ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի հայտարարությանը, թե պետությունը դադարեցրել է Արմաթ լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը:
«Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:
ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:
Հ.Գ. ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը: