«Խաղասեղանին նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է դրված»․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

– Պարո՛ն Վարդանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթով ժողովրդին ի՚՞նչ ուղերձներ հղեց։

– Ժողովրդին ուղղված մեսիջն այն էր, որ իրավիճակը ռազմաճակատում ծայրահեղ ծանր է, որ Ադրբեջանին հաջողվել է որոշ տեղերում ճեղքումներ ունենալ, և, ըստ էության, համազգային մոբիլիզացիայի ու կոնսոլիդացիայի կոչ արեց։

Իհարկե, նաև նշեց այն պատճառները, որոնք հանգեցրել են այս ամենին, իսկ դրանք այն են, որ Ալիևը բանակցություններում ապակառուցողական դիրքերից է հանդես եկել։

Եթե հայկական կողմը հանդես է եկել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի համատեքստում բանակցություններ վարելու դիրքերից, ապա Ալիևը պահանջել է հինգ շրջանները՝ դրա դիմաց ոչինչ չխոստանալով կամ, ըստ էության, խոստանալով տարածքներ՝ անորոշության դիմաց։

– Նկատի ունեք անորոշություն Արցախի կարգավիճակի առումո՞վ։ 

– Այո՛։ Ավելին, ոչ միայն անորոշ, այլև ցանկացել է, որ Արցախը լինի Ադրբեջանի իշխանության ներքո։ Այսինքն՝ Արցախի որևէ բարձր կարգավիճակի մասին՝ անկախության առումով, Ադրբեջանը չի ցանկացել լսել։ Նա հանդես է եկել ապակառուցողական դիրքերից, որը Հայաստանի համար անընդունելի է, և դա բերել է պատերազմի։

Նաև բացի համազգային կոնսոլիդացիայի, մոբիլիզացիայի մասին կոչերից, Փաշինյանը նաև միջազգային հանրությանը ուղերձ հղեց՝ ասելով, որ եթե Թուրքիային չհաջողվի կանգնեցնել, ապա այդ երկիրը իր կայսերապաշտական քաղաքականությամբ հետագայում խնդիր է դառնալու նաև նրանց, աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների համար։

Հայկական կողմը մշտապես է հայտնել, որ պատրաստ է գնալ փոխզիջման․ այդ մասին հայտարարել են ՀՀ նախկին նախագահները։ Հայկական կողմը այդ հարցը՝ հինգ շրջանների վերադարձը Արցախի անկախության դիմաց, մշտապես պատրաստ է եղել դիտարկել։

Թող ոչ մի ղեկավար չասի, թե ինքն այդպիսի հարց չի քննարկել։ Դա հայտնի իրողություն է։ Նաև՝ երբ գնում ես բանակցությունների, պետք է պատրաստ լինես՝ մի բան դու զիջել, մեկ այլ բան՝ դիմացինդ։ Ժամանակակից իրականությունում ցանկացած կոնֆլիկտ լուծվում է փոխզիջումների հիման վրա։

– Փաշինյանը ՌԴ-ին ու հատկապես՝ ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեց, բայց նաև ակնարկե՞ց, որ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվում։

– Ավելի շատ համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, և, ըստ էության, այժմ առավել, քան երբևէ, դրա համար պատշաճ պայմաններ են ստեղծվել այն առումով, որ Ադրբեջանը այսօր արդեն իսկ թիրախավորել է ՀՀ տարածքը, ռազմական տեխնիկա է ոչնչացրել Հայաստանի տարածքում, մի քանի օր առաջ էլ, կհիշեք՝ Սյունիքի մարզում դարձյալ անօդաչուներով հարվածի դեպք էր եղել։

Մեծ հաշվով, այո՛, որոշակի մեսիջ էր հղվում Ռուսաստանին, որ վերջինը իր պայմանագրային, դաշնակցային հարաբերությունները պարտավոր է կատարել Հայաստանի առաջ։

– Կրեմլից հաղորդվեց, որ ուսումնասիրում են այսօր ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարվածի հանգամանքները։ Հստակ գնահատականներ կհաջորդե՞ն դրան, ըստ ձեզ։

– Ես ակնկալում եմ, այո՛, կոնկրետ արձագանքներ, գործուն քայլեր, որովհետև սա նաև Ռուսաստանի պատվի հարցն է, և այդ մասին Կրեմլի քարոզչամեքենայի ականավոր դեմքերից մեկը՝ Սոլովյովն է նշել, որ սա նաև ապտակ էր Ռուսաստանին։

ՌԴ-ն Հայաստանի մասով հստակ պարտավորություններ ունի և՛ ՀԱՊԿ-ի, և՛ երկկողմ դաշնակցային պայմանագրերի շրջանակներում։ Այստեղ խաղասեղանին նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է դրված։

– Պարո՛ն Վարդանյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ է սպասվում, ո՞րը կարող էր լինել վերջը։ Շատերի կարծիքով՝ Ադրբեջանն ունի ներքին խնդիրներ, և այսպես չի կարող երկար շարունակել։

– Տեսեք՝ արդեն հայտնի է, որ Ադրբեջանն ունի որոշ տարածքային հաջողություններ, էլ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը և նույնիսկ հրադադարի չի գնում, փորձում է զարգացնել հաջողությունները։

Սա ակնհայտ է, և այդպես է եղել նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ուներ, որևէ կերպ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ցանկություն չուներ, և երբ սկսեցին իրար հետևից կորցնել տարածքները, այդ ժամանակ աղերսում էին հրադադար կնքել։

Ամեն ինչ կախված է պատերազմական գործողությունների ելքից՝ եթե հաջողություններ ունենանք ռազմաճակատում, մեր դիվանագիտությունը ավելի մեծ հաջողություններ կունենա մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով հրադադար ստանալու, եթե պարտվենք, ձախողումներ ունենանք ռազմաճակատում, բնականաբար, թուլացնելու է մեր դիրքերը դիվանագիտության մեջ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am