Ստիպված կոչե՞ր.ընդդիմության մաթեմատիկան փոխվում է` «1+1»–ը վերածվում է «1+5»-ի

Ստիպված կոչե՞ր.ընդդիմության մաթեմատիկան փոխվում է` «1+1»–ը վերածվում է «1+5»-ի
Ստիպված կոչե՞ր.ընդդիմության մաթեմատիկան փոխվում է` «1+1»–ը վերածվում է «1+5»-ի

«Մինչև սեպտեմբերի 30 հավաքեք ևս 5 մարդ հանրահավաքի մասնակից և հնարավորություն ստացեք շահել Ազատ և Անկախ Հայաստան 3 մլն ուղեգրերից մեկը»:
Այս ստատուսը հայտնվեց Հայ ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջում այն բանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ հրահանգեց հավաքվածներին հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրին իր հետ ևս 5 հոգու բերել: Ըստ ՀԱԿ առաջնորդի` սա երկրում փոփոխություններ պահանջելու արդյունավետ միջոց է:

«Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին»,- իր ելույթում նշեց ՀԱԿ առաջնորդը:

Սակայն, քաղաքական վերլուծաբանները պնդում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը «լավ կյանքից չեն»:

«Քաղաքացին պարտավոր չէ իր հետ մարդ բերել: Կոնգրեսն է պարտավոր այնպես անել, որպեսզի մարդիկ առանց կողքից խնդրելով իրենք գան»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա կարծիքով, քանի որ շարժումը ղեկավարում է Հայ ազգային կոնգրեսը, ապա ՀԱԿ-ը ինքն է վերցրել իր վրա պատասխանատվությունը իշխանափոխություն անելու համար, այսինքն ինքն էլ պետք է «մարդ բերի»:

Մինչդեռ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրները համաձայն չեն այս մտքի հետ: Նրանք կարծում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջն արդարացի է: «Մեդիալաբի» հետ զրույցում նրանք պնդում են, որ եթե չլիներ «լրատվական շրջափակումը» մարդիկ իրենք էլ կգային հանրահավաքի, բայց շատերը պարզապես տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում երկրում:

«Քանի որ այսօր ընդդիմությունը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ հասարակության մոբիլիզացիաի համար միակ ճանապարհը դա մեր համակիրների միջոցով ժողովրդի նախապատրաստումն է քաղաքացիական անհնազանդության: Այսօր կա դժգոհություն, կա փոփոխության ցանկություն, սակայն մեծամասամբ խոհանոցում և այս պատճառով այո այս մարդկան պետք է բերել հրապարակ ու նրանց բողոքը դարցնել գործոն, շատ ազդեցիկ գործոն Երազանքների Հայաստանի կերտման գործում»,- «Մեդիալաբին» ասում է ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը:

Մինչդեռ անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է կոչ անում քաղաքացիներին մարդ բերել: Նա հասկանում է, որ այսօր արևմուտքն իր հիմնական խաղադրույքը դրել է Սերժ Սարգսյանի վրա: Այս դեպքում, կտրուկ, ռադիկալ քայլերի գնալու համար Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է, որ առնվազն հասարակության լայն զանգվածները հետևեն իրեն:

«Ես Տեր-Պետրոսյանին համարում եմ պեսիմիստ քաղաքական գործիչ, այսինքն ինքը պատկանում է այն քաղաքական գործիչների շարքին, ովքեր չեն հավատում քաղաքական ինչ-որ մեծ հաջողությունների, եթե չկա ազդեցիկ աջակցություն դրսից, կամ որևէ այլ գործոն: Եվ այդ իմաստով, նա չի գնա վճռական գործողությունների: Սակայն քանի որ իր շրջապատում մարդիկ կան, որոնք իրեն մեղադրում են, որ ինքը չի գնում ռադիկալ քայլերի, այստեղ առաջ է գալիս կոմպրոմիսային տարբերակը: Եթե դուք ուզում եք, որ ես գնամ ռադիկալ քայլերի, ապա ապահովեք զանգվածներ»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Երվանդ Բոզոյանը կանխատեսում է, սակայն, որ շուտով նման հայտարարություններ ու ելույթներ հաճախակի կդառնան, և միշտ չէ, որ դրանց հեղինակը կլինի ՀԱԿ առաջնորդը:

«Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանը մոտենում է նախընտրական թոհուբոհին, ապա կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերն էլ փորձելու են զանգվածներ հավաքել, կոնսոլիդացնել իրենց կողքը, և բնականաբար բոլորն էլ նույնատիպ հայտարարություններով են հանդես գալու, որ երկրում թալան է, անօրինականություններ են և այլն, և այլն: Այսինքն այդ իմաստով Տեր-Պոտրսյանի ինդետիֆիկացիան էլ կկորի այդ համատարած հայտարարությունների մեջ»,- կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Իր հերթին քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն այնքան էլ ճիշտ չի համարում կարծիքները, թե Հայ ազգային Կոնգրեսի դիրքերը թուլացել են: Ըստ քաղաքագետի նման բաները չի կարելի հաշվարկել հիմք ընդունելով հանրահավաքի մասնակիցների քանակը:

«Ընդդիմության ազդեցիկ կամ ոչ ազդեցիկ լինելը չի որոշվում հանրահավաք եկած մարդկանց թվով: Սակայն, մարդկանց թիվը դեռևս բավարար չէ իշխանափոխություն անելու համար: Դրա համար կարող ենք ասել, որ ոչ թե չի թուլացել, այլ արդյո՞ք ուժեղացել է: Ես կասեի, որ` ոչ, դեռ ընդդիմությունը չի ուժեղացել»,- «Մեդիալաբին» կարծիք է հայտնում Արմեն Բադալյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am