ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի բնակիչները շարունակում են ապրել ու արարել՝ ի հեճուկս թշնամու:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիչանի համայնքապետ Արտո Հակոբյանը:
«Թշնամու դիրքը մեր գյուղից շատ մոտ է տեղակայված: Բայց դա մեզ չի խանգարում ապրել կյանքի բնականոն հունով, շարունակել ստեղծել, արարել ու շենանալ: Գյուղն ունի 200 բնակիչ:Պատերազմից հետո ընդունել ենք Հովտաշենից մեկ ընտանիքի, երկու օրից էլ կընդունենք Քաշաթաղի շրջանից ևս մեկ ընտանիքի: Դպրոցն ունի 80 աշակերտ: Մանկապարտեզ չունենք: Գյուղամիջյան ճանապարհներից 300 մետր սալապատել ենք, նախատեսում ենք 200 մետր էլ սալապատել:Գյուղում գործում է համայնքապետարան, որի շենքում են տեղակայված բուժկետն ու ակումբը. շենքը գտնվում է վատթար վիճակում: Ունենք նաև հանդիսությունների սրահ»,- նշեց Ա. Հակոբյանը:
Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ գյուղը տվել է 1 զոհ, իսկ համագյուղացիներից 1֊ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պատերազմից հետո շուրջ 20 հա. վարելահող անցել է թշնամու տիրապետության տակ, իսկ գյուղացիների խոշոր եղջերավոր անասունները շատ հաճախ անցնում են թշնամու տարածք և այլևս հետ չեն վերադարձվում: