Զանգեզուր ՊՄԿ-ում խուզարկությունից հետո 1 անձ ձերբակալվել է, 1-ը՝ բերման ենթարկվել․ Վահե Հակոբյան․ Factor.am

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։ Ըստ նրա՝ կոմբինատում խուզարկություն իրականացնելուց հետո ձերբակալվել է բաժնի պետերից մեկը՝ Արմեն Անդրեասյանը և բերման է ենթարկվել Կոմբինատի իրավաբան Արա Վոնյանը։

Factor.am-ի հարցին, թե ունեն տեղեկություն՝ ինչ հիմքով են ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացնում կոմբինատում, Հակոբյանը նշեց․ «Եթե ես ճիշտ եմ հիշում՝ դատարանի որոշմամբ է, ինչ-որ անհիմն քրեական գործ կա հարուցված, ինչ-որ մեկի ցուցմունքի հիման վրա»։

Քաջարանի քաղաքապետ՝ Մանվել Փարամազյանի տան և ավտոմեքենայի խուզարկությունից հետո, ըստ Վահե Հակոբյանի, ԱԱԾ աշխատակիցները ոչինչ չեն հայտնաբերել, բայց նրան տեղափոխում են Երևան։