Արցախին կորոնավիրու՞սն է պակասում, որ դառնա միջազգային սուբյեկտ

Մհեր Արշակյան

Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին Հայաստանից սպասվում է առնվազն 467 դիտորդի մասնակցություն: Հայաստանից ժամանող լրագրողների կոնկրետ թիվ չկա, բայց ենթադրելի է, որ նրանց թիվը չի հասնի 100-ի: 

Պետք է ենթադրել, որ Արցախի  նախագահի 14 թեկնածուներ Հայաստանում կունենան կողմնակիցներ, որոնք անպայման կցանկանան իրենց ներկայությամբ աջակցել և քաջալերել թեկնածուին: 

Հայաստանում կորոնավիրուսն արդեն նոր բարձունքներ է գրավում, բնակչության թվի համար նույնիսկ՝ ահռելի բարձունքներ: 

Իսկ ընտրություններն ի՞նչ են՝ մարդկանց կուտակումներ տեղամասերում, ընտրական շտաբներում և փողոցներում: Արցախը մի հող է, որը պաշտպանում են հայորդիներ, այն Հայաստանի մի մասն է: 

Արցախում մտադիր չեն չեղյալ համարել ընտրությունները: Ընդամենը 6 օրից այնտեղ լինելու են ընտրություններ: Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 249 հիվանդից 4-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայահեղ ծանր: 

Հայաստանում արդեն փաստացի կարանտինային վիճակ է: Իսկ Արցախում ոչ մի վարակված չկա: 

Փառք Աստծո: 

Բայց ի՞նչ, Արցախին կորոնավիրու՞սն է պակասում, որպեսզի լինի վարակված 100-ից ավելի պետությունների նման միջազգային սուբյեկտ: Այնտեղ ընտրությունները պետք է չեղարկվեն կամ հետաձգվեն (ըստ ճաշակի կամ վարակի սպառնալիքի): 

Իսկ հիմա Արցախում քարոզարշավ է: Ոչ մի կարանտին, ոչ մի արտակարգ դրություն: Գուցե նորմալ է, որ առանց վարակի նման բացառիկ միջոցներ չեն ձեռնարկում: 

Հսկայական պետություններ են արտակարգ դրություններ հայտարարում, միլիարդանոց երկրներ: Որ դեմն առնեն: 

Արցախում չի էլ սկսել, բայց ոնց որ թե մտածում են, որ չի էլ սկսելու: 

Ընկած տնետուն քարոզարշավ են անում: Մինչդեռ պետք էր ապահովել խստիվ մեկուսացում: Հայաստանի օրինակն աչքերի առաջ է: 

Իսկ այստեղից աջակիցներն արդեն շարժվում են Արցախ: 

Հայաստանցիները, որոնք գուցե վարակակիր են գաղտնի շրջանի վերջին փուլում, արդեն մտնում են Արցախ: Կներեք, այս վարակը մարդու համար չէ, եթե նախապես ես կանգնեցնում նրան, դուք սպասում եք, որ մարդու համա՞ր լինի: 

Կանգնեցրեք այդ քարոզարշավը և ընտրությունները: 

Պատկերացրեք կուտակումները տեղամասերում: Դա անխուսափելի է, որովհետև խոսքը միայն նախագահի կամ ԱԺ ընտրությունների մասին չէ, խոսքը նախագահի և ԱԺ ընտրությունների մասին է: 

Կորոնավիրուսը Հայաստանում է իր ամբողջ «հմայքով», պե՞տք է, որ Հայաստանից այդ վարակը հասցվի Արցախ: Այդ ընտրություններին մասնակցելու է նաև զինվորականությունը: 

Նրանց մայրերը այստեղ՝ Հայաստանում Աստծուն փառք են տալիս, որ վարակը բանակ չի թափանցել: 

Բա որ թափանցե՞ց: 

Դուք պատկերացնու՞մ եք, թե անեծքի և դատապարտումների ինչ ալիք է Հայաստանից հասնելու Արցախ, արժի՞, որ չեղած տեղից Հայաստան-Արցախ հակադրություն առաջանա, երբ խոսքը նույն ժողովրդի մասին է: 

Արժի՞: Հաստատ ոչ: 

Ուրեմն ապահովության համար այդ ընտրությունները պետք է չեղարկել:

Չենք ասում, թե Արցախում էլ կարանտին մտցրեք (թեպետ չէր խանգարի): Բայց պատկերացրեք, որ վարակը մտնի բանակ ու զինվորները հերթով հոսպիտալացվեն: 

Պատկերացրեք մայրերի վիճակը այստեղ և այնտեղ: Սակայն ամենասարսափելին առջևում է: Հենց մեկ զինվոր վարակվեց, մեկուսացվելու են հարյուրավորներն իրենց հրամանատարներով: 

Իսկ դա ի՞նչ է՝ հրավեր Ադրբեջանին սկսել հարձակում: Առնվազն նման մտադրություն: Ո՞վ է լինելու դրա պատասխանատուն՝ այն հայաստանցին, որը վարակե՞ց: Բնավ ոչ: Պատասխանատուն լինելու է այն արցախցին, որը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ հայաստանցին կարող է վարակակիր լինել: 

Այստեղ պարզ պատասխանատվության հարց է: 

Կարող եք, իհարկե, բացառել Հայաստանից դիտորդների և լրագրողների մուտքը և ընտրություններն անցկացնել սեփական դիտորդներով ու լրատվամիջոցներով: Բայց դա արդեն տունտունիկ է: 

Ո՞վ է հավատալու, որ ձեր ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ: Ու՞մ եք համոզելու, որ դրանք ձեր ընտրություններն էին և ձեր ժողովրդի ընտրությունը: 

Աշխարհը նման բառերի չի նայում, աշխարհը պիտի համոզվի, պիտի շոշափի, պիտի ձեռքում բռնի ժողովրդավարությունը, որ հասկանա, թե ինչով և ինչքանո՞վ է այն հուսալի, ուժեղ դիմադրողականությամբ: 

Հետաձգե՛ք այդ ընտրությունները, որովհետև դա ձեր Արցախը չէ, դա ձեր և մեր Արցախն է և այնտեղ բոլորդ նույնքան հայաստանցի եք, որքան մենք արցախցի: 

Ձեր վարակը ձեր վարակը չէ, նաև մեր վարակն է: Այստեղ մենք մեզ դեռ ամբողջ էությամբ վարակակիր չենք զգում, քանի դեռ Արցախը երկու ոտքով կանգնած է հողին, չի հազում, չի ջերմում և չգիտի, թե ինչ է խուճապը: 

Կանգնեցրե՛ք այդ ընտրությունները գոնե երկու ամսով: 

Թեկնածուները ոչ մի տեղ չեն փախչի, Բակո Սահակյանը ավելի երջանիկ չի դառնա ևս երկու ամիս նախագահ աշխատելով, արցախցին էլ չի մտածի, թե միայն այս 6 օր հետո տեղի ունեցող ընտրություններով է Լեռնային Ղարաբաղը դառնալու միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, երկու ամիս հետո ուշ կլինի:

Մհեր Արշակյան

MediaLab.am