Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթի նյութերին ծանոթանալու համար նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր ՀՀ դատախազություն, սակայն վերջինս չի ներկայացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։ Նրանց պատկանող գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավարտվել է ուսումնասիրությունը, և նրանք հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը դատախազություն էր հրավիրվել սեպտեմբերի 2-ին: 

Գլխավոր դատախազություն հրավիրվելու հիմքում նշված էր. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»: