«Կենսաթոշակների, նպաստների այսչափ չնչին բարձրացումը հարցին լուծում չէ, ավելի շատ պոպուլիստական քայլ է». պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները, նպաստները: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը՝ հաշվի առնելով, որ որոշ ժամանակ առաջ ձեր խմբակցությունն էր նման առաջարկ ներկայացրել կառավարությանը:

– Կառավարության այս նախաձեռնությունը շատ ուշացած է, որովհետև միտված է գնաճի հետևանքների մեղմմանը, այնպիսի ահագնացող գնաճի, որը սկսվել էր 2021-ից: Այսինքն՝ մեկ տարի առաջ սկսված գնաճը հանգեցրեց ծանր հետևանքների, և միայն հիմա է կառավարությունը որոշում մեղմել այդ հետևանքները:

Բացի այդ, այնքան աննշան է բարձրացումը, որ բացարձակ դրական նշանակություն չի ունենալու: Տեսեք՝ կենսաթոշակը 3000 դրամով են ավելացնում սեպտեմբերի 1-ից, բայց միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղն ավելացել է 11 հազար դրամով: Եթե դիտարկենք, թե որքան է թանկացել կյանքը, և որքան են փորձում բարձրացնել սոցիալական վճարները, կտեսնեք, որ ակնհայտ անհամարժեքություն կա:

– Դուք ասում եք՝ ուշացած քայլ է, բայց իշխանական կողմից ասում են՝ ուշացած է, ուշացած չէ, կառավարությունը որոշեց ու գնաց այդ քայլին: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հիմա որոշեցին բարձրացնել այդ սոցիալական վճարները:

– Սա ընդամենը ասելիք ունենալու համար է: Ռուսաստանի Դաշնությունն այս տարվա ընթացքում երկու անգամ բարձրացրել է կենսաթոշակները, և ավելին, քան գնաճն է: Այ սա՛ է լուծումը: Եվ Հայաստանի կառավարությունն էլ փորձում է հետ չմնալ: Բայց այսչափ չնչին բարձրացումը հարցին լուծում չէ, ավելի շատ պոպուլիստական քայլ է:

Նույնիսկ այդ բարձրացումից հետո մարդկանց իրական եկամուտները ավելի ցածր են լինելու, քան 2020 թվականին էր, 2021-ին կամ այս տարվա սկզբին:

Եթե իրական խնդիրը լուծելու նպատակադրում ունենային, առնվազն այն առաջարկները, որոնք մեր խմբակցությունը ներկայացրել էր, կընդունեին: Դրանք իրական լուծումներ էին:

Այդ չնչին բարձրացումը վստահաբար հարցի լուծում չէ, և դիմելով այդ քայլին՝ փորձում են այնպես անել, որ խոսելու նյութ ունենան, հանրությանը մոլորեցնելու թեմա ունենան:

– Պարո՛ն Ավետիսյան, միաժամանակ, կառավարությունում գոհ են բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Մի կողմից գնաճ է, սոցիալական վիճակը՝ վատ, մյուս կողմից՝ բյուջեի հավաքագրումները գործադիրը գոհացուցիչ է համարում: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

– Այո՛, պետական բյուջեի եկամուտները աճում են և աճում են մոտ 25 տոկոսի չափով, որը պայմանավորված է տնտեսական ակտիվացմամբ. տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա վեց ամիսներին 11 տոկոս աճ է ունեցել: Բայց դրա համար կառավարությունը ոչ մի ջանք չի գործադրել, կառավարությունը դրա վրա զրոյական ազդեցություն ունի:

Այդ աճը պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան կատարած զբոսաշրջային այցելության աճով: Այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով որոշակի դրական ֆոն է ստեղծվել, և մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են եկել Հայաստան: Արդյունքում՝ առաջացել է լրացուցիչ պահանջարկ, հատկապես ծառայությունների ոլորտում: Նաև աննախադեպ ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել:

Այս պատահական գործոնը հանգեցրել է բյուջեի եկամուտների հավաքագրման ու տնտեսական ակտիվության աճին:

Այստեղ հակասությունն այն է, որ եթե բյուջեի եկամուտները 25 տոկոսով ավելանում են, ինչո՞ւ են ընդամենը 6-7 տոկոսով ավելանում կենսաթոշակներն ու նպաստները: Նրանք տեսնում են, որ սա պատահական գործոնի արդյունք է ու չի ներկայացնում մեր երկրի իրական տնտեսական վիճակը: Մի օր էլ, երբ այդ պատահական գործոնը չլինի, հակառակ էֆեկտն ենք ունենալու: Դրա համար վախվորած ինչ-որ բան են ուզում անել՝ ցույց տալով, թե իբր մտածում են հանրության մասին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am