Դժբախտ է այն երկիրը, որ ունի հերոսների կարիք. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան,  «հերոս» բառի ձեր սահմանումը ո՞րն է, ու այսօրվա հերոսները որքանո՞վ են համապատասխանում այդ սահմանմանը։

– Ես, անկեղծ ասած, ընդհանրապես մի փոքր վերապահումով եմ այդ կոչմանը վերաբերվում, յուրաքանչյուրն իր չափորոշիչներն է դնում դրա տակ։ Բերթոլդ Բրեխթի «Գալիլեո Գալիլեյ» պիեսից մի արտահայտություն, որին ամբողջությամբ համապատասխանում է իմ մոտեցումը:

Գիտեք, որ Գալիլեո Գալիլեյն ասում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, և նրան ստիպել էին հրաժարվել այդ մտքից, դատական նիստ էր եղել, ու պիեսը դրա մասին է։ Տեսարանը, որտեղ Գալիլեյն ասում է, թե ինքը հրաժարվում է այդ մտքից, իր աշակերտներից մեկը, որը դատարանի դահլիճում է նստած, ասում է․ «Դժբախտ է այն երկիրը, որ չունի հերոսներ»: Գալիլեյը պատասխանում է. «Դժբախտ է այն երկիրը, որ ունի հերոսների կարիք»: 

Ես, անկեղծ ասած, այդ մոտեցման կողմնակիցն եմ, եկեք այդ հասկացություններից մի քիչ հեռու լինենք, մարդիկ են, որոնք ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ու կարող է սայթաքել, ու երբ դու նրան շնորհում ես նման կոչում՝ «հերոս», կարծես թե այնպիսի պարտավորություն ես դնում նրա վրա, որ վերջինս այլևս չի կարող ապրել նորմալ, մարդավարի կյանքով։ 

Մենք գիտենք, թե ինչպիսի վիճակում հայտնվեցին պատերազմական հերոսները մեզ մոտ, ես կխուսափեի, ճիշտն ասած, այդ կոչումը տալուց, ուրիշ բան կա, որ ինչ-որ մարդիկ կարող են իրենց կյանքով օրինակ ծառայել այլոց համար, որովհետև հաջողել են, կարողացել են իրենց տաղանդով, քրտինքով հասնել ինչ-որ բաների։ 

«Հերոս» գուցե այդ իմաստով օգտագործենք, բայց էլի չեմ սիրում այդ բառը, երբ մենք ասում ենք «հերոս» մեզանից հեռացնում ենք այդ մարդուն, որովհետև հերոսությունը յուրաքանչյուր մարդու բան չէ: 

Բայց երբ կան օրինակելի մարդիկ, երբ հասկանում ենք, որ մեզ նման մարդ է եղել ու հասել է ինչ-որ բարձունքների, մենք հասկանում ենք, որ մենք էլ կարող ենք դա անել, ճանապարհը փակ չէ, դա հատուկ ընտրյալների համար չէ: Այնպես որ, ես հատուկ վերապահումով եմ մոտենում այդ բառին, բառին, ոչ թե մարդկանց, որոնց դա շնորհվում է։ Ես կիսում եմ Գալիլեյի կարծիքը. «Դժբախտ է այն երկիրը, որն ունի հերոսների կարիք»։

– Վերջին շրջանում մեր երկրում հաճախ են հերոսի կոչումներ շնորհվում, նկատի ունենալով ձեր մոտեցումը այս կոչման նկատմամբ, ստացվում է, որ մեր երկիրը դժբա՞խտ է, որ անընդհատ հերոսներ է փնտրում։

– Չէ՛, ես չեմ կարծում, որ մենք դժբախտ երկիր ենք, ճիշտն ասած, ուղղակի պետք է առաջնորդվել ավելի պարզ ու հասկանալի հասկացություններով, շատ է օգտագործվում այդ «հերոսացում» բառը։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ուզում ենք մարդկանց համար ինչ-որ օրինակներ բերել ու ասել, որ տեսեք՝ դուք պետք է սրանց նմանվեք: Ոչ մեկին չպետք է նմանվել, յուրաքանչյուրը պետք է գտնի իր ճանապարհը, ու յուրաքանչյուրի համար պետք է այդ հնարավորությունը ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան իսկապես մեր երկրում իրենց բացահայտել ու կայանալ։ 

Ես հասկանում եմ, որ կա շատ մեծ խնդիր ու այդ խնդիրը կա՝ անկախ նրանից, թե ով է այսօր իշխանության, ով ոչ, ցույց տալ, որ այս երկրում էլ կարելի է հասնել հաջողությունների, որովհետև մեզանում տարածված է հանրային կարծիք, որ հաջողությունների հասնելու համար պետք է գնաս այս երկրից, սա շատ վտանգավոր մոտեցում է։ 

Ես ինքս այն մարդկանցից եմ, որն այս երկրում ամենադժվար տարիներին կայացրեց թատրոն, վերջիվերջո, ես չեմ համարում, որ ես հերոս եմ, անկեղծ ասած, բայց ես համարում եմ, որ կարելի է անել: Իմ՝ թատրոն կայացնելու ճանապարհին երեք թե չորս նախագահ եմ փոխել, մի տասնմեկ մշակույթի նախարար, բայց դա չի խանգարել ինձ այդ գործունեությունը ծավալել ու թատրոնը հասցնել այն վիճակին, որը ճանաչելի ու պահանջված լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ես չեմ համարում, որ սա հերոսություն է, բայց ես համարում եմ, որ սա ապացույց է, որ ցանկության դեպքում կարելի է սրան հասնել։

– Ձեր գնահատմամբ՝ մեր օրերում այդ կոչումներն ինչ-որ չափով արժեզրկվե՞լ են, պարո՛ն Բաբայան։

– Կարծում եմ՝ կոչումներն արժեզրկված են եղել ի սկզբանե, ես միշտ դեմ եմ արտահայտվել կոչումներին, ինքս ստացել եմ, շատ պատահաբար իմացել եմ դրա մասին հեռուստատեսությամբ, ոչ մի տեղ չեմ գրել այդ կոչմանս մասին, եթե դուք թատրոնի կողքով անցնեք, նայեք թատրոնի ազդագրերին՝ կտեսնեք, որ պարզապես գրված է՝ թատրոնի ղեկավար՝ Ռուբեն Բաբայան և վերջ։ 

Ես նաև շատ լավ գիտեմ, թե ինչ հնարավորություններ են տալիս այդ կոչումները՝ ղեկավարել մարդկանց: Կան մասնագիտական մրցանակներ, որոնք տարբեր երկրներում տալիս են մասնագիտական խմբեր, միջազգային փառատոներ, մրցույթներ ու այնտեղ ստանալ նմանատիպ մրցանակներ, լավորակ դառնալ, իսկապես մեծ պատիվ է:

Կան պետական շքանշաններ ցանկացած երկրում, դա էլ է ճիշտ մոտեցում, բայց այդ կոչումախառը բաները, որ գալիս են Սովետական Միությունից, իրականում ունեին միայն մեկ նպատակ՝ մտավորականությանը պահել ձեռքի տակ, ու ասեմ ևս մի բան. ես թատրոն եմ ղեկավարել և՛ այն տարիներին, երբ կոչում չկար, և այն տարիներին, երբ կային կոչումներ։ 

Այդ կոչումներն ահավոր փչացնում էին ստեղծագործական կոլեկտիվներում բարոյական մթնոլորտը, դերասաններն ավելի շատ մտածում էին կոչումներ ստանալու մասին, նախանձում էին իրար, գնում էին ամբողջ օրը նախարարի ընդունարան, որպեսզի կոչում ստանան, քննարկման առարկա էր դառնում՝ ինչո՛ւ այս մարդը ստացավ կոչում, մյուսը՝ չստացավ։ 

Երվանդ Մանարյանը՝ իմ ուսուցիչը, որը սիրված էր ամբողջ հանրության կողմից, բոլորը նրան ճանաչում էին, նա հրաշալի մասնագետ էր, հրաշալի մարդ, բայց ոչ մի կոչում չուներ սովետական տարիներին, նրան կոչում տվեցին, երբ վերականգնեցին կոչումները, հետո մահվանից մոտավորապես մեկ տարի առաջ նրան տվեցին երրորդ կոչումը՝ ժողովրդական արտիստ, բայց արդյոք այդ կոչո՞ւմը նրան դարձրեց իսկապես ժողովրդական, ո՛չ իհարկե։ 

Մեր Կոմիտասի անվան պանթեոնը, արդյոք բոլոր նրանք, ովքեր այնտեղ հանգչում են, այնտեղ պետք է լինեին։ Մյուս տարի լրանում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, նա համաշխարհային մեծություն է, ես կարծում եմ, որ նա պետք է հանգչի այնտեղ՝ պանթեոնում, ժամանակը ցույց տվեց դա ու հակառակը՝ ժամանակը ցույց տվեց, որ ինչ-որ անուններ լրիվ մոռացվեցին, ու եթե նույնիսկ արվեստով զբաղվող երիտասարդների հարցնեք որոշակի մարդկանց անուններ, որոնց աճյունն այնտեղ է, նրանք չեն ճանաչի։ 

Փառք Աստծո, կոչումներից հրաժարվեցին, հրաժարվեցին նաև դերասանական կարգերից, որովհետև դերասանը երշիկ չէ, որ լինի առաջին կամ երկրորդ կարգի։ Մարդը պետք է գնահատվի կոնկրետ աշխատանքով ու այդ գնահատականը տեսնում է ոչ թե նման փուչիկ բաների մեջ, այլ նաև ֆինանսական աջակցության մեջ։ Սրանք ավելի կարևոր հարցեր են։ 

Ես ձեզ կարող եմ պատմել, թե ես ինչպես եմ կոչում ստացել: Ես միշտ դեմ եմ արտահայտվել կոչումներին, մեկ էլ ստանում եմ կոչում, ոչ այն է՝ հրաժարվեի, որովհետև այն ժամանակ ինչ-որ հանրահավաքներ էին ընթանում, ու ես բացարձակապես ցանկություն չունեի, որ դա որպես քաղաքական ակցիա ընկալվի։ Երբ մեզ հրավիրեցին նախագահական, Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը, կոնկրետ կոչումները հանձնում էին ապրիլի 1-ին, և ես այնտեղ փոքրիկ ելույթ ունեցա, ասացի՝ մեծ խորհուրդ եմ տեսնում, որ մենք այս կոչումները ստանում ենք ապրիլի 1-ին, որովհետև դա մեզ թույլ չի տա ծանրանալ այդ կոչման քաշի տակ։ 

Ես կարծում եմ, որ իրական արվեստագետը, գիտնականը այնքան հաճույք են ստանում կոնկրետ այն գործից, որն անում են, որ այդ կոչումներն իրական արվեստագետի, գիտնականի համար բացարձակապես որևէ նշանակություն չունեն, նա դրա համար չի աշխատում, գնահատականը, բարի եղեք, ֆինանսական ձևով արտահայտել, այլ ոչ թե փուչ թղթերով ու ժետոններով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am