«Սրանց վրա պետք է բենզին լցնել ու վառել, սրանք պիտի երեխա չունենան». ՄԻԱՎ վարակակիր հղիները՝ խտրականության զոհեր

«Սրանց վրա պետք է բենզին լցնել ու վառել, սրանք պիտի երեխա չունենան». ՄԻԱՎ վարակակիր հղիները՝ խտրականության զոհեր
«Սրանց վրա պետք է բենզին լցնել ու վառել, սրանք պիտի երեխա չունենան». ՄԻԱՎ վարակակիր հղիները՝ խտրականության զոհեր

«Ես զարմանում եմ, թե ոնց են սրանց նմաններին թողնում երեխա ունենան, սրանց սաղին պիտի վառեն»,-ասել է մայրաքաղաքի ծննդատներից մեկի բուժքույրը՝ ՄԻԱՎ վարակակիր հղի Անիից արյուն վերցնելիս:

Անին ասում է՝ այդ խոսքերը լսելիս՝ քարացել էր, վախից դողում էր, բայց բուժքույրը շարունակել է՝ «սրանց վրա պետք է բենզին լցնել ու վառել, սրանք պիտի երեխա չունենան»:

Անիի հղիությունը սպասված էր ընտանիքի համար, ամուսինները մի քանի տարի պայքարում էին, բուժվում էին երեխա ունենալու համար, բայց նրան ուղարկել էին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն եւ այնտեղ առաջին անգամ լսելով իր՝ ՄԻԱՎ վարակ ունենալու մասին՝ տարակուսել է.

«Ապշել էի, չէի հասկանում ինչ էր կատարվում, նույնիսկ ուշաթափվեցի: Հետո պարզեցի, որ նախկին ամուսնուցս եմ վարակվել, նա թմրամոլ էր, ես երկար չապրեցի նրա հետ»,-«Մեդիալաբին» ասում է նա:   

Արյան անալիզ հանձնելը ու նման կշտամբանքներ լսելը ՄԻԱՎ վարակակիր հղիի համար դեռ առաջին փորձությունն էր, նրան առավել վիրավորական, նվաստացուցիչ վերաբերմունք էր սպասվում ծննդաբերության ժամանակ:

Անին պատմում է, երբ մոտեցել է ծննդաբերության ժամանակը, հետազոտող բժշկուհին կնոջը մտահոգված տեղեկացրել է, որ անհապաղ ծննդալուծում է պետք, քանի որ երեխայի կյանքի վտանգ կարող է սպառնալ: 

Սակայն, ինչպես վստահեցնում է Անին, այս լուրը նրան հսկող եւ հետո ծնունդն ընդունող բժշկին շատ չի անհանգստացրել. Վերջինս փոխանակ հղիին պատրաստի ծննդաբերության, հորդորել է սպասել.

«Ասեց՝ հա, ոչինչ, գնա տուն սպասի, կզանգեմ: Գնացի տուն ու հաջորդ գիշերը վատացա, առավոտյան մերոնք բերեցին ինձ հիվանդանոց, արնահոսում էի, պտղաջրերս սպառվել էին, բայց բոլորն անտարբեր էին, բժշկուհիս չմոտեցավ ինձ, քար անտարբերություն, վստահ եմ՝ այդ արհամարհական ու անտարբեր վերաբերմունքը միայն նրա համար էր, որ ՄԻԱՎ վարակակիր եմ»,-դառնությամբ ասում է նա:

Անին ասում է, երբ արյան մեջ կորած նրան տարել են ծնարան, մահու եւ կյանքի կռիվ էր տալիս, բայց բուժաշխատողները խուսափում էին մոտենալ, շորերը հանել, կատետր դնել.

«Ինձ ասում էին՝ ինքդ արա, բայց ես ո՞նց անեի: Իսկ բուժքույրը երբ տեսավ արյունն, ասաց՝ վայ, ես ոնց հիմա կատետր դնեմ, չեմ կարա: Ես եմ մի կերպ շորերս հանել: Պիտի ողնաշարիցս ներարկում անեին, ես դողում էի ցավերից, բայց զզվում էին ինձ մոտենալ, բռնել: Աննկարագրելի սթրես եմ ապրել, ոչ ոքի չեմ ցանկանա նման վերաբերմունք»:

Անին կեսարյան հատումով պիտի երեխա ունենար, այդպես է բոլոր ՄԻԱՎ հղիների դեպքում: Հետո, երբ կատարվել էր կեսարյան հատումը, ինչպես պատմում է Անին, ծնունդ ընդունող բժիշկը նոր եկել է ծնարան, բայց երեխայի ծնունդն ինքը չի ընդունել, այլ մեկ ուրիշ, նոր, երիտասարդ բժիշկ, որն իր տարբերություն մյուսների, շատ հոգատար է եղել:

«Բժշկուհին անգամ կարեր դնելուն ներկա չի եղել…թողեց գնաց: Վիրահատությունից հետո երկու ժամ ուժեղ ցավերից գալարվում էի, բոլորին սրսկում էին, ինձ չէին մոտենում, խնդրում,աղաչում էի ինձ էլ սրսկեն, բանի տեղ չէին դնում: Հետո վերակենդանացման բաժանմունքից բոլորին տարել էին սենյակ, ինձ կրկին բանի տեղ չէին դնում, մինչեւ մայրս եկավ, «վերաբերմունք» ցույց տվեց մի քանիսին, ինձ էլ տարան, բայց վճարովի: Չնայած, որ մենք վճարովի պալատի համար գումար չունեինք, ստիպված համաձայնվեցինք»,-պատմում է Անին:

Մյուս փորձությունն արդեն հիվանդանոցից դուրս գրման օրն էր. մանկաբարձուհին Անիին ասել է՝ «դե թղթի մեջ գրեմ, որ էրեխեդ էլ ՄԻԱՎ-ով հիվանդ է»:

Այս խոսքերից հետո Անին սարսափել է, միթե հետազոտություն արվե՞լ է, եւ երբ կրկին հատուկ վերաբերմունք են ցուցաբերել բուժաշխատողին, փոքրիկին մանկաբարձուհին ՄԻԱՎ վարակ չի «կպցրել»: Անիի երեխան առողջ է ծնվել, նա ՄԻԱՎ վարակ չունի:

Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման հավանականություն կազմում է 1-2 տոկոս:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի սոցաշխատող Լիլիթ Ալեքսանյանն ասում է, որ ՄԻԱՎ-ով հղիները պարբերաբար դժգոհում են հիվանդանոցի բուժանձնակազմի խտրական, վիրավորական վերաբերմունքից. Նրանք նաեւ նեղսրտում են, որ իրենց ընդհանուր հիվանդասենյակ չեն տանում, այն դեպքում երբ վճարովի սենյակի համար գումար չունեն:

«Հիվանդանոցում պատճառաբանում են, իբր ՄԻԱՎ վարակակիր կինը չի կարող   պառկել մյուսների կողքին, կարող է վարակի: Եղել է դեպք, երբ մի բժիշկը մյուսին ծննդկանի մոտ ասել է՝ իրան չուղարկես էդ սենյակ, էնտեղ իմ հղին է պառկելու: Բայց չէ՞ որ ՄԻԱՎ վարակը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում»,-ասում է Ալեքսանյանը:

Լիլիթ Ալեքսանյանը վստահեցնում է, որ նման դժգոհություններից հետո փորձում են խոսել, աշխատանքներ տանել հիվանդանոցի աշխատակազմի հետ:  

«Հիմա մի քիչ փոխվել է վիճակը, գիտեմ, որ այդ նույն բուժաշխատողներն այլեւս նման բան թույլ չեն տալիս»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է, որ ՄԻԱՎ վարակակիր հղիների ծննդալուծումը  պահանջում է որոշակի հմտություն եւ հնարավորություններ՝ առաջին հերթին՝ անջուր կենսարյան հատում, ինչը ամեն մասնագետ չի կարող անել, ուստի այդ հղիներ միայն տվյալ հիվանդանոցում են ծննդաբերում եւ ստանում համապատասխան բուժում:

Ավագյանը վստահեցնում է, որ  այդ հիվանդանոցի մասնագետները վերապատրաստված են նման  խնդիրներ լուծելու համար: Ինչ վերբերում է բուժանձնակազմի խտրական եւ վիրավորական վերաբերմունքին, ապա Ավագյանն ասում է, որ  նրանք իրավունք չունեն այդպես վարվելու.

«Վերապատրաստումը 10 տարի առաջ է եղել, հնարավոր է աշխատակիցներ են փոխվել: Կարծում եմ, կարիք կա նոր վերապատսրատումների, դասընթացների, որպեսզի նման խնդիրներ չլինեն: Ի վերջո այդ կանայք որեւէ մեղք չունեն, նրանք դժբախտ են…  մեծ մասը վարակվել է ամուսիններից»,-«Մեդիալաբին» ասում է Ավագյանը:

Այնուամենայնիվ, Ավագյանը նկատում է, որ բուժաշխատողների նման վերաբերմունքը գուցե ինքնապաշտպանության կամ վախի հետեւանք է:

«Բուժաշխատակիցները ունիվերսալ, անձնական պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկում՝ ձեռնոցներ, ակնոցներ, դիմակ, գլխաշոր եւ այլն, որպեսզի պտղաջրի եւ արյան հետ շփում չլինի: Բայց կարող է մատը ծակի, սա վտանգ է»,-ասում է Ավագյանը:

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ով հղիներին միտումնավոր վճարովի սենյակ տեղափոխելուն, ապա Ավագյանն ասում է, որ հաճախ տեղեկությունը տարածվում է, եւ ՄԻԱՎ վարակակիր ծննդկանը տեղափոխելով ընդհանուր սենյակ, մյուս կանանց կողմից է խտրական վերաբերմունքի արժանանում:

Հանրապետության գլխավոր գինկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ  տվյալ ծննդատանը ստեղծում են բոլորի համար հավասար պայմաններ: Բայց գուցե, ըստ Աբրահամյանի,  բուժաշխատողը ծանրաբեռնված է եղել, խնդիրներ է ունեցել, ուստի կոշտ է վերաբերվել ՄԻԱՎ վարակ ունեցող հղի Անիի հետ: Աբրահամյանն ասում է, հաճախ ՄԻԱՎ վարակակիր հղիների հարազատներն են պնդում, որ իրենց ծննդկանին առանձին սենյակ տանեն:

Հիմա Անին իրեն երջանիկ մայր է զգում, նրա կյանքը լցնում է իր փոքրկը, 2-րդ երեխա չի ցանկանում ունենալ, քանի այն ծննդատունը, որտեղ նա անմարդկային վերաբերմունքի է արժանացել, միակն է հանրապետությունում, որն ընդունում է ՄԻԱՎ վարակակիր հղիներին:

«Ես չեմ վախենում ՄԻԱՎ-ից, ամուսինս առողջ է, երեխաս առողջ է, ես դեղերս խմում եմ, վիրուսը ցածր է ինձ մոտ, բայց որ մտածում եմ, եթե երկրորդ երեխային էլ այդ դաժան բուժաշխատողների մոտ պիտի ունենամ, չեմ ուզի»,-«Մեդիալաբին» ասում է Անին:

Հերոսի անունը փոխված է, եւ հենց նրա խնդրանքով ծննդատան անունը չենք նշել, որպեսզի մյուս հղիները չխուսափեն այդ ծննդատնից:

Նելլի Բաբայան 

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

© Medialab.am