաջողվել է գործընթացն իր կողմը շրջել։

– Ոչ թե հաջողվել է իր կողմը շրջել, այլ Արևմուտքն ամբողջությամբ իրացնում է Մինսկի խմբի՝ իր մասով պարտավորությունները, որովհետև այդ ձևաչափը բաղկացած էր արևմտյան ու ռուսական տիրույթներից։ Այս պահին այդ ձևաչափը գոյություն չունի, բայց դրա փոխարեն գործում է երեք հարթակ՝ արևմտյան երկու ՝ ԱՄՆ, ԵՄ հարթակը և ռուսական հարթակները։ 

Այսօր Արևմուտքը կարողանում է ամբողջությամբ իրացնել իր մասը, իսկ Ռուսաստանի հետ կապված, ըստ տարբեր գնահատականների, խնդիրներ են առաջանում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը ևս որոշակի չափով գործընթացի մաս է կազմում ու մասնակցում է դրան, ինչը հենց Մինսկի խմբի էվոլուցիոն վիճակն է։

– Այսինքն՝ այս փուլում էական առաջընթաց, արդյունք չսպասե՞նք կայացող հանդիպումներից։

– Ո՛չ, աշխարհի ներկա պայմաններում վերջնարդյունք սպասել պետք չէ ո՛չ արևմտյան, ո՛չ էլ ռուսական հարթակից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am