«Ամեն օր մի բան ենք լսում՝ վեշերը հավաքեք, կարող ա մտնեք նկուղները, վախենալով մնում ենք»․ կյանքը Մարտունիում՝ պատերազմից հետո

«Մեր տան մոտ որ կանգնում եմ, թուրքը երևում ա։ Վախենալով քնում ենք, նենց ա լինում՝ էդ ավտոմատի ձայներն են գալիս։ Լինում են էլի կրակոցներ։ Ամեն օր մի բան ենք լսում՝ վեշերը հավաքեք, կարող ա մտնեք նկուղները, ես ինչ իմանամ, էդպես վախով մնում ենք»,- «Մեդիալաբին» ասում է 38-ամյա Լուսինե Հովսեփյանը, որը անչափահաս երեխաների և ամուսնու հետ մոտ մեկ ամիս առաջ վերադարձել է հայրենիք՝ Արցախի Մարտունի քաղաք։

Հովսեփյանը պատերազմի առաջին օրերին Մարտունիից տեղահանվել էր, տեղափոխվել սկզբում՝ Կապան, այնուհետև՝ Երևան։ Լուսինեի ամուսինը՝ Արթուր Մովսիսյանը, Արցախյան պատերազմի ժամանակ «Բայրաքթարի» հարվածից վիրավորում է ստացել, վիրահատություններից և երկարատև վերականգնումից հետո արդեն ապաքինվել է և աշխատանքի անցել Արցախում՝ փրկարար ծառայությունում՝ որպես վարորդ։

«Ամուսինս նոյեմբերի 9-ին վիրավորվեց, բերեցին Երևան, ընկանք հիվանդանոցներ, վիրահատություններ արեցին, ոտքի հատվածում վիրավորում էր ստացել։ Հիմա մի փոքր կաղում ա, բայց արդեն լավ ա»,- պատմում է Հովսեփյանը։

Լուսինեն նշում է, որ ամուսնու ապաքինվելուց հետո Արցախ վերադառնալու որոշում կայացրեցին: Ասում է՝ չնայած հեշտ չէր որոշումը, քանի որ վախեր և անհանգստություններ ուներ և շարունակում է ունենալ, բայց Հայաստանում չէին կարող երկար մնալ, տուն չունեին:

«Երեխեքս դպրոց են գնում՝ 3-րդ և 6-րդ դասարան, էդ արկերը, որ պայթեցնում են, երեխեքը թռնում են տեղից։

Մինչև փետրվարի կեսերը Երևանում էինք, հիմա եկել ենք Արցախ, ինչքա՞ն կարող էինք վարձով մնալ 150 հազարով, չէինք կարող վճարել։

Ես չէի ուզում վերադառնալ, բայց հիմա ամուսինս աշխատանքի ա գնում, էստեղ տուն կա: Կարևորը՝ տունը մնացել է, պատուհանները կարգավորեցին, ապրում ենք»,- ասում է կինը։

Նա նշում է, որ, ճիշտ է՝ վախով վերադարձել են, բայց հույսով սպասում են, որ լիարժեք խաղաղություն լինի, որ կարողանան երեխաներին հանգիստ մեծացնել։

«Երեք կռիվ ենք տեսել, չեմ ուզում, որ մեր երեխեքն էլ տեսնեն։ Խաղաղություն ենք ցանկանում, որ մարդիկ կարողանան նորմալ ապրել»,- ասում է Լուսինեն:

Արփինե Արզումանյան

MediaLab.am