Պեսկովը մանրամասնել է,թե ինչ են քննարկելու Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Չինաստանում այս շաբաթ նախատեսված հանդիպման ընթացքում կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն իրականացնելու վերաբերյալ Մոսկվայի առաջարկը։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չի կարելի բացառել, որ Թրամփի հետ շփումների ընթացքում այս հարցը կբարձրացվի»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան մինչ այժմ Ուկրաինայից չի ստացել առաքելությանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ որևէ արձագանք։

Անդրադառնալով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հնարավոր միջնորդական դերակատարությանը՝ Պեսկովը նշել է, որ նա կանգնած է եղել մարդասիրական գործընթացի ակունքներում, և այդ ուղղությամբ արդեն ձևավորված փորձը կարող է օգտակար լինել։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ամերիկացի բանագնացների հետ հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել էր Կոնստանտինովկայում կիրառել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացված մարդասիրական գործընթացի փորձը։

ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել անվտանգությունը, իսկ ականազերծման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի հինգ օր։

Նշենք, որ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը գտնվում է ակտիվ ռազմական գործողությունների գոտում։