«Երբ արգելում ենք բանավոր քննությունը, մենք բովանդակային առումով կորուստ ենք ունենում, բայց շահում ենք օբյեկտիվության տեսանկյունից». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում փոփոխության ծրագիրը: Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը:

– Երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն ընձեռելու մեխանիզմը դրական եմ համարում: Գործող կարգով դիմորդը զրկված է այդ երկրորդ հնարավորությունից, եթե, իհարկե, դիմորդը հարգելի պատճառով բացակայում է քննությունից, նրան տրվում է հնարավորություն մի քանի շաբաթ հետո հանձնել քննությունը:

Բայց դա բավարար չէ, որովհետև, օրինակ՝ հնարավոր է, որ դիմորդն ինչ-որ առողջական խնդիրներ ունի, կամ ինչ-որ դժբախտություն է պատահել, ու այդ պատճառով, երբ ինքն անառողջ է եղել, կամ ընտանեկան խնդիրներ են եղել, դիմորդը կարող է մի ամբողջ տարի կորցնել, իսկ այս նոր կարգը, փաստորեն, հնարավորություն է տալիս այդ ժամանակային միջակայքը մեծացնել:

Ընդհանրապես, ընդունելության քննությունը մենք չպետք է դիտարկենք միջոց, որ դիմորդին պետք է բռնենք չիմացության մեջ ու նրան ցածր գնահատենք: Քննությունը նաև սովորելու գործընթաց է, փորձ ձեռք բերելու, այսինքն՝ մարդը կարող է առաջին անգամ գնալ ուղղակի փորձի համար, հասկանա, թե ինչ է այդ քննական գործընթացը և արդեն երկրորդ անգամ ավելի փորձված ու ինքնավստահ գալ:

Կարծում եմ՝ սա շատ դրական է, մարդուն հնարավորություն է տալիս երկու անգամ փորձել ու այդ երկուսից ամենալավ արդյունքը օգտագործելու: Այս փոփոխությունը միանշանակ դրական է:                                                                                                                                                  

– Առարկայացանկի հետ կապված էլ փոփոխություններ կան, օրինակ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար այլևս դիմորդը չի հանձնելու բանավոր քննություն ու ստեղծագործական մտքին առնչվող քննությունը: Բանավոր քննություններից հրաժարումն ինչպե՞ս եք գնահատում:

– Բանավոր քննությունների խնդիրը բավական հակասական է. իմ կարծիքով՝ բանավորը քննության լավագույն ձևն է, որովհետև այն հնարավորություն է տալիս ավելի անմիջական ու ամբողջական տեսնելու դիմորդին: Այդ իմաստով բանավոր քննության հնարավորությունները շատ-շատ մեծ են, ու դա իսկապես մարդու իմացությունը գնահատելու լավագույն ձևերից է, ուղղակի այստեղ կան սուբյեկտիվիզմի խնդիր ու դրանից բխող որոշակի կոնֆլիկտ:

Օրինակ՝ բանավոր քննությունների ժամանակ հաճախ լինում են կոնֆլիկտներ, դեպքեր են եղել, երբ դիմորդը կամ իր հարազատները իրենց շատ ագրեսիվ են պահել հանձնաժողովի հանդեպ, ու այդ իմաստով բանավոր քննությունը կազմակերպիչների համար խնդրահարույց է, այն բերում է կոնֆլիկտներ, բախումներ: Գրավոր քննության դեպքում կան հստակ հանձնարարություն և մեկ ճիշտ պատասխան, այն սուբյեկտիվության տեղ չի թողնում:

Երբ արգելում ենք բանավոր քննությունը, մենք բովանդակային առումով կորուստ ենք ունենում, բայց շահում ենք օբյեկտիվության տեսանկյունից: Այնպես որ, այս փոփոխությունը բովանդակային առումով այնքան էլ լավ բան չէ, բայց հասկանալի է, որ նախարարությունը միշտ խուսափում է գլխացավանքների մեջ ընկնելուց, որովհետև, նորից եմ ասում, բանավոր քննությունը բազմաթիվ խնդիրներ է բերում:

– Պարո՛ն Խաչատրյան, չնայած այդ խնդիրներին, որ նշեցիք, այնուամենայնիվ, որոշ մասնագիտությունների պարագայում պետք չէ՞ր բանավոր քննությունը պահպանել:

– Ներբուհականի դեպքում պահպանվում է, բայց ընդունելության քննությունների ժամանակ բանասիրական, ռոմանո-գերմանական ֆակուլտետներ ընդունվողների համար բանավոր քննությունը հանվում է, ինչը, ասում եմ, որ բովանդակային առումով շատ մեծ կորուստ է լինելու:

Այլևս ոչ մեկը բանավոր չի պարապելու, գրականություն առարկան կանտեսվի, օրինակ՝ հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները բնագրեր էին կարդում, անգիրներ սովորում, որովհետև բանավոր քննության ժամանակ իրենք պետք է այս կամ այն ստեղծագործությունը վերլուծեին, իսկ հիմա դա չի լինելու, հետևաբար սա նաև ինչ-որ իմաստով ազդելու է ընթերցանության վրա: Դրա համար եմ ասում, որ բովանդակային առումով սա շատ մեծ կորուստ է, բայց դրա դիմաց մենք ստանում ենք ավելի հանգիստ քննական գործընթաց:

– Բայց դրա համար արժի՞ բովանդակությունը զոհել:

– Դա արդեն պետք է կառավարիչներին հարցնեք:

Այս փոփոխությունները հաշվի առնելով՝ ինչ եք կարծում, համալսարանները գրագիտության ի՞նչ մակարդակ ունեցող ուսանողներ կունենան:

– Համալսարաններում վերջին տարիներին ունենում ենք ավելի բևեռացված կոնտինգենտ, այսինքն՝ գալիս են շատ ուժեղ երեխաներ, որոնք շատ ավելի զարգացած ու կարդացած են, քան նախկինում էր, բայց նաև ընդհանուր միջին մակարդակի անկում ունենք, այսինքն՝ գալիս են ուսանողներ, որոնք և՛ օտար լեզուներ լավ չգիտեն, և՛ չեն կարդում, այսինքն՝ մեր կրթական համակարգը բևեռացվում է:

Պարո՛ն Խաչատրյան, իսկ ընդունելության քննությունների առարկայացանկի կամ ձևի փոփոխությամբ, գուցե՝ ավելի ճիշտ կազմակերպմամբ, հնարավո՞ր է այնպես անել, որ այդ բևեռացումը որոշ չափով վերանա:

 – Իհարկե բուհի ընդունելության քննությունն ամենակարևոր բանն է: Ես կարծում եմ, որ կրթական բարեփոխումները պետք է սկսել ընդունելության քննություններից, որովհետև միշտ բոլորը՝ և՛ աշակերտները, և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, նայում են, թե վերջում ինչ է լինելու:

Դուք կարող եք կրթական չափորոշիչներում, դասագրքերում գեղեցիկ մտքեր գրել քննադատական մտածողության, վերլուծական կարողության և այլնի մասին, բայց եթե դուք ընդունելության քննության ժամանակ դիմորդին հարցնելու եք թեստային մեխանիկական հարցեր, նա ձեր այդ քննադատական մտածողությունն ու կարողունակությունը դնելու է մի կողմ ու իր ամբողջ եռանդն ուղղի այդ թեստերը, շտեմարաններն անգիր սերտելուն:

Հետևաբար, եթե ուզում ենք դպրոցում կրթության որակը բարձրացնել, մենք պետք է որոշակիորեն ուժեղացնենք մեր ընդունելության քննության պահանջները, դրանք դարձնենք ավելի կրեատիվ, այն որակները զարգացնող, որոնք մենք ուզում ենք այդ չափորոշիչներում:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդունելության քննությունների նախապատրաստումը շտեմարաններով այնքան էլ արդյունավետ չէ:

– Այստեղ էլ պարադոքս կա. գիտե՞ք, եղել են տարիներ, երբ նախարարությունը հրաժարվել է շտեմարաններից, բայց նորից հետ են եկել դրան, որովհետև նորից բողոքներ են ի հայտ գալիս: Եթե շտեմարան չկա, այդ թեստերը կազմող հանձնաժողովն ինքը ազատություն է ստանում ու երբեմն դնում է առաջադրանքներ, որոնք հետո մեծ բողոքի տեղիք են տալիս: Ասում են, օրինակ՝ այս առաջադրանքը սխալ է կամ չի համապատասխանում դպրոցական ծրագրին, այդտեղ մեծ սկանդալներ են առաջանում:

Շտեմարանը տպելով՝ նախարարությունն իրեն ապահովագրում է, այսինքն՝ տպում է դրանք ու ասում, հարգելի՛ դիմորդներ, առաջադրանքները լինելու են այս շտեմարանի միջից, ու եթե հանկարծ շտեմարանում լինում են սխալներ կամ անհամապատասխանություններ, մինչև քննությունն այդ աղմուկը բարձրանում է, ու տվյալ առաջադրանքները քննության ժամանակ արդեն չեն լինում:

Այսինքն՝ կրկին նույն խնդիրն է, շտեմարանի դեպքում մենք որակ ենք կորցնում, որովհետև դիմորդն արդեն գիտի՝ ինչ է լինելու, մնում է անգիր անել, առանց շտեմարանի՝ ձեռք ենք բերում որակ, բայց միշտ առաջանում է ռիսկ, որ թեստը կազմողը կարող է ինչ-որ մի սխալ անել:

Պարո՛ն Խաչատրյան, իսկ այդ ոսկե միջինը ո՞րը պետք է լինի, որ և՛ որակ ունենանք, և՛ այդ խնդիրներից զերծ մնանք:

– Հայաստանում կա վստահության խնդիր: Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ իրար չեն վստահում, դրա համար, երբ դու դնում ես բանավոր քննություն, առանց շտեմարանի քննություն, այդ անվստահությունը պարարտ հող է ստանում ու սկսում է վերաճել բողոքի: Երբ անում ես շտեմարանով, գրավոր, այդ անվստահությունը բավականաչափ նվազում է:

Այո՛, ցավոք սրտի, գլոբալ խնդիր եմ ասում, մենք շատ դեպքերում որակը կորցնում ենք, այսպես ասած, քաղաքական նպատակներին հասնելու համար, որովհետև, գիտեք, որ ընդունելության քննությունների ժամանակ ծագող խնդիրները երբեմն այնպիսի մեծ թափ են ստանում, որ կարող են վերաճել նույնիսկ քաղաքական բաների:

Հիշում եք՝ երկու տարի առաջ՝ քովիդի ժամանակ, երբ ընդունելությունը մեկ քննությամբ էր, ինչ մեծ աղմուկ բարձրացավ, դրա համար աշխատում են միշտ այնպես անել, որ բողոք չլինի, թեկուզև դրանից որակը տուժի:

Փորձը ցույց է տալիս, որ որակը միշտ ստորադասվում է, ընդհանրապես, կրթության խնդիրներից մեկն էլ հենց դա է, որ հաճախ կրթությունը զոհաբերվում է՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am