Երբևէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն և, վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «այո»․ Ալեն Սիմոնյան. Factor

Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս։ Լատվիա կատարած այցի ընթացքում Rus.LSM-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ռիգայում նա հանդիպել է իր լատվիացի գործընկեր Դայգա Միերինայի հետ, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել նախագահ Էդգարս Ռինկևիչի և արտգործնախարար Բայբա Բրաժեի հետ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանը գտնվում է դեպի Եվրամիություն ճանապարհին։ Եվ դրա համար ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից։ Հայաստանը նաև մեզ տեղեկացրեց, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,- ասել է Դաիգա Միերիան։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։

«Ուղղակի գործող անձինք են փոքր ինչ տարբեր։ Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենը ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է խաղաղություն հաստատելու։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի՝ մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը։

Հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանը անդամակցի ԵՄ-ին, Սիմոնյանն արձագանքել է այսպես․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ինչ-որ խանդի մասին․ պետք էր լինել լավ գործընկեր, պաշտպանել դաշնակիցներին և անկեղծ լինել գործընկերոջ հետ, եթե նույնիսկ այդ գործընկերը փոքր է։ Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբևէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն և վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «այո»։