Առաջարկել եմ, որ պետությունը նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցի օրավարձով աշխատողներին. Միքայել Մելքումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը

– Պարո՛ն Մելքումյան, հայտնի է, որ Լարսը կրկին փակ է, բեռնատարները կրկին կանգնած են: Ընդհանրապես, այնտեղ մշտապես ավտոմեքենաների կուտակումներ են լինում: Դուք մշտապես հետևում եք Լարսում ստեղծված իրավիճակին, ի՞նչ է ձեզ հայտնի այնտեղ տիրող վիճակի մասին:

– Ես ամենօրյա կապի մեջ եմ համացանցի օգնությամբ: Ներկայումս տեղաշարժի կանգը պայմանավորված է եղանակային պայմաններով, դրա համար էլ հերթ է կուտակվել, իսկ բեռնատարների մասով խնդիր չկա: Արտակարգ դրության պայմաններում փակվել են ուղևորափոխադրումները, իսկ բեռնափոխադրումների մասով խնդիր չկա, դրանք գալու են Հայաստան: 

– Որոշ պանիր արտադրողներ արդեն բողոքում են, որ արտահանման հետ կապված խնդիրներ կան: Տեղյա՚՞կ եք խնդրից

– Ռուսաստանը, ելնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, պարբերաբար միջոցառումներ է իրականացնում, և այդ միջոցառումների իրականացման ռեժիմը նաև ԵԱՏՄ երկրների միջև որոշակի պայմանավորվածությունների միջոցով է տեղի ունենում: Կոնկրետ պանիր արտադրողների մասով, եթե դա առաջացել է վերջին 2-3 օրերի ընթացքում, կարող է ինչ-որ նոր միջոցառման հետևանք լինել, բայց եթե դա կապված չէ ֆիտոսանիտարիայի կամ նման խնդիրների հետ, բեռների առաքման արգելափակում չկա: 

– Լարսի խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում: Այս խնդրի մասին բազմիցս է խոսվել, սակայն որևէ լուծում մինչ այժմ չկա: 

– Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լաստանավեր ձեռք բերի, որովհետև Լարսի ճանապարհը, միևնույն է, մեզ չի բավարարելու: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ եթե ամառը բացվի, պտուղ-բանջարեղենը պետք է ռուսական շուկա գնա, ապա Լարսի թողունակությունը փոքր է: Լարսի անցակետը օրենքով օրական պետք է 120 մեքենա բաց թողնի, բայց 800 մեքենա է թողնում երկու ուղղություններով: Այնպես որ, մենք այլընտրանք չունենք, քան լաստանավի խնդրի լուծումը:

– Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ տնտեսության համար ի՞նչ մարտահրավերներ կան մեր առջև ծառացած: 

– Լրջագույն մարտահրավերներ են: Նախ՝ ամենախոցելի ոլորտները, որ իրենց վրա միանգամից զգում են այս իրավիճակի փոփոխությունը, հյուրանոցային համակարգն է, զբոսաշրջությունը, ավիացիան, ծառայությունները, ոչ սննդային ապրանքների առևտուրը, ռեստորանները, պանդոկները, ինչպես նաև սպասարկման ոլորտը՝ սկսած վարսավիրանոցներից և այլ ծառայություններից: 

Մարդիկ ակտիվ չեն այցելում նման վայրեր, և շրջանառությունն ընկնում է: Ինձ արդեն հայտնի է, որ շատերը կասեցնում են իրենց գործունեությունը, որովհետև շրջանառություն չկա, բայց պետք է մարդկանց աշխատավարձ տաս, օրական հաստատուն ծախսերը կատարես: 

Մարդիկ չեն տեղավորվում: Այստեղ երկու տիպի մարտահրավեր կա: Տեսեք՝ մենք ունենք 610 հազար վարձու աշխատող, եթե գյուղացիներին չհաշվենք։ 

Այդ 610 հազարից 180 հազարը պետական ոլորտի աշխատողներն են, որոնք պետական երաշխիքներ ունեն, նրանց ասվել է, որ իրենց վճարվելու է։ Մնացած 430 հազարից մի մեծ մաս կա, որ ապրում ու աշխատում է օրվա աշխատանքով։

Ասենք՝ մարդը տաքսու վարորդ է, մատուցող է, բարմեն է, վարսավիր է, վաճառող է, նրանք օրական իրենց 4-5 հազարն ստանում են, ապրում։ Եթե չստանա, խնդիր է առաջանում, հատկապես, եթե տան միակ աշխատողը այդ խավից է։

 Այդ առումով ես առաջարկել եմ, որ պետությունը նվազագույն աշխատավարձի չափով անպայման փոխհատուցի օրավարձով աշխատողներին։ Այս հարցը պետությունը պետք է որևէ կերպ լուծի, հատկապես որ մենք ունենք 550 հազար սպառողական վարկ ունեցող վարկառուներ, ու եթե նրանք իրենց օրվա աշխատավարձը չեն ստանում, ապա առաջանում է պրոբլեմ։ 

Ասենք թե, 2 ամսով վարկը սառեցրինք, բա 2 ամիս հետո ի՞նչ է լինելու։ Մարդը պետք է ապրի, պետք է կոմունալներ վճարի։ Այստեղ համալիր լուծում պետք է լինի, այս 550 հազար մարդը չեն կարող գնալ բանկերի հետ անհատական աշխատել։ 

Էլ չեմ ասում, որ բանկերը այդ մարդկանց հետ չեն էլ ուզում այս օրերին շփվել, որովհետև վարակի տարածման տեսանկյունից դա ևս խնդիր է։ Հիմա պետությունն ուզի-չուզի պետք է սուբսիդավորի, որովհետև այդ մարդիկ պետք է ապրեն։ Սա առաջին մեծ խավն է։ 

Երկրորդը փոքր ու միջին բիզնեսն է, որոնք նույնպես փակվում են։ Այս դեպքում այդ մարդկանց մոտ հարկեր են առաջանում, նաև վարկերի խնդիր։ Մենք պետք է որոշակի արձակուրդային ռեժիմ տանք կամ հետաձգենք, կամ էլ հասցեական սուբսիդավորենք։ 

Այսինքն՝ կամ պետությունը պետք է հասցեական սուբսիդիա տա, որ այդ մարդը հարկերը վճարի, կամ էլ պետք է հարկերից ժամանակավոր ազատի։ Եվ վերջապես, երրորդ խավը մի քիչ ավելի միջին ու խոշոր բիզնեսն է, որոնք կարող են գնալ բանկերի հետ անհատական աշխատել, ասել՝ ապրանքը չի իրացվում, չեմ կարողանում արտահանել։ 

Եթե փոքր ու միջին բիզնեսը 67 հազար են, ապա խոշոր բիզնեսը 10-12 հազար է։ Այսինքն՝ պետությունը այլ ելք չունի, քան պետական խոշորածավալ ներդրումներ անելը։ 

Ընդ որում, այդ խոշորածավալ ներդրումները պետք է օպերատիվ անել, ոչ թե սպասել, որ վիրուսը վերջանա՝ նոր։ Իսկ դա նշանակում է, որ պետք է «Գնումների մասին» օրենքը փոխենք, որովհետև 110 տոկոս ֆինանսական ռեսուրսների կամ գույքի սառեցում է պահանջում։ Հիմա ո՞վ է տանելու գույքը սառեցնի։ 

Սա պետք է փոխվի։ Բաներ կան, որ պետք է օրենքով անել, որ վիրուսից հետո չմեղադրեն, թե այդ ամենը թափանցիկ չի եղել, փոխկապակցված անձինք կան և այլն։

Ժամկետները օրենքով պետք է կրճատվեն, որպեսզի արագընթաց, արդյունք բերող միջոցառումները օրենքով կարգավորվեն։ 

– Արտահանում իրականացնող տնտեսավարողներին ի՞նչ դժվարություններ են սպասում, և դրանք մեղմելու ի՞նչ քայլեր պետք է արվեն։

– Արտահանումն էլ է տարբեր լինում։ Մի բան է, որ դու պղնձի խտանյութ ես արտահանում կամ ֆերոմոլիբդեն, մի բան է խմիչք, մի այլ բան սնունդ, մի բան է մեքենաշինական արտադրանք կամ բարձր տեխնոլոգիաներ։

Պղնձի գինը Լոնդոնի բորսայում վերջին 10 օրում 6 հազար դոլարից իջել է 5 հազարի։ Այսինքն՝ պղնձի խտանյութ արտահանող մեր ընկերությունները արդեն մինուսով են աշխատում։ 

Մենք այսօր պղնձի գների առումով խնդիր ունենք, եթե այս վիճակը երկար շարունակվի, քանի որ մեր արտահանման մոտ 30 տոկոսը պղնձի խտանյութն է։ Ինչ վերաբերում է խմիչքին ու սննդի արտադրանքին, ապա խմիչքի մասով էլի արտահանումն անպայման կնվազի, որովհետև, մասնավորապես, Ռուսաստանում դրա պահանջարկը իջնում է, այնտեղ էլ մարդիկ չեն աշխատում։

Եթե չեն աշխատում, նշանակում է՝ փող չկա, որ այդ խմիչքը առնեն, սպառեն։ Որոշ բացառություններ կարող են լինել սննդի այն տեսակները, որոնք ամենօրյա սպառման համար անհրաժեշտ են, և դրանց պահանջարկի նվազում չի լինի։ 

Մենք այս պայմաններում կունենանք արտահանման կառուցվածքի փոփոխություն ոչ հօգուտ ամենօրյա սպառման։ 

Այս պայմաններում կառավարությունը պետք է անպայման ուսումնասիրի այդ ուղղությունները և ուղենշի ընկերություններին, թե որտեղ կան նոր հնարավորություններ։

Օրինակ՝ «Սպայկան» գիտի իր անելիքը։ Բայց ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ հանկարծ փոքր ու միջին բիզնեսները իրար հետևից չսկսեն փակվել՝ պահանջարկ չլինելու պատճառով։ 

Մենք պետք է հաշվենք, թե քանի հազար մարդ է այդ ոլորտներում աշխատում, որ կարող են անգործ մնալ։ Այս դեպքում պետությունը պետք է պետական ներդրումներ անի երկու ուղղություններով։ Նախ՝ խոցելի խավի համար պետք է սուբսիդավորում անի, իսկ այն ոլորտներում, որտեղ պետությունը կարող է ներդրում անել բիզնեսներում, այդ դեպքում էլ գուցե այդ պրոֆիլի այդքան աշխատող էլ չկա։ 

Արագ պետք է վերապատրաստման գործընթացներ իրականացնեն։ Օրինակ՝ պետությունը այն ոլորտներում, որտեղ արդեն գիտի, որ պետք է մեծածավալ ներդրումներ անի, պետք է իմանա, որ էս-էս մասնագիտությունների գծով է պահանջարկ առաջանալու, և արդեն հիմա պետք է մարդկանց վերապատրաստի, որ այդ ոլորտներում աշխատեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am